ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
2021 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 |
Մրցանակակիրներ
2016թ.-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-րդ ամյակը և Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 14-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով կարևորեց այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին: Ներկաներից ողջունեցին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը և ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը, ով նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ և գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը»:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.
- ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը։
- «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար Ոսկե բանալի մրցանակ տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Մրցանակը շնորհեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան ղեկավար Դեբորա Գրիսերը:
- ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: Ոսկե բանալի մրցանակը Վայոց Ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանին հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
- Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործող հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը: ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանին մրցանակաը հանձնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
- «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող ճանաչվեց Սիվիլնեթի լրագրող Արման Սուլեյմանյանը: Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն:
- Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց «Ասպարեզ» օրաթերթը:
- ԻԱԿ-ի 15 ամյակի հոբելյանական Հատուկ մրցանակը շնորհվեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին:
Հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ԻԱԿ-ը որոշեց Մրցանակաբաշխության բացասական մրցանակ ժանգոտ կողպեքի մրցանակակիր մարմիններին չհայտարարել: Փոխարենը ՏԱ տեսանկյուից փակ գործող մարմինները կընգրկվեն Կենտրոնի եռամսյակային և տարեվերջյան Սև ցուցակներում:
Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ ԻԱԿ-ի ինտերնետային կայքում՝ http://www.foi.am/hy/award-standards/։ Նախորդ տարիների արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ http://www.foi.am/hy/awards-winners/:
Նախորդ տարիների մրցանակակիրների մասին տեղեկությունները հասանելի են այստեղ՝http://www.foi.am/hy/awards-winners/: