ՏԱ ուսուցումներ
Իրականացված
Պաշտոնյաներին ո՞վ է պաշտպանելու
22.06.2006
«Ինֆորմացիան թանկ է, եւ այն չենք կարող հենց այնպես տրամադրել»,- այսպես են պատասխանել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին, երբ նա Լոռու մարզի սոցիալական մարմիններից փորձել է ճշտել մարզում իրականացվող մոր եւ մանկան ծրագրերի ու մանկահասակ երեխաների մասին վիճակագրական տվյալներ: Պաշտոնյան հարցնում էր, թե նման դեպքերում իրենց ո՞վ է պաշտպանելու: ԻԱ կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ընդգծեց, որ տեղեկատվություն փնտրողը, անկախ զբաղեցրած պաշտոնից, պաշտպանվում է «ՏԱ մասին» օրենքով:
Քննարկման ընթացքում Ալավերդու քաղաքապետարանի իրավաբան Սասուն Խեչումյանը դժգոհեց նրանից, որ հաճախ իրենք, քաղաքացուն տեղեկատվություն տրամադրելով, ստիպված են լինում նաեւ վերջինիս համար այն դարձնել մատչելի` վերապատմելով, ասենք, շարադրված տեքստի բովանդակությունը, ինչը, ըստ նրա, պաշտոնյայի պարտականությունը չէ: Սրա հետ համաձայն չէր ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը: Նա նշեց, որ նման խնդիրները հեշտությամբ կարելի է լուծել ճիշտ կառավարման դեպքում. «Պետականորեն հաշվարկված է, թե բնակչության թվին համապատասխան կոնկրետ ինչքան վարչական աշխատողներ են պետք: Ուղղակի հաստիքացուցակը կազմելիս հստակ պետք է տարանջատել` ով ինչով է զբաղվելու»,- ասաց Մ. Հակոբյանը եւ հավելեց. «Վերջին հաշվով ՏԻՄ-երն իրենց պարտականությունները լիարժեք կատարելու համար կարող են ունենալ նաեւ պայմանագրային աշխատողներ` նրանց համար որպես աշխատավարձ սեփական բյուջեից տարեկան կտրվածքով հատկացումներ անելով»:
Քննարկման ավարտին Վանաձորի քաղաքապետի օգնական Խորեն Գասպարյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին, իր բնորոշմամբ` նման օգտակար եւ արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար: