Հրապարակումներ
Հոդվածներ
Կուսակցությունները` տեղեկատվություն տնօրինող
29.03.2012
Պարտավո՞ր են արդյոք կուսակցությունները աշխատել հրապարակային, պարտավո՞ր են արդյոք սեփական նախաձեռնությամբ հրապարակել կամ պահանջի դեպքում տրամադրել տեղեկություններ իրենց և իրենց գործունեության մասին: Այս հարցերին պատասխանելու համար պետք է անդրադառնալ տեղեկատվության ազատության վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, սակայն նախ խոսենք միջազգային փաստաթղթերի մասին:
Եվրամիություն: Եվրամիությունը չունի որևէ կարգավորում, որն ազգային մակարդակում պարտավորեցնում է քաղաքական կուսակցություններին պատասխանել տեղեկատվություն ստանալու հարցումներին կամ սեփական նախաձեռնությամբ հրապարակել որոշակի տեղեկություններ: Սակայն Եվրամիությունը որոշակի պայմաններ է սահմանում Եվրոպայում գործող այն կուսակցությունների համար, որոնք դիմում են ԵՄ-ին` ֆինանսավորում ստանալու համար: Այսպես, 2003/2004թթ. ԵՄ կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն` դիմող կուսակցությունն ի թիվս այլ պայմանների, պարտավոր է նաև տարեկան հրապարակել իր եկամուտները և ծախսերը, ինչպես նաև իր ակտիվների և պարտավորությունների հայտարարագրերը, հրապարակել իր ֆինանսավորման աղբյուրները` նշելով դոնորների ցուցակը և յուրաքանչյուր դոնորից ստացված նվիրատվության չափը` բացառությամբ 500 Եվրոն գերազանցող նվիրատվությունները:
Միավորված ազգերի` կոռուպցիայի դեմ կոնվենցիա: ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան անդրադառնում է կուսակցությունների ֆինանսական թափանցիկությանը` 7-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանելով, որ. "Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է նաև քննարկի համապատասխան օրենսդրական և վարչական միջոցները, սույն Կոնվենցիայի նպատակների և իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքների համաձայն, ընտրովի պետական պաշտոններում թեկնածուների ֆինանսավորման և, որտեղ կիրառելի է, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը մեծացնելու համար":
Կուսակցությունների և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման ժամանակ կոռուպցիայի դեմ ընդհանուր կանոնների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնարարական: Առավել ամբողջական միջազգային փաստաթուղթը, որը քաղաքական կուսակցությունների լավ և թափանցիկ գործելակերպի ուղեցույցեր է սահմանում, Եվրոպայի խորհրդի (2003)4 հանձնարարականն է` կուսակցությունների և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման ժամանակ կոռուպցիայի դեմ ընդհանուր կանոնների վերաբերյալ: Այս փաստաթուղթը ներառում է համապատասխան նախորդ հանձնարարականների տարրերը և հանձնարարում կոռուպցիայի դեմ պայքար մղող պետություններին վերլուծել այս հանձնարարականի կիրառումը: Թեև այս հանձնարարականը չի անդրադառնում քաղաքացիների` տեղեկատվության ազատության իրավունքին և տեղեկատվություն տնօրինողների կողմից թափանցիկության ապահովման պասիվ միջոցներին, ինչպիսին են տեղեկատվություն ստանալու հարցումները, սակայն հանձնարարականի մի շարք ընդհանուր կանոններ վերաբերում են տեղեկատվություն տնօրինողների սեփական նախաձեռնությամբ թափանցիկության ապահովմանը:
Տեղեկատվություն տնօրինողների սեփական նախաձեռնությամբ թափանցիկության ապահովման վերաբերյալ հանձնարարականի ընդհանուր կանոններն ամրագրում են, որ.
