Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

Ուսուցում Արարատի մարզում

27.04.2006

«Ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, եթե այսպես շարունակվի, Երեւանը կդառնա քաղաք-պետություն»,- ասաց Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանն ապրիլի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:
   

Մարզի 36 գյուղապետեր, ավագանու անդամներ, մարզպետարանի ու քաղաքապետարանների աշխատակիցներ հավաքվել էին Արարատ քաղաքում ԻԱ կենտրոնի եւ ԱռԹիԱյ կազմակերպության հետ համատեղ քննարկելու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան: ԻԱ կենտրոնի փորձագետ Լիլիթ Սիմոնյանը ընդգծեց տեղեկատվություն տնօրինող մարմինների գործունեության հրապարակայնության ապահովման կարեւորությունը, իսկ ԻԱ կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, խոսելով համայնքային խնդիրները լուծելու գործում «ՏԱ մասին» օրենքի դերի ու նշանակության մասին, բերեց ե′ւ հայաստանյան, ե′ւ միջազգային պրակտիկայից ամենատարբեր օրինակներ:

ԻԱ կենտրոնի փորձագետներին արված հարցադրումները վկայում էին ներկա պաշտոնյաներից շատերի օրենքնը կիրառելու իմացության եւ հմտության մասին: ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկայացրեց օրենքում ամրագրված պարտադիր հրապարակման ենթակա 13 խումբ տեղեկությունների ցանկը, որոնք տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են առնվազն տարին մեկ անգամ հրապարակել: Մասնակիցներից շատերը խոստովանեցին, որ մինչ այդ այս ցանկը չեն հրապարակել եւ խոստացան մարդկանց համար տեսանելի վայրում փակցնել դրանք` այսուհետ աշխատելով բաց եւ թափանցիկ:

← Վերադառնալ ցուցակին