Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Բողոքում են` ինչից պատահի

03.11.2009

Կառավարության աշխատակազմում գործող Թեժ գծով 2009թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 4839 զանգ, որից 1846-ին հենց հեռախոսազրույցի ընթացքում տրվել է պարզաբանում, իսկ 295 հարց, ուղարկվելով համապատասխան մարմինների, 74 դեպքում ստացել է դրական լուծում։ Կառավարության “թեժ գիծը”՝ 527000 հեռախոսահամարով ստեղծվել է քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու եւ թափանցիկությունն ապահովելու նպատակով:

“Օրական Թեժ գծի հեռախոսահամարով ստանում ենք մոտ 50 զանգ,- տեղեկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը,- ՀԴՄ բոնուսների տրամադրման կասեցման հետ կապված Թեժ գծի զանգերը ավելացել են` օրական հասնելով 90-ի”:
Նաեւ շատ են եղել դեպքեր, երբ քաղաքացու բողոքը չի բավարարվել, սակայն նրան տրվել է իր խնդրի վերաբերյալ սպառիչ պատասխան:
Թեժ գծով զանգում են տարաբնույթ բողոքներով եւ խնդիրներով` նեղ ընտանեկան հարցերից մինչեւ լուրջ ուսումնասիրություն պահանջող հիմնահարցեր:

Հիմնականում Թեժ գծով զանգահարող քաղաքացիները տեղեկություններ են ուզում ՀԴՄ կտրոնների վերաբերյալ, թե որտեղից եւ ինչ կարգով կարող են ստանալ բոնուս գումարները, կամ էլ պարզապես տեղեկացնում են, որ այս կամ այն առեւտրի կետում չեն տրամադրում ՀԴՄ կտրոն:

“Բոլոր զանգերը եւ բողոքները համառոտագրվում են եւ ուղարկվում ըստ հասցեատերերի,-նշում է Ա. Ղազարյանը:- Օրինակ, օգոստոսին մի քաղաքացուց բողոք ստացանք, որ Արաբկիրի հարկային տեսչությունում չկա պատշաճ տեղեկատվություն, թե ինչպես են լրացվում ՀԴՄ բոնուս ստանալու դիմումները: Մենք անմիջապես տեղեկությունը ուղարկեցինք ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտե: Երկու օրից ստացանք պատասխան, որ Արաբկիրի հարկային տեսչության սպասարկման սրահի բոլոր անհարմարությունները վերացվել են: Նաեւ այն բոլոր զանգերը, որոնք վերաբերում են ՀԴՄ կտրոններին, համապատասխան հարկային տեսչության աշխատակիցների կողմից ստուգվում են, զանգը ճիշտ լինելու պարագայում տվյալ առեւտրային սպասարկման կենտրոնը տուգանվում է”:

Թեժ գծով բողոքներ են ստացվում ոչ միայն Երեւանից եւ մարզերից, այլ նաեւ` արտերկրից` Կիպրոսից, ՌԴ-ից, Վրաստանից եւ այլ երկրներից: Դրանք հիմնականում վերաբերում են քաղաքացիների ետվերադարձին: Օրինակ, Կիպրոսից զանգել եւ բողոքում էին, որ քաղաքացուն հյուպատոսարանում անձնագրային խնդիրների հետ կապված երկար քաշքշուկների մեջ են գցում: Հեռախոսազանգին անմիջապես ընթացք է տրվել եւ 1 օրում խնդիրը ստացել է դրական լուծում:

Ա. Ղազարյանն ասում է, որոշ դեպքերում Թեժ գծով ստացված քաղաքացու բարձրացրած հարցը ոչ միայն լուծում է ստացել, այլ նաեւ քաղաքացուն ընդառաջել են: Ըստ անձնագրի տրման կարգի` քաղաքացուն տալիս են անձնագիր որեւէ հասցեում հաշվառված լինելու դեպքում: Քաղաքացին, սակայն, որեւէ տեղ գրանցված չի եղել, բայց անձնագրային վարչության աշխատակիցները գտել են տարբերակ (ինչ-որ հասցեում գրանցել են) եւ քաղաքացու անձնագրի խնդիրը լուծել:

Բազմաթիվ բողոքներ են ստացվում նաեւ ապօրինի շինարարության վերաբերյալ, որոնց շնորհիվ կանխվել է ապօրինի շինարարությունը: Օրինակ, 16.07.09թ.-ին Թեժ գծով զանգ էր ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի Շոպռոնի փողոցի 22-րդ շենքի մոտ գիշերվա ընթացքում կտրել են խաղողի վազը եւ ապօրինի ավտոտնակ են կառուցում: Անմիջապես տեղեկությունն ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան, որն էլ ապօրինի շինարարական աշխատանքները նախաձեռնման փուլում կասեցրել է:

Ինչպես նշում է Ա. Ղազարյանը, մեծ թիվ են կազմում հոգեկան շեղումներ ունեցող քաղաքացիները, որոնք Թեժ գծով բողոքում են իրենց հետապնդող ուրվականներից, անձանցից: Նման դիմումներին ընթացք չի տրվում: Լինում են դեպքեր, երբ մարդիկ սրտնեղած զանգում են եւ բողոքում, գոռգոռում, անգամ` հայհոյում:

ՀՀ կառավարության թեժ գծի 4-ամսյա պատմության մեջ զավեշտալի դեպքեր էլ են գրանցվել: Մի օր զանգահարել է մի տղամարդ եւ բողոքել, որ իր կինը գիշերն իր հետ սառն է եղել: Եվ երբ ֆիքսված հեռախոսահամարով ետ են զանգել` կարծելով, որ դա ինչ-որ մեկի կողմից արված կատակ է, այդ տղամարդը նորից կրկնել է իր բողոքը: Կամ էլ նախկին գյուղապետը բողոքել է գործող գյուղապետից գյուղի մեկ այլ բնակչի անունից:

“Աշխատանքը շատ է, երբեմն` հոգնեցուցիչ եւ զայրացնող, սակայն, այնուամենայնիվ, մեր աշխատանքից հաճույք ենք ստանում, քանի որ այն արդյունք է տալիս. Բողոքներից բացի ստանում ենք նաեւ բազմաթիվ շնորհակալություններ”,-հավելեց ՀՀ կառավարության աշխաքակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նաեւ կոչ արեց բոլորին, որ “եթե խախտվում են ձեր` օրենքով պաշտպանված շահերը, զանգեք “Թեժ գիծ”:

← Վերադառնալ ցուցակին