Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Parking city-ի շուրջ կրքերը գնալով թեժանում են. դատական հայց ներկայացնելը ռազմավարական նշանակություն ունի
08.08.2013
"Ինֆորմացիայի ազատության կենտրոնը" պատրաստվում է դատի տալ Parking city-ին եւ այդ առնչությամբ այսօր լրագրողներին մեկնաբանություններ է տվել կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը:
Վճարովի ավտոկայանատեղերում տեսանկարահանող սարք տեղադրելու իրավական ակտի պատճեններն ստանալու համար կենտրոնը դիմել է Ճանապարհային ոստիկանություն: Ոստիկանությունը պատասխանել է` դիմեք Երեւանի քաղաքապետարան, քաղաքապետարանը թե` դիմեք վճարովի ավտոկայանատեղերի աշխատանքների կազմակերպմամբ զբաղվող կենտրոնին` Parking City ընկերությանը:
Parking Cityi-ն հրաժարվել է փաստաթուղթը տրամադրել` պատճառաբանությամբ, թե իրենք հանրային ծառայություններ չեն մատուցում եւ պարտավոր չեն հանրությանը տեղեկություններ տրամադրել:
Գեւորգ Հայրապետյանն ասել է, որ դատական հայց ներկայացնելը առավելապես ռազմավարական նշանակություն ունի:
"Եթե այս կազմակերպությունը ասում է՝ հանրային ծառայություններ չեմ մատուցում, ինչո՞ւ ենք, ուրեմն, մենք նրան վճարում: Մեր վճարած գումարի 30 %-ը գնում է քաղաքապետարան, 70%-ն` ընկերությանը: Այդ 70%-ից գոնե 0.5% շահույթ իրենք ունե՞ն, թե՞ ոչ: Եթե ունեն, չի՞ ստացվում, որ մենք նրան վճարում ենք, իրենք ստանում են եկամուտ: Եթե ծառայություն չի մատուցում, ինչո՞ւ ենք վճարում: Սա բաց հարց է, ու չի բացառվում, որ դատարանը դրան գնահատական տա",- ասաց իրավաբանը:
Աղբյուրը` yerkirmedia.am