Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Հանդես եկեք նախաձեռնությամբ…

08.10.2009

Գեւորգ Հայրապետյան

Տեղեկատվություն ստանալու ճանապարհին երբեմն հանդիպում են իրավական ակտեր, որոնք, սահմանում են տեղեկություն ստանալու այլ պայմաններ, քան նախատեսված է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 07.07.2009թ.-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությանը` խնդրելով տրամադրել Երեւան քաղաքում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վիճակագրությունը 2009թ.-ի առաջին կիսամյակի համար, 2008թ.-ի 1-ին կիսամյակի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային իրավախախտումնեի քանակի փոփոխությունը (%-ային հարաբերակցությունը):

ԻԱԿ-ի հարցմանը ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությունը պատասխանեց մերժումով` նշելով, որ տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է վճարել:

“Մենք պատրաստ ենք տրամադրել տեղեկատվություն, սակայն կա կառավարության որոշում (թիվ 1408-Ն), որի համաձայն արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա է 3000 դրամ վճար տեղեկատվության տրամադրման համար: Բա որ գան ստուգե±ն: Անդորրագիրը չկա, բայց տեղեկություն է տրամադրվել”: Ահա եւ տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքը:

Այդ որոշման համաձայն` Ճանապարհային ոստիկանություն ծառայությունից տեղեկություն ստանալու համար անկախ պահանջվող տեղեկատվության ծավալից պետք է Ճանապարհային ոստիկանություն ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարել 3000 դրամի ճափով վճար. “Ձեր գրության պատասխանը կարող եք ստանալ միայն վճարման անդորրագիր ներկայացնելուց հետո”:

ՀՀ կառավարության իրավաբանական վարչությունից տեղեկացրին, որ այս որոշման ընդունման պատճառը հետեւյալն է. մի քանի տարի առաջ Ճանապարհային ոստիկանության համակարգում սկսվեցին բարեփոխումներ իրականացվել: Այդ բարեփոխումներն իրականացնելու համար հսկայական գումար էր անհրաժեշտ, եւ այդ գումարը բյուջեի միջոցներով փակելն անհնար էր: Այդպես առաջացավ արտաբյուջետային ֆոնդ ստեղծելու անհրաժեշտությունը: Հետեւաբար` “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության որոշ գործառույթներ դարձան վճարովի: Բնականաբար` արտաբյուջետային ֆոնդ վճարվելիք գումարի չափերը պետք է սահմաներ ՀՀ Կառավարությունը:

Չի± հակասում արդյոք ՀՀ Կառավարության թիվ 1408-Ն որոշումը “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքին: Չէ± որ ըստ “ՏԱ մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկատվության տրամադրման համար գանձում չի կատարվում մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս:

Համաձայն “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի, իրավական ակտը մեկնաբանելու լիազորություն ունի այն կիրառող մարմինը, տվյալ դեպքում ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությունը:

ԻԱԿ-ը երկրորդ անգամ տեղեկատվություն ստանալու հարցում ուղարկեց ՀՀ Ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայությանը` նշելով, որ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն առավելություն ունի ՀՀ Կառավարության թիվ 1408-Ն որոշման հանդեպ եւ, հետեւաբար, տեղեկություններ տրամադրելիս պետք է առաջնորդվել “ՏԱ մասին” ՀՀ օրենքով, այլ ոչ թե Կառավարության որոշմամբ:

Հարցումն ստանալով` ՀՀ Ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայությունը ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար հրավիրեց ոստիկանություն հարցազրույցի:

ՀՀ Ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության իրավաբանական բաժանմունքի պետ մայոր Չիլինգարյանը նշեց, որ իրականում հակասություն չկա “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի եւ Կառավարության որոշման միջեւ, քանի որ Կառավարությունը չի որոշել, թե “Ճանապարհային ոստիկանություն” ծառայությունից տեղեկությունների համար պետք է վճարել: Դա սահմանված է “Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքի 33.1 հոդվածի 2-րդ մասի “գ” կետով: Համաձայն այդ կետի` արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է օրենքով չարգելված տեղեկատվության վճարովի տրամադրումից ստացվող միջոցներից: Կառավարությունն ըստ էության միայն չափ է սահմանել եւ վերջ: Այսինքն, ստացվում է, որ երկու հավասարազոր իրավական ակտեր` “Տեղեկատվության ազատության մասին” եւ “Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին” օրենքները իրար հակասող դրույթներ են պարունակում: Մի դեպքում ՏԱ մասին օրենքում հստակ նշված է, որ մինչեւ տասը էջ տեղեկատվության տրամադրումն անվճար է, մյուս դեպքում “Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքի 33.1 հոդվածից բխում է, որ ՀՀ Ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայությունից տեղեկատվություն ստանալու համար պետք է վճարել: Պարոն Չիլինգարյանը նաեւ նշեց, որ ամեն օր նա ստիպված է լինում շատ քաղաքացիների երկար բացատրել վճարելու անհրաժեշտությունն ու օրինականությունը, քանի որ շատերի համար 3000 դրամը քիչ չէ: Այդպիսի մի “կրակի” մեջ էլ իրենք են:

Եվ վերջում պարոն Չիլինգարյանը մի խորհուրդ տվեց. “Հանդես եկեք նախաձեռնությամբ”…

← Վերադառնալ ցուցակին