Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

2021 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003

Մրցանակակիրներ

Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացվում է 2003թ.-ից: 2006թ.-ի սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն: 2006թ.-ի մրցանակակիրներն են.

  • Ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզպետարանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն։ 
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Հռիփսիմե Ջեբեջյանը ("Առավոտ" օրաթերթ):
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արտակ Զեյնալյանը:
  • Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն պաշտոնական ինտերնետային կայք է ճանաչվել ՀՀ Գլխավոր դատախազության ինտերնետային էջը` www.genproc.am: 

Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:

  • Ոչ ճշգրիտ պատասխան տրամադրած պետական գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը:

    2005թ. ընթացքում նախարարության և "ԱրմենՏելի" միջև կայացած բանակցությունների նիստերի արձանագրությունները ստանալու` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին նախարարությունը տվել է 3 միմյանց հակասող պատասխաններ: Առաջին պատասխանում նշվել է, թե փնտրվող տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչը պարզվեց` չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդ գրությամբ պատասխանվել է, թե տեղեկություններն, իրոք, նախարարությունում են, սակայն դրանց մի մասը պարունակում է կոմերցիոն գաղտնիք` ուստի պետք է որոշակիացնել, թե որ արձանագրությամբ է ԻԱԿ-ը հետաքրքրված: Ի պատասխան 3-րդ հարցմանը` փոխնախարար Վ. Առաքելյանն ուղղակի մերժեց տրամադրել արձանագրությունները` հիմնավորելով, թե տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանված չէ կառավարության կողմից:
  • Հայաստանի Հանրապետության հանրային գործառույթներ իրականացնող ամենափակ մարմին է ճանաչվել Արմենտելը, որն ամենավատն է կատարում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջները:

Այս երկու մրցանակակիրներին տրվել են ժանգոտ կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ: Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։