Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

Ի՞նչ պահանջես 4-րդ դասարանի կրթությամբ պաշտոնյայից

16.10.2006

§Մենք շատ ենք կարեւորում տեղեկատվության ազատությունը, բայց արի 4-րդ դասարանի կրթություն ունեցող պաշտոնյային հասկացրու, որ չխախտի օրենքը: Չի ստացվի. նա նույնիսկ օրենք կարդալ չի կարող¦,- խոստովանեց Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը հոկտեմբերի 13-ին Աշտարակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ ԱռԹիԱյ-ի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:

 

Արագածոտնի մարզպետարանի, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների 31 պաշտոնյաներ հավաքվել էին` ԻԱ կենտրոնի փորձագետների հետ քննարկելու §Տեղեկատվության ազատության մասին¦ ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան: Հիմնական բանախոսներ ԻԱ կենտրոնի փորձագետներ Մարինե Հակոբյանը եւ Լիլիթ Սիմոնյանը խոսեցին համայնքային խնդիրները լուծելու գործում §ՏԱ մասին¦ օրենքի դերի ու նշանակության մասին՝ ներկայացնելով բազմաթիվ օրինակներ եւ հայաստանյան, եւ միջազգային պրակտիկայից:

 

Մարզպետարանի աշխատակից Ռոբերտ Հակոբյանը կարծիք հայտնեց, թե օրենքը լիարժեք չի գործում մեր ազգի մենթալիտետի պատճառով: §Մարդիկ սովոր են վերեւներին դիմել։ Գյուղապետարանի հետ կապված ամենահասարակ հարցով բնակիչը տասնյակ կիլոմետրեր է կտրում-անցնում մարզպետին տեսնելու համար: Ինչ ուզում ես արա, աստիճաններին կնստի, բայց մինչեւ անձամբ մարզպետին չտեսնի, չի գնա¦:

 

Ի պատասխան՝ Լ. Սիմոնյանը նշեց, որ մեղավորը ոչ թե գյուղացին է, այլ գյուղապետարանի աշխատակիցները. §Եթե նրանք հետեւեն §ՏԱ մասին¦ օրենքի պահանջներին ու աշխատեն բաց եւ թափանցիկ, նման խնդիրներ չեն ծագի¦,- ընդգծեց նա:

 

Մ. Հակոբյանն էլ մանրամասն ներկայացրեց պարտադիր հրապարակման ենթակա 13 խումբ տեղեկությունների ցանկը, քաղաքացուն հետաքրքրող տեղեկություններին պատասխանելու կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ` մերժման օրինական հիմքերը:  Բոլոր մասնակիցներին ԻԱ կենտրոնը բաժանեց թեմային առնչվող տպագիր նյութեր:

← Վերադառնալ ցուցակին