Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Ոսկե բանալի՝ Շիրակի մարզպետարանին

28.09.2017



Այսօր Երեւանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում անցկացվել է «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին, շնորհվել է հետևյալ անձանց և կազմակերպություններին.

Ամենաբաց գերատեսչություն ճանաչվեց ՀՀ Շիրակի մարզպետարանը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը (լուսանկարում):

Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Հանքարդյունավետության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի www.geo-fund.am պաշտոնական կայքը:

Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը:

Տեղեկատվության ազատության մասին օրենքն ամենաակտիվ օգտագործող հանրային գործիչ ճանաչվեց Անահիտ Բախշյանը:

Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան ճանաչվեց «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Դավիթ Ասատրյանը:

Տեղեկատվության ազատության մասին օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց ճանաչվեց «Հետք» առցանց լրատվամիջոցը:

Այս տարի առաջին անգամ ԻԱԿ-ի կողմից Հատուկ մրցանակ շնորհվեց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանին՝ որպես տեղեկատվության տրամադրումն ամենաարագն ու արդյունավետն ապահովող պատասխանատու:

Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը՝ Ժանգոտ կողպեքը, տրվեց Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես 2017թ.-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-մարմին: 

Աղբյուրը՝ Երկիր Մեդիա հ/ը, www.yerkirmedia.am

← Վերադառնալ ցուցակին