Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

ՏԱ կրթական կենտրոնում վերապատրաստվեց 400 համայնքային ծառայող

07.11.2012

 

2011-2012թթ. Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 400 համայնքային ծառայող ստացավ գիտելիք տեղեկատվության ազատության և միջանձնային հարաբերությունների վերաբերյալ:

Համայնքային ծառայողները վերապատրաստվել են «Միջանձնային հարաբերությունները, տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը տեղական ինքնակառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրով, որը 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 129-Ա հրամանով հաստատել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Դասընթացը բաղկացած է երկու հատվածից` ամբողջականության հիմունքները քաղաքացիական ծառայության համակարգում և տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում: Այս դասընթացի շրջանակներում քաղաքացիական ծառայողներին ուսուցանվում է տեղեկատվության ազատության իրավունք, “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման պրակտիկա, տեղեկատվություն ստանալու և տրամադրելու եղանակները. տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը. բողոքարկում և տեղեկություն ստանալու իրավունքի խախտման պատասխանատվություն, տեղեկատվության էլեկտրոնային կառավարման մեթոդներ, ինչպես նաև պաշտոնյաների էթիկա, կոմունիկացիայի կառուցվածք.քաղաքացիների սպասարկում, միջանձնային հարաբերությունների տեսակներ. ղեկավար-ենթակա հարաբերություններ. միջանձնային հարաբերություններն աշխատավայրում: Յուրաքանչյուր դասընթաց տեւում է 3 օր:

Բանախոսներն են.
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը,
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը,
“Հայ պետական ծառայողների միություն” ՀԿ-ի նախագահ Վաչե Քալաշյանը,
ՀՀ Գլխավոր դատախազի մամլո խոսնակ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Սոնա Տռուզյանը,
ՀՀ Ազգային Ժողովի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը,
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գեւորգ Հայրապետյանը:

Բոլոր մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին դասընթացներից` նշելով, որ կրկին կցանկանային մասնակցել նմանատիպ ուսուցման ԻԱԿ-ի կրթական կենտրոնում: Իրենց գնահատման թերթիկներում համայնքային ծառայողների 89%-ը դասընթացը գնահատել է շատ օգտակար, իսկ 11%-ը` օգտակար: Բոլոր 400 համայնքային ծառայողներն էլ դրական պատասխան են տվել այն հարցերին, թե արդյոք զգում էին ուսուցման թեմաների վերաբերյալ իրենց գիտելիքները թարմացնելու կարիք եւ արդյոք կօգտագործեն իրենց ստացած գիտելիքներն առօրյա աշխատանքում:

Վերապատրաստումներն եռօրյա էին, որոնց ընթացքում ոչ միայն մասնակիցներին ներկայացվում էր տվյալ դասընթացի թեման, այլ նաև քննարկումների, հարցուպատասխանների միջոցով համայնքային ծառայողները ստանում էին իրենց հուզող հարցերի պատասխանները: 

Նշենք, որ Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնը հիմնադրվել է 2010 թվականի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: 2010-2011թթ.. կրթական կենտրոնում վերապատրաստվել է 301 քաղաքացիական ծառայող, իսկ 2011-2012թթ.-ին՝ 400 համայնքային ծառայող:

Վերապատրաստմանը մասնակցած համայնքային ծառայողներն իրենց գնահատման թերթիկներում նշել էին. "Վերապատրաստումը չափազանց ուսանելի էր: Ցանկայի է, որ տարվա մեջ առնվազն մեկ անգամ մենք տեղեկանանք տեղեկատվության ազատության ոլորտի կարեւոր զարգացումների մասին, որպեսզի մենք ինքներս մեզ կարողանանք համարել լիարժեք համայնքային ծառայողներ եւ լինել օգտական բնակչության համար": Այսպես են իրենց գոհունակությունը հայտնել Լոռու մարզի համայնքային ծառայողները ԻԱԿ-ի կրթական կենտրոնում ուսուցում անցնելուց հետո. "Վերապատրաստման դասընթացները շատ օգտակար էին, եւ այսուհետ մենք ոչ միայւն կկիրառենք, այլ նաեւ կօգտագործենք "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը, քանի որ շատ հարցեր կարող են հստակեցվել տեղեկատվության ազատության իրավունքի միջոցով", "Օգտակար էր եւ ուսանելի", "Շատ հետաքրքիր էր, ես կփորձեմ կիրառել ձեռք բերած գիտելիքներս գործնականում", "Մենք ստացանք շատ նոր եւ արդյունավետ գիտելիքներ":

Դասընթացներին մասնակցած բոլոր 400 համայնքային ծառայողներն էլ ստացել են պետական վկայագրեր:

 


 

← Վերադառնալ ցուցակին