Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

ԻԱԿ-ը դրական է գնահատում տեղեկատվության տրամադրման կարգի մասին Արդարադատության նախարարության մշակած նախագիծը

29.05.2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 27-ին մասնակցել է "Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին" ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի հանրային քննարկմանը: Այն կազմակերպվել էր "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:

Ինչպես "Արմենպրես"-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, "Ինֆորմացիայի ազատության կենտրոն"-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ քաղաքացիական հասարակությունն այս նախագծին սպասել է ավելի քան 12 տարի: "ՀՀ արդարադատության նախարարությունը 2014 թվականի սեպտեմբերին ձեռնամուխ եղավ այս նախագծի մշակմանը և ներառեց հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների 90 տոկոսը, ինչը ես դրական եմ գնահատում",- ընդգծել է ՀԿ նախագահը:

ՀՀ ԱՆ կազմակերպական-իրավական վարչության Իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի բաժնի պետ Շուշանիկ Ղուկասյանն աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացրել է տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված, նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման, պահպանման կարգը, ինչպես նաև Նախարարություններում նախարարներին կից ստեղծվող հանրային խորհուրդների մասին նախագիծը: Նրա խոսքով, ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 31-ի թիվ 32 որոշմամբ բաց կառավարման գործընկերության շրջանակում նախատեսվել է տարանջատել ներկայում գործող կոլեգիաները և նախարարին կից խորհուրդները, ինչպես նաև պետք է ապահովվի խորհուրդների ձևավորման բաց, թափանցիկ ընթացակարգը:

"Այս նախագիծը միտված է նրան, որ բոլոր նախարարություններին կից անպայման ստեղծվեն հանրային խորհուրդներ, ինչի նպատակն է առաջարկներ և դիտողություններ ներկայացնել նախարարությունների բարեփոխումների, կատարած աշխատանքի, ինչպես նաև նախարարությունների կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, նախագծերի վերաբերյալ",- ասել է նախարարության ներկայացուցիչը և ընդգծել, որ թե՛ ԶԼՄ-ները, թե՛ հասարակական կազմակերպությունները խորհրդում կներգրավվեն կախված իրենց գործունեության բնույթից:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծերը Արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության արդյունք են: Կառավարության գործունեության կարևորագույն ուղղություններից է կառավարության գործունեության թափանցիկության ապահովումը, իսկ ներկայացված հանրային խորհուրդների գործունեությանն առնչվող նախագիծը նպատակ ունի ապահովել նախարարությունների կողմից որոշումների ընդունման գործընթացում հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Նախարարի տեղակալը անդրադարձել է հանրամատչելի տեղեկատվության հրապարակմանը, էլեկտրոնային շտեմարանների ներդրման հարցերին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը տեղեկատվության ապահովման ոլորտի օրենսդրության կատարելագործման հարցերով:

Աղբյուրը` Արմենպրես
 

← Վերադառնալ ցուցակին