Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Հրապարակայնությունը վտանգվա՞ծ է խորհրդարանում

20.03.2009

Հանրության ուշադրությունը բավականին մեծ է երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ: Այն թերեւս արդարացված է, քանի որ մարդիկ ուզում են իմանալ, թե իրենց ընտրած պատգամավորներն ինչպես են աշխատում, ինչ օրենքներ են ընդունում եւ ինչ օրենսդրական նախագծեր քննարկում երկրի խորհրդարանում:

Օրենսդիր իշխանության թափանցիկության, հրապարակայնության եւ հասարակության առջեւ բաց լինելու սկզբունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածով.”Ազգային Ժողովի նիստերը դռնբաց են”: Ազգային Ժողովի աշխատանքների հրապարակայնությունը կարգավորվում է նաեւ “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքով: ԱԺ նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստեր կարող են գումարվել Ազգային ժողովի որոշմամբ: Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է օրենքով:Դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է։ Դռնփակ նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել եւ օգտագործել ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա եւ տեսատեխնիկա, ռադիոկապի եւ հեռախոսակապի, ինչպես նաեւ ձայնագրման եւ տեղեկատվության մշակման միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի: Դռնփակ նիստի սղագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով (հոդված 43):
 
Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողները առանց խոչընդոտների իրականացնում էին իրենց աշխատանքը ԱԺ-ում: Սակայն ԱԺ նոր աշխատակազմի ղեկավարը` Գեղամ Ղարիբջանյանը, 2009թ. մարտից  սկսել է որոշակի սահամանփակումներ կիրառել խորհրդարանական լրագրողների աշխատանքներում: Մասնավորապես, Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից երկու ճեմասրահներում Աժ աշխատակազմի նոր ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ գործերի կառավարիչ Ալբերտ Հերոյանի անմիջական հսկողությամբ տեղադրվել են երկու մեծ մոնիտորներ, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան ԱԺ նիստերի աշխատանքին հետեւել` ձայնագրել ու տեսաձայնագրել նաեւ միջանցքներից: Սա թերեւս դրական քայլ է լրագրողների աշխատանքը թեթեւացնելու առումով, սակայն այն նաեւ պարունակում է մեծ վտանգ, քանի որ այս կերպ լրագրողները, հատկապես հետուստալրագրողները հնարավորություն չեն ունենա հանրությանը ներկայացնելու ԱԺ կիսադատարկ դահլիճները, նիստերի ժամանակ քնած կամ էլ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորներին: Քանի որ օպերատորները նիստի ժամանակ չեն կարողանում ազատ տեղաշարժվել ԱԺ նիստերի դահլիժում, հանրությունն էլ ստիպված է լինում ԱԺ աշխատանքները պատմող ռեպորտաժների ժամանակ դիտել իր կողմից քվե ստացած պատգամավորի միայն ծոծրակը:

Այս գործընթացը դեռեւս կանոնակարգված չէ, չկա համապատասխան որեւէ որոշում, սակայն արդեն իսկ օպերատորներին հրահանգվել է նիստի ժամանակ նկարահանումներ կատարել առաջին 30 րոպեն միայն, արգելվել է նիստի ժամանակ ելումուտ անել եւ այլն: Նիստի մնացած հատվածը կարող են տեսագրել արդեն միջանցքում տեղակայված մոնիտորներից: Եվ հեռուստադիտողը ստիպված է լինելու դիտել դահլիճում տեղադրված տեսախցիկի ֆիքսած կադրերը:

Հեռուստալրագրողները եւ հատկապես օպերատորները դժգոհ են այս կարգից, “քանի որ նյութ պատրաստելիս կադրերի սղությունը զգացնել է տալիս, կադրերը միանման են ստացվում”:

ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը կարծում է, որ սա անթույլատրելի է, “քանի որ աշխարհում ընդունված է խորհրդարանի այն մոդելը, որը  բաց է բոլորի համար: Միաժամանակ, սա ինչ-որ առումով արդարացված է, քանի որ լրագրողներից ոմանք նիստի ժամանակ մոտենում են այս կամ այն պատգամավորի` հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, որը խանգարում է խորհրդարանի բնականոն աշխատանքին”: Այնուամենանիվ, ԱԺ փորձագետը կարծում է, որ հնարավոր էր այլ լուծում գտնել, այլ ոչ թե լրագրողների մուտքը սահմանափակել:

Օրինակ, Սլովենիայի պառլամենտում (մեզ պես փոքր երկրում,-Ա. Ք.), Եվրախորհրդարանում կան հատուկ պատշգամբներ, որտեղից լրագրողները հետեւեում են խորհրդարանի աշխատանքին: Այն փաստացի առանձնացված է, բայց միեւնույն ժամանակ նույն դահլիճում են գտնվում թե լրագրողները եւ թե պատգամավորները:

Հուսանք, որ ի վերջո կգտնվի փոխհամաձայնության մի տարբերակ, որից գոհ կլինեն թե լրագրողները եւ թե պատգամավորները, արյունքում` կշահի հանրությունը:

← Վերադառնալ ցուցակին