- Նվիրատվությունների յուրաքանչյուր տեսակ պետք է լինի հրապարակային, այլ ոչ թե գաղտնի (Հոդված 3.a),
- Քաղաքական կուսակցությունների ստացած նվիրատվությունները պետք է հրապարակային լինեն հատկապես այն դեպքում, երբ նրանք գերազանցում է սահմանված առավելագույն չափը (հոդված 3.bi),
- Պետությունները պետք է քաղաքական կուսակցություններից պահանջեն տարին առնվազն մեկ անգամ հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները կամ առնվազն դրանց վերաբերյալ տեղեկանքները, և դրանք պետք է ներառեն տեղեկություններ նվիրատվությունների և ծախսերի վերաբերյալ (հոդված 13),
- Պետք է անկախ վերահսկողություն իրականացվի, որը կներառի տվյալներ հաշիվների հրապարակման մասին (Հոդված 14):
Հանձնարարականի կանոններով սահմանված է նաև, որ համապատասխան հաշիվները պետք է հրապարակվեն (հոդված 11), այդ թվում` ներառվեն տեղեկություններ իրավաբանական անձանց կողմից տրված բոլոր վիրատվությունների (հոդված 5.i) և քարոզարշավների բոլոր ծախսերի վերաբերյալ (հոդված 9):
ՀՀ օրենսդրություն: Սահմանադրության 7-րդ հոդվածն ամրագրում է կուսակցությունների` հրապարակային աշխատելու պարտականությունը, որի համաձայն. "Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը": Սա նշանակում է, որ կուսակցությունների ֆինանսական գործունեությունը պետք է բաց և թափանցիկ լինի, հասարակության համար հասանելի լինեն կուսակցությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
Կուսակցությունների գործունեությունը կարգավորող հիմնական իրավական ակտի` "Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետն ամրագրում է, որ ի թիվս այլ սկզբունքների, կուսակցությունների գործունեությունը հիմնվում է նաև հրապարակայնության սկզբունքի վրա: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` "Կուսակցությունները գործում են հրապարակայնորեն, նրանց հիմնադիր ու ծրագրային փաստաթղթերը հրապարակվում են համընդհանուր իրազեկման համար": "Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետն էլ սահմանում է, որ կուսակցության գործունեությունը ներկայացնող հիմնական փաստաթղթերը` կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը, որոնցում արտացոլվում են կուսակցության խնդիրներն ու նպատակները, պետք է հրապարակվեն զանգվածային լրատվության միջոցներով:
Տեղեկատվության ազատության իրավունքի ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքն է: Ուստի, անդրադառնանք այս օրենքին` պարզելու համար արդյոք կուսակցությունները համարվում են տեղեկատվություն տնօրինողներ` ելնելով "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի դրույթներից:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը սահմանում է, որ տեղեկատվություն տնօրինող են համարվում տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությաններև և դրանց պաշտոնատար անձինք: Կուսակցություններին առանձին օրենքը չի անդրադառնում, ուստի պետք է պարզել թե որքանով են կուսակցությունները ընդգրկվում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված` տեղեկատվություն տնօրինողներից որևէ խմբի սահմաններում:
Այսպես, կուսակցությունների սահմանումից հստակ է, որ կուսակցությունները պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ կամ պետական հիմնարկներ չեն: Այժմ անդրադառնանք կուսակցությունների վերաբերելիությանը բյուջեներից ֆինանսավորվող և հանրային նշանակության կազմակերպություններին:
Կուսակցությունները` հանրային նշանակության կազմակերպություններ:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանրային նշանակության կազմակերպություններ են ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները:
Կուսակցությունների հասկացությունից բխում է, որ կուսակցությունները ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ չեն կարող լինել, քանի որ որպես այդպիսին կուսակցությունները չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Նաև, "Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքի 3-րդ կետով սահմանված է, որ կուսակցությունների գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է, այնինչ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը քաղաքականության ոլորտի մասին լռում է: Բացի այդ, եթե անգամ կուսակցությունների նպատակները, որոնք արտացոլվում են կուսակցությունների կանոնադրություններում և ծրագրերում, լինեն առողջապահական, մշակութային կամ սոցիալական բնույթի, վերաբերեն միայն կրթության կամ սպորտի ոլորտներին, միևնույն է կուսակցությունները չեն համարվի հանրային նշանակության կազմակերպություններ, քանի որ նրանք վերոնշյալ ոլորտներում հանրությանը ծառայություններ չեն մատուցում:
Այսպիսով, ելնելով վերոգրյալից` կուսակցությունները հանրային նշանակության կազմակերպություններ չեն համարվում և որպես հանրային նշանակության կազմակերպություններ նույնպես չեն մտնում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի մեջ:
Կուսակցությունները` բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ:
"Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն կուսակցության դրամական միջոցները ձևավորվում են նաև բյուջետային ֆինանսավորումից: Իսկ նույն օրենքի 27-րդ հոդվածը նախատեսում է կուսակցությունների գործունեության պետական ֆինանսավորման կարգը: 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` "Կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին": Սակայն ոչ բոլոր կուսակցություններն են ստանում հատկացումներ բյուջեից. 27-րդ հոդվածի համաձայն` "Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոսը":
Այսպիսով, այն կուսակցությունները, որոնք ֆինանսավորում են ստանում բյուջեից, "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի տրամաբանությունից ելնելով, համարվում են տեղեկատվություն տնօրինող, և նրանց վրա տարածվում են ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են տեղեկատվություն տնօրինողների համար: Իսկ այն կուսակցությունները, որոնք բյուջեից ֆինանսավորում չեն ստանում, դուրս են մնում այս օրենքի շրջանակներից:
Չնայած կուսակցությունները որպես այդպիսիք ներառված չեն "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքում, սակայն մի շարք այլ իրավական ակտերով սահմանվում է կուսակցությունների` հրապարակային աշխատելու և տեղեկություններ հրապարակելու պարտականությունը: Օրինակ, ինչպես նշեցինք` ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է, որ "Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը":
"Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքի համաձայն կուսակցությունը պարտավոր է հրապարակել տեղեկություններ իր հիմնադիր համագումարի վերաբերյալ: Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` "Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի և ժամի մասին լրատվություն, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները":
"Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքը կարգավորում է նաև կուսակցությունների ֆինանսական գործունեության հրապարակայնության հարցը: Այսպես, օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի մամուլում հրապարակել գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` նշելով դրա կազմավորման աղբյուրները: Օրենքի մեկ այլ` 28-րդ հոդվածը սահմանում է կուսակցության կողմից իր ֆինանսական հաշվետվությունը հրապարակելու պարտականությունը: Այս հոդվածի 2-րդ կետի համաձայն` "Կուսակցությունը, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունը": Նույն հոդվածի 3-րդ կետը նշում է, թե ինչ տեղեկություններ պետք է ներառվեն կուսակցության ֆինանսական հաշվետվության մեջ. "Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը": "Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` "Կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրը նշվում է կուսակցության ֆինանսական հաշվետվությունում": Այսինքն, այդ տվյալը նույնպես ներառվում է կուսակցության ֆինանսական հաշվետվության մեջ և ենթակա է հրապարակման:
Ընտրությունների և նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների վերաբերյալ տեղեկությունների պարտադիր հրապարակում սահմանում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Այս դեպքում, սակայն, տեղեկությունների հրապարակումն իրականացվում է ոչ թե անմիջականորեն կուսակցությունների կողմից, այլ միջնորդավորված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Այսպես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը հնարավորություն է տալիս կուսակցություններին ԿԸՀ ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձևով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ծրագրերը