Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Վիրավորանք և զրպարտություն. օրենսդրական կարգավորումը և դատական պրակտիկայի խնդիրները

10.11.2011

Շուշան Դոյդոյան, ԵՊՀ դոցենտ
Գևորգ Հայրապետյան, իրավաբան

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային իրավական ակտեր պաշտպանում են մարդու պատիվն ու արժանապատվությունը, մասնավորապես, խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու միջոցով` նշելով, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել մարդու պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով: Այսպես, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նշում է, որ խոսքի ազատությունը ենթակա է սահմանափակման այլոց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կողմից մարդու արժանապատվությունը հռչակվել է որպես բարձրագույն արժեք, որի երաշխավորը պետությունն ինքն է: ՀՀ Սահմանադրության` մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանող 2-րդ գլուխը բացվում է հենց մարդու արժանապատվությունը ամրագրող 14-րդ հոդվածով. "Մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից":

Մինչ 2010թ. մայիս Հայաստանի Հանրապետությունում գործում էր պատվի և արժանապատվության պաշտպանության քաղաքացիաիրավական և քրեաիրավական կարգ: 2010թ. մայիսին ընդունված օրենսդրական բարեփոխությունների արդյունքում զրպարտությունը և վիրավորանքն ապաքրեականացվեցին, և այդուհետ խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում:

Որպես անձի պատվի և արժանապատվության պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման երաշխիք` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-¬րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. "Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով":

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետի` "զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը":

Այսպիսով, ինչպես երևում է հոդվածից, զրպարտության դեպքում պետք է առկա լինեն հետևյալ բոլոր հանգամանքները.
ա) Առկա է մեկ ուրիշին կոնկրետ փաստ, արարք կամ արարքներ կատարելու մեջ մեղադրանք: Օրինակ` նախարարը կաշառք է վերցրել, վատնել է վարկային գումարները և այլն:
բ) Երկրորդ հանգամանքն այն է, որ հրապարակված փաստացի տվյալները ունենան արատավորող բնույթ:
գ) Երրորդ հանգամանքն այն է, որ փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը: Անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, նույնիսկ եթե դրանք արատավորում են մարդու պատիվն ու արժանապատվությունը: Անձն ազատվում է պատասխանատվությունից նաև այն դեպքում, եթե տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, բայց նաև արատավորող չեն:
դ) Արատավորող տեղեկությունները պետք է վերաբերեն կոնկրետ անձի կամ անձանց:
ե) Տեղեկությունները պետք է տարածված լինեն որևէ եղանակով, ներկայացված լինեն հրապարակային:

Անդրադառնանք զրպարտության հետ կապված մի քանի խնդիրների, որոնք անմիջականորեն առնչվում են դատարաններին, դատարանների գործունեությանը և վիրավորանքի և զրպարտության գործերի քննման առանձնահատկություններին: Զրպարտության դեպքում կարևոր պայմաններից է այն, որ տարածված տեղեկատվությունը պետք է արատավորի մարդու պատիվն ու արժանապատվությունը: Տեղեկություններն արատավորող ճանաչելու չափանիշները, սակայն, բացակայում են օրենսդրության մեջ: Այդ դեպքում ի՞նչը պետք է հիմք ընդունի դատարանը` դրանք արատավորող ճանաչելու համար: Յուրաքանչյուր դեպքում դատարանը հիմք է ընդունում այն, թե արդյոք տարածված տեղեկությունները հասարակության մեջ ընկալվում են որպես արատավորող, դատապարտելի: Դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, հասարակական ընկալումից և պատկերացումներից, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում է տարածված փաստական տվյալների արատավորող բնույթը: Եթե տարածված տեղեկությունները հասարակությունում ընկալվում են որպես արատավորող, օրինակ, կաշառակեր, գող, ապա միանշանակ դրանք դատարանը կճանաչի արատավորող:

Եթե դատաքննությամբ ապացուցվում է տեղեկությունների արատավորող բնույթը, ապա պետք է պարզվի նաև, թե արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը: Այսպիսով, պատվի և արժանապատվության հայցը կարող է բավարարվել, եթե տեղեկությունները լինեն և արատավորող, և ոչ հավաստի: Տեղեկությունները համարվում են ոչ հավաստի, քանի դեռ հակառակը չի ապացուցվել: Այսպիսով, քանի որ օրենսդիրը չի կարող և չի սահմանում զրպարտություն հանդիսացող կոնկրետ արտահայտությունները և բառերը, ուստի, դատավորների առջև յուրաքանչյուր դեպքում խնդիր է առաջանում մեկնաբանելու վիճարկվող արտահայտությունը կամ բառը: Հաշվի առնելով վիրավորանքի և զրպարտության` քաղաքացիական դատավարության ոլորտի ոչ երկար պատմությունը` հարց է առաջանում` կկարողանա՞ն արդյոք դատավորները վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ վերոնշյալ հոդվածի կիրառման դրական դատական պրակտիկա ձևավորել, արդյոք շատ չե՞ն լինի դատավարական-մեկնաբանական սխալները:

Վիրավորանքի և զրպարտության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ հսկայական նյութ են պարունակում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք որոշումներ հնարավորություն են տալիս սահմանել կարծիք, դատողություն – փաստ երեւույթների վերաբերելիությունը զրպարտությանը: Այլ կերպ ասած` ՀՀ դատավորները կարող են կոնկրետ դեպքում վիճարկվող արտահայտությունը կամ բառը որպես վիրավորանք որակելու հարցում օգտվել եվրոպական դատարանի նախադեպից: Օրինակ, 1999թ. Դալբանի գործով Եվրոպական դատարանի որոշել է, որ մամուլը պարտավոր է տեղեկություններ եւ գաղափարներ հաղորդել հասարակական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ և մերժել է այն գաղափարը, թե մամուլը չպետք է տեսակետներ արտահայտի, քանի դեռ չի կարող ապացուցել դրանց ճշմարտացիությունը: Պատվի, արժանապատվության գործեր քննելիս դատարանը պետք է փաստերը տարբերակի գնահատական-դատողություններից, վերջիններս ենթակա չեն ապացուցման: 2001 թվականի փետրվարի 27-ին "Երուսաղեմն ընդդեմ Ավստրիայի" գործով դատարանը որոշեց, որ գնահատող դատողությունների հավաստիությունն ապացուցելու պահանջն անհնար է կատարել և, որ այն ոտնահարում է կարծիք արտահայտելու ազատությունը` Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը: Սակայն մյուս կողմից գնահատող դատողությունը պետք է համոզիչ և փաստացի հիմքեր ունենա: Դատարանը նշել է, որ եթե փաստերի հավաստիությունը կարող է ապացուցվել, ապա գնահատող դատողությունների ճշմարտացիությունն անապացուցելի է, ուստի լրագրողը պետք է ազատվի "անապացուցելին" ապացուցելու պարտականությունից: Ըստ դատարանի՝ զրպարտչական կամ վիրավորական կարծիքի ապացուցման պահանջը խախտում է 10-րդ հոդվածով սահմանված կարծիք արտահայտելու իրավունքը:

Նշենք, որ զրպարտության դեպքում դիտավորությունը պարտադիր պայման չի համարվում: Հնարավոր է` լրագրողն արատավորող տեղեկությունները տարածել է ոչ թե դիտավորությամբ, այլ անփութությամբ: Սա նրան պատասխանատվությունից չի ազատում:

Զրպարտության կարգավորման և կիրառման խնդիրներից է նաև այն, որ ապացուցման պարտականությունը դրված է պատասխանող կողմի` այսինքն լրատվամիջոցի վրա. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն` "Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին", ԶԼ մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի` ապացուցման պարտականությունը դրված է պատասխանող կողմի` այսինքն լրատվամիջոցի վրա: Միջազգային չափանիշները լայնորեն սահմանում են, որ ապացուցման բեռը պետք է դրվի ոչ թե լրատվամիջոցի, այլ հայցվոր կողմի վրա: Եվրոպական դատարանը 1999 թվականի մայիսին "Բլադեթ Տրոմզո եւ Սթենսասն ընդդեմ Նորվեգիայի" գործով կայացրած որոշամբ լրագրողի առաջ ոչ թե դնում է տարածած տեղեկատվության հավաստիությունն ապացուցելու պարտականություն, այլ միայն նշում է, որ լրագրողական նյութերը պետք է "հիմնականում հավասարակշռված լինեն":

Վիրավորանքը սահմանվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասով. "Վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է":

Վիրավորանքի էությունն այն է, որ հանցավորը տուժողին տալիս է այնպիսի բացասական գնահատական, կպցնում է այնպիսի պիտակ, որը նսեմացնում է նրա պատիվն ու արժանապատվությունը: Վիրավորանք հասցնողի դիտավորությունն է հասարակության աչքում նսեմացնել տուժողի հեղինակությունը: Ընդ որում, վիրավորանքը կարող է հասցվել ինչպես խոսքի, այնպես էլ պատկերի, ձայնի, նշանի, գործողության կամ որևէ այլ միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ. "... հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով": Այսպիսով, եթե հրապարակվածը թեև արատավորում է պատիվն ու արժանապատվությունը, սակայն համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև եթե հրապարակվածը պայմանավորված է հանրային գերակա շահով, վիրավորանք հրապարակած անձն ազատվում է պատասխանատվությունից:

Նշենք, որ ի տարբերություն վիրավորանքի նախկին` քրեաիրավական կարգավորման, ներկայումս վիրավորանքի անպարկեշտ ձևն այլևս պարտադիր պայման չէ:

Միաժամանակ, վիրավորական բառերի հետ կապված Թամերն ընդդեմ Էստոնիայի վճռում Եվրոպական դատարանը հստակեցրել է, որ վիրավորական կամ ոչ վիրավորական լինելու հանգամանքը մեկնաբանելիս պետք է նկատի ունենալ, որ լրատվությունը նախատեսված չէ լեզվաբանների նեղ խմբի համար, այլ ուղղված է լայն հասարակությանը:

ՀՀ Քաղ. օրենսգրիրքը նաև սահմանում է այն դեպքերը, երբ արատավորող փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն: Դրանք այն դեպքերն են, երբ տվյալները.
1) տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից (հոդված 1087.1, 5-րդ մաս): Նաև, լրատվամիջոցն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Նշենք, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ լրատվամիջոցների դեմ հարուցված տասնյակից ավելի դատական գործերը հնարավորություն են տալիս վերհանել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերի ևս մի քանի հիմնական խնդիրներ: Այսպես, բոլոր դեպքերում որպես պատասխանող կողմ հանդես է գալիս լրատվամիջոցը: Սա նշանակում է, որ Հայաստանում վիրավորանքի և զրպարտության համար սահմանված պատասխանատվությունը մարդու արժանապատվության պաշտպանության միջոցից կարող է վերածվել լրատվամիջոցների դեմ հաշվեհարդարի միջոցի: Այս տենդենցը կարող է հանգեցնել մարդու մեկ այլ կարևոր իրավունքի ոտնահարման, այն է ազատ արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքը: Դալբանի գործով և "Երուսաղեմն ընդդեմ Ավստրիայի" գործով եվրոպական դատարանի կայացրած որոշումները և դատարանի մեկնաբնությունները, որոնք ներկայացվեցին քիչ առաջ, հավաստում են, որ խոսքի ազատության իրավունքը չպետք է անհարկի սահմանապակվի կամ ոտնահարվի: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը սահմանափակում է խոսքի ազատությունը այլոց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու նպատակով, այլ ոչ թե այն բոլոր դեպքերում, երբ կա թվացյալ վիրավորանք կամ զրպարտություն: Այս խնդրի լուծումը նույնպես անմիջականորեն առնչվում է դատավորներին. գիտակ դատավորը, ով կարող ուսումնասիրել եվրոպական դատարանի փորձը և յուրացնել այն, դրա շնորհիվ ներպետական դատական նախադեպով չսահմանված և մասնագիտական մեկնաբանություններով դեռևս չթրծված այս ոլորտի` վիրավորանքի և զրպարտության չափորոշիչների բացակայության պարագայում առաջնորդվելով ոչ միայն ներպետական օրենսդրությամբ, այլ նաեւ այս ոլորտում միջազգային իրավական ակտերի դրույթներով, կկարողանա պաշտպանել մարդու արժանապատվության իրավունքը և միևնույն ժամանակ թույլ չտալ խոսքի ազատության իրավունքի անհարկի ոտնահարում:

Վիրավորանքի և զրպարտության ոլորտում առկա է ևս մեկ հիմնական խնդիր. այս գործերով հայցվորները դատարանից հիմնականում պահանջում են պատասխանողի հանդեպ կիրառել վիրավորանքի և զրպարտության համար սահմանված տուգանքի առավելագույն չափը` համապատասխանաբար 1 մլն և 2 մլն դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնականում նման գործերով դատարան դիմելու դեպքում մատնանշվում են վիրավորանքը և զրպարտությունը միասին, ապա թերևս միշտ խոսքը գնում է գումարային 3 մլն դրամի մասին: Մի դեպքում` Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ "Երկիր" օրաթերթի գործի դեպքում դատարանը միայն մեկ արտահայտություն համարեց վիրավորանք` սահմանելով 200.000 դրամի չափով տուգանք: Անկախ նրանից, համաձայն ենք դատարանի որակման հետ, թե ոչ, այս վճիռը դրական է, քան որ այս դեպքում դատավորն որոշեց ավելի ցածր տուգանք, քան սահմանված 1 մլն վերին շեմն է: Սակայն խնդիրն արդիական է: Նախ, հաշվի առնենք, այն հանգամանքը, որ վիրավորանքի և զրպարտության համար սահմանված գումարային 3.000.000 դրամ տուգանքը կիրառելու դեպքում դատարանի վճիռը փաստորեն լրջորեն կսպառնա Հայաստանում գործող տպագիր լրատվամիջոցների մեծամասնության գոյությանը: Այսինքն, լրատվամիջոցը և լրագրողը անգամ հանրային նշանակության տեղեկությունները հրապարակելուց առաջ թերևս կսկսեն մտածել, արդյոք դա հետագայում չի դառնա լրատվամիջոցը փակելու պատճառ: Այս դեպքում նույնպես կարող է ոտնահարվել խոսքի ազատությունը այս անգամ սոցիալական պատճառով: Չմոռանանք նաև դատական ծախսերի մասին. մարդու արժանապատվության վերաբերյալ դատական գործերը ցույց են տալիս, որ դատական ծախսերը նույնպես տեղ ունեն այս խնդրում: Օրինակ, Հրաչ Քեշիշյանն ընդդեմ "Հրապարակ" օրաթերթի գործի դեպքում դատարանը որոշեց, որ Հրաչ Քեշիշյանի արժանապատվությունը պետք է վերականգնվի հերքման և նրանից թերթի և լրագրողի կողմից ներողություն խնդրելու միջոցով, սակայն ամեն դեպքում, նյութական վնաս "Հրապարակ" օրաթերթը կրեց 300.000 դրամի չափով` որպես դատական ծախսերի փոխհատուցում: Հատկանշական է նաև Լևոն Քոչարյանն ընդդեմ "Հայկական ժամանակ" օրաթերթի դատական գործը, որի դեպքում դատական ծախսերի վերջնական գումարը, որ պետք է վճարվեր օրաթերթի կողմից, կազմել է 3.000.000 դրամ: Նման դեպքերում, եթե դատավորների կողմից վիրավորանքի և զրպարտության դեպքում նույնությամբ, այլ ոչ համամասնորեն նվազեցվելով բավարարվի նաև գումարային 3.000.000 դրամի տուգանքի ենթարկելու պահանջը, զուտ սոցիալական ասպեկտը կդառնա խոսքի ազատության սահմանափակման հիմք, կհանդիսանա յուրօրինակ գրաքննություն, ինչն անկարելի է:

Վիրավորանքի և զրպարտության դատական պրակտիկան դեռևս ձևավորման փուլում է և, բնական է, որ բազում խնդիրներ կլինեն` կապված ինչպես օրենքի մեկնաբանման հետ, այնպես էլ խնդիրներ` բխող Հայաստանի և հայաստանյան լրատվամիջոցների առանձնահատկություններից: Այս պարագայում առանձնակի կարևորություն է ստանում մարդկային գործոնը: Խոսքը գնում է ինչպես դատավորների մասին, որոնցից արդյունքում կախված է այս ոլորտի պրակտիկայի դրական կամ բացասական լինելը, այնպես էլ քաղաքացիական սեկտորի մասին: Լրագրողները, հասարակական կազմակերպությունները, լինելով հասարակության կարծիքը ձևավորող և քաղաքացիական հասարակության տեսակետը կրողներ, պետք է նախաձեռնեն և օժանդակեն արդարադատության իրականացմանը` դատավորներին հուշելով, տեղեկացնելով, խնդիրներ բարձրացնելով և դրանց լուծման ուղղություններ մատնանշելով, ինչպես նաև խախտումները բացահայտելով և դրանք լայն քննարկման և քննադատության առարկա դարձնելով: Որպես նմանատիպ նախաձեռնության օրինակ կարելի է նշել 2011թ. մայիսին Տեղեկատվական վեճերի խորհրդի ստեղծումը, որը փորձագիտական եզրակացություն է կազմում դատական գործի առարկա դարձած արտահայտությունների վերաբերյալ` օգտագործելով եվրոպական դատարանի պրակտիկան և փորձելով այդպիսով օգնել դատարաններին յուրաքանչյուր կոնկրետ դատական գործի դեպքում որպես վիրավորանք կամ զրպարտություն դիտվող արտահայտությունների մեկնաբանման հարցում:
 

← Վերադառնալ ցուցակին