Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Ընտրություններին մասնակից կուսակցությունների մի մասը չի բացում ֆինանսական հաշվետվությունները

05.05.2009

Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու անդամների ընտրությունների նախօրեին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը որոշեց պարզել ընտրություններին մասնակցող կուսակցություններից եւ կուսակցությունների դաշինքներիից, թե որքանով են նրանք պատրաստ աշխատել բաց եւ հրապարակային:

Այս նպատակով ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկեց առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին` ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, ԺԿ-ին, ՀԱՍԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՀԱԿ դաշինքին: Հարցմամբ ուզել էինք տեղեկատվություն տվյալ կուսակցության 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճեն եւ տվյալ կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:

ՏԱ օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետում պատասխանել են միայն ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: Ի դեպ, երկու կուսակցության պատասխանատուներն էլ պատասխանը հանձնել են պատշաճ կարգով, առձեռն:

Իսկ Ժողովրդավարական կուսակցությունից (Տիգրան Կարապետյանի) “պատասխան” ստացանք հեռախոսազանգով, այն է` իրենք պարտավոր չեն նման տեղեկատվություն տալու, մեր ինչ գործն է, ավելորդ վարչարարությամբ է մեր կազմակերպությունը զբաղվում եւ այլն: Բայց երբ նրանց տեղեկացրեցինք, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն արդեն պատասխանել են մեր տեղեկատվություն ստանալու հարցմանը, ինչպես նաեւ հիշեցրեցինք, որ հայցվող տեղեկատվությունը չստանալու դեպքում կարող ենք եւ դատական կարգով ստանալ, կուսակցությունից ստացանք գրավոր պատասխան: Սակայն ԺԿ-ի պատասխանը թերի էր. տեղեկատվություն ստանալու հարցման մեջ խնդրել էինք տրամադրել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն, իսկ ԺԿ-ի պատասխանում թեեւ նշված էր, որ կուսակցությունը 500 հազար դրամ նվիրատվություն է ստացել, սակայն ֆինանսավորման աղբյուրը չէր բացահայտված:
ՀՀԿ-ին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվություն է կատարել միայն “Կապանի ՃՇՇ” ՍՊԸ-ն` 6785.0 հազար դրամ:

Իսկ ՀՅԴ-ին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվություն են կատարել 2 ֆիզիկական անձ` Կարինա Կանդարյանը` 10.000.000 դրամ եւ Գագիկ Գեւոգյանը` 15.000.000 դրամ:

Արդյունքում, ստացանք հետեւյալ պատկերը. 7 տեղեկատվություն ստանալու հարցում, 2 ժամանակին տրված պատասխան (ՀՅԴ եւ ՀՀԿ), 1 ուշացումով եւ թերի պատասխան (ԺԿ) եւ 4 անպատասխան մնացած հարցում (ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱՍԿ, ՀԱԿ):

Թերեւս ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավի հիմնական դրույթներից է հրապարակայնությունը, թափանցիկությունը, հանրության առջեւ հաշվետու լինելը, սակայն վերոնշյալ ուսումնասիրությունը փաստում է, որ որքան էլ խոսքերը գրավիչ են, սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս:

Հայ հեղափոխական դաշնակցության 2008թ. ֆինանսական հաշվետվությունը կարող եք կարդալ այստեղ, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆինանսական հաշվետվությունը՝ “Հայոց աշխարհ” օրաթերթի 2009թ. մարտի 18-ի N72/2872 համարում:

← Վերադառնալ ցուցակին