Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Քաղաքապետի թեկնածուներն առանց հայտարարագրերի

27.05.2009

Այսուհետ ընտրողները չեն կարողանա իմանալ իրենց թեկնածուների գույքի եւ եկամուտների մասին մանրամասներ, քանի որ այս տարվա հունվարի 1-ից ընտրություններին մասնակցող թեկնածուներն այլեւս կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրեր:

Թեեւ ընտրական օրենսգիրքը սահմանում է հայտարարագրերի հրապարակայնությունը, սակայն 2009թ. հունվարի 1-ից “ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին” ՀՀ օրենքը ուժը կորցրած է ճանաչվել, իսկ նոր օրենքը`“Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին”, այլեւս չի պարտադրում ԿԸՀ ներկայացնել թեկնածու առաջադրված քաղաքացիների գույքի եւ եկամուտների հայտարարգրերը որի արդյունքում ամբողջովին խախտվել է հայտարարագրերի հրապարակայնության սկզբունքը:

Այսպես, նախկինում ցանկացողները կարող էին դիմել եւ ստանալ նախորդող տարիների պաշտոնատար անձանց հայտարարագրերի պատճեները, սակայն այժմ հայտարարագրերին կարելի է ծանոթանալ միայն վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար: Մեկ այլ սահմանափակում էլ է դրվել. հայտարարագրերին կարելի է ծանոթանալ բացառապես տվյալ տարվա օգոստոսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն` հայտարարգրերը հանրությանը տարվա մեջ միայն 4 ամիս են մատչելի:

Բացի այդ, հայտարարագրերը կարող են ստանալ միայն այն ԶԼՄ-ները, ովքեր ունեն մշտական անվանում, հերթական համար եւ ամսաթիվ, պարբերական թողարկումներով նյութական կրիչի վրա թողարկվում եւ տարածվում են ՀՀ-ում եւ որոնց միեւնույն բովանդակության օրինակների քանակը պակաս չէ երեք հազարից:

Թե ԿԸՀ-ից եւ թե ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեից փորձեցինք պարզել հայտարարագրերի հրապարակայնության սահմանափակման պատճառը, ստացանք պատասխան, որ այդպիսին է օրենքի պահանջը:

Կառավարությունն էլ խոսում է շահերի բացահայտման ինստիտուտի ներդրման մասին. ընդամենն օրեր առաջ` մայիսի 14-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը իր խոսքում նշեց.“ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը (“Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին” ՀՀ օրենքը,-խմբ.) ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվի”։ Սակայն միեւնույն ժամանակ շահերի բացահայտման արդեն առկա մեխանիզմը` թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի եւ եկամուտների հայտարարագիրը ԿԸՀ ներկայացնելու պահանջը, վերացվում է, այն էլ` անհիմն, առանց բացատրության:

Արդյունքում` գնում ենք ընտրությունների` առանց թեկնածուների գույքի ու եկամուտների մասին տեղեկատվություն ունենալու:

← Վերադառնալ ցուցակին