Սպիտակ և Սև ցուցակներ
Չափորոշիչներ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր տարեսկզբին հրապարակում է նախորդող տարվա ընթացքում մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սեւ ցուցակ։ Սեւ ցուցակում հայտնվում են այն պետական կառավարման մարմիների, ՏԻՄ-երի կամ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարները, ովքեր.
- չեն պատասխանում տեղեկություն ստանալու հարցումներին,
- տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ (Չնայած «Տեղեկատվության ազատության մասին»ՀՀ օրենքը ՏԱ գրավոր հարցումներին պատասխանելու համար սահմանում է 5 աշխատանային օրյա ժամկետ, ԻԱԿ-ը հաշվարկում է լրացուցիչ 4 աշխատանքային օր` որպես փոստային առաքման ժամկետ: Ուստի, պատասխանը համարվում է ժամկետ խախտած, եթե այն չի ստացվել ՏԱ հարցումն ուղարկելուց 9 աշխատանքային օր հետո։ Էլեկտրոնային հարցումների դեպքում ԻԱԿ-ը հաշվարկում է 5 աշխատանքային օր։),
- անհիմն մերժում են տեղեկություն ստանալու հարցումները,
- թերի, ոչ լիարժեք, կամ կեղծ տեղեկություն են տրամադրում,
- տեղեկության տրամադրման համար անօրինական վճարներ են սահմանում եւ/կամ գանձում,
- տեղեկության տրամադրման ոչ պատշաճ աղբյուրների են հղում կատարում,
- պատշաճ կերպով չեն հրապարակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում (Հոդվածներ 3 եւ 7)։
Տեղեկատվության ազատության իրավունքը խախտած գերատեսչության ղեկավարն է հայտնվում Սեւ ցուցակում, որովհետեւ ա) նա է ներկայացնում գերատեսչությունը ե՛ւ պաշտոնապես, ե՛ւ գործնականում, բ) «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը պահանջում է, որ բոլոր պետական մարմինները հետեւեն սահմանված կարգին, պաշտպանեն եւ նպաստեն քաղաքացիների` տեղեկություն ստանալու իրավունքի իրացմանը, եւ այդ առումով, եթե գերատեսչությունը չի կատարում օրենքի պահանջները, վերջնական պատասխանատվությունն ընկնում է գերատեսչության ղեկավարի վրա:
Այսօր արդեն, երբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է շուրջ 17 տարի, ԻԱԿ-ի բազմաթիվ ուսուցումների, նախաձեռնած բազմաթիվ դատական գործերի, կազմակերպած հանրային իրազեկման քարոզարշավների արդյունքում այդ ցուցանիշն էականորեն բարելավվել է. 2020 թ.-ին ԻԱԿ-ի` անպատասխան մնացած հարցումների թիվը ավելի քան 10 անգամ կրճատվել է` նախորդ տարիների 35%-ի փոխարեն կազմելով 3%:
Սակայն, վերջին տարիներին լուռ մերժումները հաճախ փոխարինվում են թերի կամ անհիմն պատասխաններով, ավելացել են նաեւ անհիմն մերժումները: Այսինքն, նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները եւ անպատասխան էին թողում տեղեկություն ստանալու հարցումը: Այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափող, ոչ ըստ էության պատասխան:
Սա նշանակում է, որ խնդիր է առաջացել նաեւ վերանայել ԻԱԿ Սեւ ցուցակի հիմնական չափորոշիչները, քանի որ տեղեկություն ստանալու հարցումներին հիմնականում այս կամ այն կերպ պատասխան տրվում է եւ կարեւոր է դառնում նաեւ այդ պատասխանների բովանդակությունը։
Այս ամենը հաշվի առնելով՝ ԻԱԿ-ը դեռեւս 2013 թ.-ի հուլիսի 1-ից խստացրել է Սեւ ցուցակի չափորոշիչները: Այսպես, այսուհետ որեւէ պաշտոնատար անձի եւ համապատասխան գերատեսչությանը Սեւ ցուցակում ներառելուց առաջ ԻԱԿ-ը ձեռնարկում է հետեւյալ անհրաժեշտ քայլերը.
Քայլ 1. ԻԱԿ-ը իր բոլոր հարցումները ներկայացնում է կամ առձեռն, կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ էլ պատվիրված նամակով` փոստային ծառայության միջոցով: Ուստի, եթե հարցումը տեղ չի հասնում, ապա ԻԱԿ-ն այդ մասին պարտադիր ծանուցվում է (էլեկտրոնային փոստին համապատասխան ծանուցման միջոցով, իսկ փոստով ուղարկելու դեպքում նամակը վերադառնում է, իսկ ծրարի վրա նշվում է վերադարձի պատճառը): Այս պարագայում ԻԱԿ-ը հարկ չի համարում զանգահարել եւ ճշտել, թե արդյոք տեղ է հասել հարցումը. եւ եթե այո, ապա ում է այն մակագրվել (փոփոխված)։ Եթե հարցումն ուղարկվել է e-request էլեկտրոնային հարթակի միջոցով, ապա ԻԱԿ-ը հարցման ընթացքին հետեւում է բացառապես հարթակի միջոցով, իսկ ճշգրտումների համար զանգահարում է միայն այն դեպքում, եթե հարթակի կողմից տրամադրվող հատուկ կոդի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջանում։
Քայլ 2. Հաշվի առնելով, որ երբեմն հնարավոր են տեխնիկական կամ մարդկային գործոններ, որոնց պատճառով հարցման պատասխանը կարող է օրենքով սահմանված ժամկետից մի քանի օր ուշ ուղարկվել՝ ԻԱԿ-ը հաշվարկվող վերոնշյալ 9-օրյա ժամկետից հետո սպասում է եւս 5 օր, սակայն անկախ դրանից հետո պատասխան ստանալու հանգամանքից` ժամկետների խախտումը համարվում է էական խախտում, եւ տեղեկություն տնօրինող տվյալ մարմնի ղեկավարը ներառվում է Սեւ ցուցակում:
Քայլ 3. Թերի, ոչ լիարժեք պատասխան, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում ստանալուց կամ ընդհանրապես պատասխան չստանալուց հետո կենտրոնն այլեւս տեղեկություն տնօրինող մարմինին Սեւ ցուցակում ներառելու համար պարտադիր չի համարում կրկնակի հարցում ուղարկելը: Նման դեպքում տեղեկություն տնօրինող մարմնի ղեկավարը Սեւ ցուցակում է հայտնվում ԻԱԿ-ի առաջին հարցմանը թերի, ոչ լիարժեք, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տրամադրելու կամ ընդհանրապես պատասխան չտրամադրելու հիմնավորմամբ։
Քայլ 4. Բացառիկ դեպքերում, երբ հարցման պատասխանի բովանդակությունից հստակ կլինի, որ տեղեկություն տնօրինողը կարող էր չհասկանալ եւ չի հասակացել, թե ինչ տեղեկություն է ակնկալվում, կամ պատասխանից ակնհայտ տեխնիկական կամ ընդունելի այլ հետեւանքով բաց է թողել խնդրվող տեղեկությունների տրամադրումը, ԻԱԿ-ը տվյալ մարմնին ուղարկում է կրկնակի հարցում` ակնկալվող տեղեկությունը ճշգրտելու կամ հուշելու համար, եւ բացասական պատասխանի դեպքում նոր տեղեկություն տնօրինող տվյալ մարմնի ղեկավարը ներառվում է Սեւ ցուցակում:
Ի դեպ, ԻԱԿ-ի Սեւ ցուցակն անփոփոխ չէ։ Բոլոր այն գերատեսչությունները, որոնք ամենամյա Սեւ ցուցակում հայտնվելուց հետո կվերանայեն տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը եւ բարեփոխումներ կիրականացնեն տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլեւս չեն ընդգրկվի տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սեւ ցուցակում: Այդպիսի գերատեսչությունների առաջընթացը ԻԱԿ-ը կնշի Սպիտակ ցուցակում: Տարեկան Սպիտակ ցուցակում կներառվեն այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք տվյալ ժամանակահատվածում իրականացրել են տեղեկատվության մատչելիության ապահովմանն ուղղված բարեփոխումներ: