ՏԱ ուսուցումներ
Իրականացված
Դիմում ուղարկել ենք, իսկ հարցում` երբեք
08.05.2006
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետը մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի գյուղապետարանում մի խումբ երիտասարդների ծանոթացրեց տեղեկություն ստանալու իրավունքին:
Երիտասարդներն առաջին անգամ էին լսում, որ իրենք իրավունք ունեն մասնակցելու համայնքի ավագանու նիստերին. «Ի՞նչ իմանանք, թե ավագանին ո՞ր օրն է նիստ անելու»: Պարզվեց` այս համայնքում ևս ավագանու նիստի օրն ու օրակարգը 7 օր առաջ չի հրապարակվում , ինչպես սահմանված է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքով:
Քննարկման մասնակիցներն ասում էին, որ դիմումներ գրել են, սակայն տեղեկատվություն ստանալու հարցում երբեք չեն ուղարկել: «Ի տարբերություն գրավոր դիմումների,- նշեց ԻԱԿ-ի փորձագետ Պապին Մուրադյանը,- տեղեկատվություն ստանալու հարցմանը տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է պատասխանել ոչ թե 15, այլ` 5-օրյա ժամկետում»:
Լիճքի երտասարդները կարծում են, որ ցանկացած բնագավառին տիրապետելու հիմքում ընկած է իրազեկ լինելը, իսկ «ՏԱ մասին» ՀՀ օրենքը տալիս է այդ հնարավորությունը: Ներկաներից ոմանք պատրաստվում էին իրենց հետաքրքրող հարցերով դիմել Գեղարքունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին:
Քննարկման արդյունքում Կրթության զարգացման ակադեմիայի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ Վահագն Դաբաղյանը և Լիճքի գյուղապետարանի գլխավոր ֆինանսիստ Խաչիկ Հոխիկյանը խոստացան առաջիկայում համայնքի բյուջեն ներկայացնել գյուղի բնակչությանը: