ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
2021 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 |
Մրցանակակիրներ
2017թ.-ի սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 15-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը, ով կարևորեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին:
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը իր ողջույնի խոսքում շնորհավորեց բոլոր այն հաստատություններին, ովքեր այսօր ոսկե բանալին են ստացել, բայց նաև հորդորեց բոլորին լինել հետևողական և վճռական՝ տեղեկատվություն ստանալու իրենց ջանքերում:
ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ և գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը»:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.
- Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվեց ՀՀ Շիրակի մարզպետարանը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը։
- Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի պաշտոնական կայքը՝ www.geo-fund.am: Ոսկե բանալին հանձնվեց ծրագրի ղեկավար Լիլիա Շուշանյանին:
- Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի նախագահ Զարուհի Բաթոյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
- «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող հանրային գործիչ ճանաչվեց Անահիտ Բախշյանը: Ոսկե բանալին նրան շնորհեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը:
- Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան ճանաչվեց «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Դավիթ Ասատրյանը: Նրան մրցանակը հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը։
- «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց հայտարարվեց Հետք առցանց լրատվամիջոցը: Մրցանակը շնորհեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիյուն։
- Այս տարի առաջին անգամ ԻԱԿ-ի կողմից Հատուկ մրցանակ շնորհվեց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանին՝ որպես տեղեկատվության տրամադրումն ամենաարագն ու արդյունավետն ապահովող պատասխանատու:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, տրվեց Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես 2017թ.-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-մարմին:
ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Տեղեկատվության մատչելիությունը բաց կառավարման և հանրային մասնակցության ապահովման համար» ծրագրի շրջանակներում: