ՏԱ ուսուցումներ
Իրականացված
Հրապարակայնության ապահովումը Երեւանի վարչական շրջաններում
22.12.2009

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը խոսեց տեղեկատվության ազատության, հրապարակայնության անհրաժեշտության մասին, նաեւ ներկայացրեց ՏԱ օրենքը, իսկ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանն էլ խոսեց ՏԻՄ-երի պարտականությունների մասին:
ԻԱԿ նախագահը մասնակիցներին ներկայացրեց հրապարակայնության ապահովման մի քանի ձեւեր. վարչական շրջանի ղեկավարի որոշումները թաղապետարանի շենքում փակցնելը, այդ որոշումների տեղադրումը ինտերնետային կայքերում, հրապարակայնության ապահովումը առանձին բուկլետների տեսքով, ինչպես նաեւ` համայնքներում տեղեկատվական ցուցատախտակների տեղադրում, որոնց միջոցով առավել մատչելի ձեւով հնարավոր կլինի ապահովել տեղեկատվության ազատությունը:
Նաեւ առաջարկ արվեց հրապարակայնության ենթակա տեղեկատվությունը տեղադրել բարձրահարկ շենքերի վերելակներում: Ներկայումս Երեւանի գրեթե բոլոր բազմահարկ շենքերի վերելակներում տեղադրված են ցուցատախտակներ, որոնց վրա, սակայն, փակցված է գովազդ: Վարչական շրջանին վերաբերող միակ տեղեկատվությունը “Թեժ գծի” հեռախոսահամարն է: Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ իրենց մոտ այդ ցուցատախտակների վրա մի քանի տողով կա նաեւ վարչական շրջանի վերաբերյալ տեղեկատվություն:
Ներկաները նույնպես կարծում էին, որ անհրաժեշտ է միջոցեր ձեռնարկել հրապարակայնության ապահովման համար: “Սակայն վարչական շրջանի ռեսուրսները չեն բավարարում. միջոցներ չկան ցուցատախտակներ պատրաստելու, վարչական շրջանները չունեն ինտերնետային կայքեր, բուկլետներ կամ թերթ ունենալու համար եւս չկան նախատեսված գումարներ”:
ԻԱԿ նախագահն էլ պատասխանեց, որ կարելի է օգտվել ամենաէժան եւ կարճ ճանապարհից. Պարտադիր հրապարակման ենթական տեղեկատվությունը տեղադրել վարչական շրջանի շենքի պատերին:
Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում:
Դավթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչներն առաջարկեցին նմանատիպ հանդիպումներ անցկացնել նաեւ բնակչության շրջանում: