Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

"Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը մարդիկ պետք է ամեն օր իրենց վրա զգան"

28.07.2015

Կրթությունը, առողջապահությունը, ոստիկանությունը եւ պետական եկամուտների ոլորտները ամենաթիրախայինն են եւ հակակոռուպցիոն պայքարը պետք է լինի այս ոլորտներում: Այսօր` հուլիսի 28-ին, կառավարությունում տեղի ունեցող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքերով, հանրությունը եւս գիտակցում է այդ պայքարը եւ ակտիվորեն մասնակցություն է ունենում: Պարոն Հարությունյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար 750 հազար դոլարով մասնակցություն է ունենալու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր չներկայացնելու կամ ոչ ամբողջական, կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ որպես պատիժ ընտրվել է վարչական պատասխանատվությունը: Տուգանքը կարող է լինել 100 հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամ, մինչդեռ միջազգային փորձը ուսումնասիրելով՝ Սիրանուշ Սահակյանը պարզել է, որ 87 երկրներում տուգանքներ կիրառվում են հայտարարագիր չներկայացնելու կամ ուշ ներկայացնելու դեպքում, քրեական պատասխանատվության էլ ենթարկվում են այն պաշտոնատար անձինք, որոնք կեղծ տեղեկություն են ներկայացնում: 

Պատիժները լինում են նաեւ աշխատանքից ազատելով, պաշտոնն իջեցնելով, նկատողություն տալով: Տիկին Սահակյանն առաջարկեց քննարկման առարկա դարձնել նաեւ քրեական պատժի հարցը եւ վերանշյալ պատժամիջոցների կիրառումը:
 
Խորհրդի նիստին ներկա «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) ղեկավար Շուշան Դոյդոյանն ասաց, որ տարիներ ի վեր կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն չենք ունեցել եւ այսօր կառավարության եւ խորհրդի աշխատանքի համար քաղհասարակության վստահությունն է պետք, ինչի համար խորհուրդն, իսկապես, պետք է աշխատանք կատարի, ինչը մարդիկ ամեն օր պետք է զգան իրենց վրա: Շուշան Դոյդոյանն ասաց, որ տեղեկատվության ազատությունը, տեղեկատվության մատչելիությունն օգնում են կոռուպցիայի դեմ պայքարին:
 
Իր ելույթի վերջում կենտրոնի ԻԱԿ ղեկավարն ասաց, որ ունի չորս բալիկ, եւ ուզում է, որ նրանք ապրեն կոռուպցիայից զերծ երկրում: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք որեւէ կաշկանդվածություն չունենք, մենք շատ բաց ենք, թափանցիկ ենք եւ կնպաստենք, որ յուրաքանչյուր կոռուպցիոն ռիսկ վեր հանվի քննադատվի եւ պատժվի»:
 
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 
Աղբյուրը՝ aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին