Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

78 քաղծառայող վերապատրաստվեց ԻԱԿ-ում

11.06.2013

Մայիսի 31-ին ավարտվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթացը: Մայիսի 13-ին մեկնարկած ծրագրին 5 տարբեր խմբերով մասնակցեցին ՀՀ 11 մարզերի 78 քաղծառայող: 

Դասընթացի առաջին հատվածում մասնակիցները ծանոթացան տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտին, ոլորտում առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև տեղեկատվություն (այդ թվում նաև էլեկտրոնային) ստանալու և տրամադրելու եղանակներին, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցները գործի բերումով ծանոթ են թեմայի հիմնական դրույթներին ԻԱԿ փորձագետներ Լիանա Դոյդոյանը և Գևորգ Հայրապետյանը իրենց զեկույցներում շեշտը դրեցին հիմնականում մասնակիցների պրակտիկ աշխատանքում հանդիպող խնդիրների վրա, ներկայացրին դրանց լուծման իրավական ճանապարհներն ու դրանց ապահովման հիմնական սկզբունքները: Բանախոսները տվյալ խնդիրների լուծաման գործում ունեցած սեփական հաջող փորձը գործընկերներին ներկայացնելու հնարավորություն տվեցին նաև մասնակիցներին:

Դասընթացի երկրորդ հատվածը վերաբերում էր հանրային կապերի պլանավորմանն ու քաղաքացիների հետ հաղորդակցման ուղղակի և անուղղակի ձևերին: Այս դեպքում ևս բանախոսը՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, թեման ներկայացնելիս առաջնորդվում էր տվյալ խմբի անդամների բարձրաձայնած խնդիրներով: Նույն գերատեսչության աշխատակից լինելը օգնում էր բանախոսին հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել վերհանված խնդիրների մասին և առաջակել ոչ միայն ճիշտ այլև հայաստանյան իրականության մեջ կիրառելի լուծմներ:

Դասընթացի մյուս մասում խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը ներկայացնում էր քաղաքացիական ծառայության զարգացման միտումները, իսկ ավելի ուշ քննարկման թեման միջանձնային հարաբերություններն էին (քաղաքացիների հետ հաղորդակցում, ղեկավար-ենթակա հարաբերություններ):

Երկօրյա վերապատրաստման վերջում մասնակիցները նաև ծրագիրը գնահատելու, սեփական առաջակություններն ու կարծիքները ներկայացնելու հնարավորություն էին ստացել: Գնահատման թերթիկների համարձայն՝ մասնակիցների շուրջ 44%-ը աշխատանքային քննարկումները գնահատել են շատ օգտակար, 54.5%-ը՝ շատ օգտակար: Մասնակիցներից միայն մեկն է կարծիք հայտնել, որ ներկայացված թեմաներն այնքան էլ օգտակար չէին:

Մասնակիցների բացարձակ մեծամասնությունը նշել է, որ տվյալ թեմայով գիտելիքները լրացնելու կարիք էր զգում (հարցին բացասական են արձագանքել 78-ից միայն 3-ը) և համոզվածություն հայտնել, որ ստացած գիտելիքը միանշանակ կօգտագործեն առօրյա աշխատանքում: Ուշագրավ է, որ մասնակիցներից մեկը նշել է, որ հաճույքով կկիրառեր ստացած բոլոր տեղեկությունները, սակայն մտահոգություն է հայտնել, որ աշխատանքային միջավայրը ամեն դեպքում դրա հնարավորությունը չի տա:

Բոլոր մասնակիցները, բացի մեկից, նշել են, որ խորհուրդ կտային իրենց գործընկերներին մասնակցել այս վերապատրաստման ծրագրին: Աշխատանքային զեկույցների և դրանց ընթացքում ներկայացված տեսողական նյութերի արդյունավետությունը մասնակիցները գնահատել են լավ և գերազանց (գրեթե հավասար՝ 50/50): Նույն գնահատականին են արժանացել նաև վերապատրաստման ընդհանուր կազմակերպումն ու ղեկավարումը, իսկ թեմաների ներկայացման մատչելությունը մասնակիցների 80 %-ի կողմից գնահատվել է գերազանց: Ի դեպ, այս հանգամանքի մասին մասնակիցներն իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել նաև գնահատման թերթիկի «Մեկնաբանություններ» հատվածում:

Մասնակիցները հնարավորություն ունեին գնահատելու ոչ միայն զեկույցներն ընդհանուր առմամբ, այլև բանախոսներից յուրաքանչյուրին առանձին-առանձին: Հիմնականում բարձր և գերազանց գնահատական ստացած բոլոր 4 բանախոսներից ամենաշատ «գերազանց»-ի արժնացել է Քաղծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը, ում զեկույցներն ու աշխատաոճը գերազանց են գնահատել բոլոր մասնակիցները՝ բացառությամբ 2-ի (վերջիններս բանախոսին գնահատել են «լավ»):

Մասնակիցների՝ գնահատման թերթիկի «Մեկնաբանություններ» հատվածում թողած հիմնական առաջարկությունները վերաբերում են ծրագրի ժամկետներին և ներկայացվող թեմաների խորությանը: Մասնակիցները հավատացած են, որ վերապատրաստման տևողությունը պետք է լինի առնվազն մեկ շաբաթ, որպեսզի իրենց աշխատանքի համար խիստ կարևոր այս թեմաները ավելի մանրամասնորեն ներկայացվեն, իսկ զեկուցումները հնարավոր լինի զուգորդելու կոնկրետ հարցերի շուրջ քննարկումներով և փորձի փոխանակմամբ: Մասնակիցների մի մասը կարծիք է հայտնել, որ որոշ քննարկումներին մասնակցեին նաև ներկայացուցիչներ ԶԼՄ և ՀԿ ոլորտներից, քանի որ աշխատանքային հիմնական տարաձայնությունները, որպես կանոն, հասարակության հենց այս ակտիվ հատվածի հետ են լինում:

Առաջարկություններ են ներկայացվել նաև դասընթացի թեմաների մասին մասնակիցների շրջանում նախնական հարցախույզ անցկացնելու և ըստ դրանց արդյունքների ժամանակացույց կազմելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երկօրյա վերապատրաստման դասընթացն իրականացվում էր ԻԱԿ-ի կողմից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Խորհրդի ապրիլի 17-ի N 305-Ա որոշմամբ հաստատված ուսումնական ծրագրի համապատասխան։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացել են պետական նմուշի վկայականներ:

ԻԱԿ իրականացրած ՏԱ ուսուցումների մասին կարող եք կարդալ այստեղ:
 

← Վերադառնալ ցուցակին