Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Ազգային ժողովը ճանաչվեց ամենափակ գերատեսչությունը

27.09.2013

Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ այսօր «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները կատարելու համար ճանաչվեց լավագույնը։

Այս տարի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակները, եթե նախկինում մեկն էր լինում, չորսն էին. ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերությունը։ Երեւանի քաղաքապետարանը ամենադանդաղ պատասխանող մարմին ճանաչվեց՝ կապված քաղաքացիների հարցումներին ուշ արձագանքելու հետ, առցանց լրատվամիջոցներից Panorama.am-ը ստացավ «Ոսկե բանալի»՝ որպես ՏԱ հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց, իսկ լրագրող Հասմիկ Համբարձումյանն էլ ստացավ օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու համար նախատեսված «Ոսկե բանալին»:

«Ոսկե բանալին» չհասցրեց ստանալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքոնյանը, քանի որ նա այսօր դատական նիստի էր, իսկ այդ պատվաբեր մրցանակին էլ արժանացել է որպես ՏԱ խախտված իրավունքը վերականգնած դատավոր։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, որը ճանաչվեց որպես ամենահամառ եւ հետեւողական պայքարող իրավաբան, բացակայում էր հանրապետությունից:

ՀՀ սփյուռքի նախարարությունն էլ հիշվեց՝ 2 դրական մրցանակներից մեկը նրան շնորհվեց՝ ժամանակին եւ լիարժեք պատասխաններ տալու համար։ Նախարարություններից «Ոսկե բանալի» ստացավ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգը, որը ճանաչվեց նաեւ լավագույն ինտերնետային պաշտոնական կայք։

Հասարակական կազմակերպություններից՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝ որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած լրատվամիջոց։ Նշենք, որ այս մրցանակաբաշխությունը 11-րդ անգամ է անցկացվում։ Ողջույնի խոսքերով հանդես եկան ինչպես Հայաստանում ԱՄՆ դեսպանը, այնպես էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Ռուզան Մինասյան

Աղբյուրը` aravot.am

 


← Վերադառնալ ցուցակին