տեղադրում է համացանցային կայքում ներկայացվելուց հետո` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների մասին հայտարարագիր: Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` կուսակցությունների հայտարարագրերը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Ընտրական գործընթացում կուսակցությունների ֆինանսական գործունեության հրապարակայնությանն է անդրադառնում նաև ՀՀ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածը, որի 1-ին կետը սահմանում է, որ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Հայտարարագրում նշվում են նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ժամանակագրությունը, մուծված գումարի չափը, ՀՀ Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը , դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները և հիմնադրամում մնացած գումարի չափը: 27-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` այս հայտարարագրերը հրապարակվում են դրանք ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Միջազգային փորձ: Կուսակցությունները, որպես այդպիսիք, ուղղակիորեն չներառվելով "Տեղեկատվութան ազատության մասին" ՀՀ օրենքի մեջ, այնուամենայնիվ պետք է գործեն հրապարակային, և նրանց հրապարակային գործելաոճին և տեղեկացնելու պարտականությանն է անդրադառնում ինչպես ՀՀ Սահմանադրությունը, այնպես էլ "Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքը և ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Այժմ տեսնենք, թե որպես տեղեկատվություն տնօրինող ինչպիսի կարգավիճակ ունեն կուսակցությունները այլ երկրներում:
Բուլղարիայում այն կուսակցությունները, որոնք հատկացումներ են ստանում պետությունից, համարվում են տեղեկատվություն տնօրինողներ:
Միացյալ թագավորությունում/Շոտլանդիայում քաղաքական կուսակցությունները ներառված չեն տեղեկատվության ազատության օրենսդրության մեջ, սակայն կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը կարգավորվում է տեղեկատվության ազատությանը չվերաբերող իրավական ակտերով և Ընտրական հանձնաժողովի կողմից:
Մակեդոնիայի Տեղեկատվական հանձնաժողովը որոշել է բացառել կուսակցություների ֆինանսական հաշվետվությունները տեղեկատվության ազատության ոլորտից և չճանաչել կուսակցություններին որպես տեղեկատվություն տնօրինող:
Սերբիայում և Սլովենիայում կուսակցությունները ներառված չեն տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենքում: Լատվիայում քաղաքական կուսակցությունները որպես այդպիսիք ներառված չեն տեղեկատվության ազատության ոլորտում: Քաղաքական կուսակցությունների հրապարակայնությունը և թափանցիկությունը կարգավորվում է տարբեր հատուկ նորմերով: Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական կուսակցությունները համարվում են հասարակական միավորումներ և չեն համարվում տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենքի սուբյեկտ:
Խորվաթիայում քաղաքական կուսակցությունների վրա չի տարածվում տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենքը, սակայն քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ իրավական ակտով այս երկրում կուսակցությունները պարտավոր են սեփական նախաձեռնությամբ իրենց էլեկտրոնային կայքերում հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունները:
Ինդոնեզիայում քաղաքական կուսակցությունները համարվում են տեղեկատվություն տնօրինողներ: Տեղեկատվության ազատության վերաբերյալ Ինդոնեզիայի համապատասխան օրենքը պարտադրում է քաղաքական կուսակցություններին սեփական նախաձեռնությամբ հրապարակել մի շարք տեղեկություններ (սկզբունքները և նպատակները, ընդհանուր ծրագիրը, որոշումների ընդունման մեխանիզմը, կուսակցության որոշուները և այլն):
Չեխիայում կուսակցությունները որպես այդպիսիք ներառված չեն տեղեկատվության ազատության վերաբերյալ համապատասխան իրավական ակտում և համարվում են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, սակայն պարտավոր են հրապարակել բավական ծավալուն տեղեկություններ ֆինանսական գործունեության և ծախսերի վերաբերյալ:
Նշենք նաև, որ մի շարք երկրների դատարաններ որոշել են, որ քաղաքական կուսակցությունների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն պետք է հասանելի լինի: Այսպիսի որոշումներ կայացրել են Կանադայի, Կոստա Ռիկայի. Հնդկաստանի, Իսրաելի, Մեքսիկայի դատարանները: