ՏԱ ուսուցումներ
Իրականացված
ԻԱԿ-ը վերսկսում է քաղծառայողների դասընթացները
10.05.2013
Մայիսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մեկնարկում է «Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթացը 82 քաղաքացիական ծառայող տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների համար:
Երկօրյա դասընթացներն իրականացվում են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ՝ Խորհրդի ապրիլի 17-ի N 305-Ա որոշմամբ հաստատված ուսումնական ծրագրի համապատասխան։ Ծրագրում ընդգրկված թեմաները մասնակիցներին կներկայացնեն ԻԱԿ փորձագետներ Լիանա Դոյդոյանը և Գևորգ Հայրապետյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը և խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը:
Դասընթացի առաջին հատվածում մասնակիցները կծանոթանան տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտին, ոլորտում առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև տեղեկատվություն (այդ թվում նաև էլեկտրոնային) ստանալու և տրամադրելու եղանակներին, մերժման հիմքերին: Դասընթացի երկրորդ հատվածը վերաբերում է հանրային կապերի պլանավորմանն ու միջանձնային հարաբերություններին (քաղաքացիների հետ հաղորդակցում, ղեկավար-ենթակա հարաբերություններ):
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան պետական նմուշի վկայականներ: Ծրագիրը կամփոփվի մայիսի 30-ին:
ԻԱԿ իրականացրած ՏԱ ուսուցումների մասին կարող եք կարդալ այստեղ: