Հրապարակումներ
Հոդվածներ
Բնակչի հայցը բավարարվել է
14.07.2008
Արման Ղարիբյան
Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչ Արմինե Առաքելյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասությունների դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ «Կենտրոն» համատիրության` պահանջելով փաստել համատիրության ստեղծման օրինականությունը եւ ներկայացնել անցյալ 4 տարիների գործունեության հաշվետվությունը:
Արմինե Առաքելյանը դեռեւս 2007 թվականի ապրիլին նամակով դիմել էր «Կենտրոն» համատիրությանը` խնդրելով ներկայացնել համատիրության ստեղծման օրինականությունը հաստատող փաստաթղթերը, անցյալ 4 տարիների գործունեության զեկույցներն ու ֆինանսական հաշվեցույցերը: Մեզ հետ զրույցում Արմինե Առաքելյանը նշեց, որ ինքը պարտաճանաչ վճարում է «Կենտրոն» համատիրության պահանջած վարձավճարները եւ ցանկանում է իրազեկված լինել, թե ինչպես են ծախսվում բնակիչներից գանձվող գումարները: «Դա իմ իրավունքն է` իմանալ, թե փողերը ինչի համար են ծախսվում, եւ եթե համատիրությունը անօրինական չէ, իր համար դժվարություն չպետք է ներկայացնի տեղեկություն տալ բնակիչներին»,- ասում է Արմինե Առաքելյանը:
«Կենտրոն» համատիրությունը պատասխանել է Արմինե Առաքելյանի նամակին, սակայն համատիրության տրամադրած տեղեկատվությունը չի բավարարել նրան. «Մի թերի պատասխան ստացա, որի վերջում գրված էր, որ Ձեր հարցադրումները խանգարում են մեր աշխատանքին»,- ասում է Կենտրոն համայնքի բնակիչը: Արմինե Առաքելյանը եւս մի նամակ է գրել «Կենտրոն» համատիրությանը, որի պատասխանը չստանալուց հետո, նոյեմբերի 5-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարան: Նշենք, որ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի` «Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ հրապարակել իր գործունեությանն առնչվող տեղեկությունները, որոնք վերաբերում են հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքներին եւ ծառայություններին»:
Բնակչի շահերը դատարանում ներկայացնում է Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի (այսուհետ` ՄԻԺԻ) հայաստանյան կազմակերպությունը: Կազմակերպության նախագահ Գոռ Հակոբյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենց ինստիտուտը ցանկանում է այս դատական գործընթացով նախադեպ ստեղծել մյուս բնակիչների եւ քաղաքացիների համար, որպեսզի նրանք էլ պայքարեն իրենց իրավունքների համար, ինչն էլ, ըստ Գոռ Հակոբյանի, կնպաստի քաղաքացիական հասարակության կայացմանը: «Մենք նպատակ ունենք, այս դատական գործը հաղթելով, ցույց տալ քաղաքացիներին, որ իրենք էլ կարող են պայքարել իրենց իրավունքների համար դատարանում ու հաղթել»,- ասում է Գոռ Հակոբյանը: ՄԻԺԻ-ի նախագահը կարծում է, որ «Կենտրոն» համատիրությունը ստեղծվել է անօրինական ճանապարհով, եւ եթե դա հնարավոր լինի ապացուցել, ապա Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը համատիրության դեմ քրեական գործ հարուցելու նպատակով կդիմի դատախազություն: «Փաստորեն, հնարավոր է` համատիրությունը 4 տարի շարունակ անօրինական գործունեություն է ծավալել»,- ասում է Գոռ Հակոբյանը:
Մարտի 5-ին եւ 28-ին կայացած դատական նիստերի ժամանակ պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել: Գոռ Հակոբյանը նշում է, որ սովորաբար համատիրությունն է դիմում դատարան` բնակիչներից վճարումները բռնագանձելու համար, իսկ այս անգամ համատիրությունը դատարան չի ներկայացել, քանզի պատասխանելու ոչինչ չունի: «Եթե պատասխանելու բան ունենային, կգային, կներկայացնեին, նրանք անգամ հայցին գրավոր չեն պատասխանել»,- ասում է ՄԻԺԻ-ի նախագահը:
Զանգեցինք «Կենտրոն» համատիրություն պարզելու համատիրության դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ եւ դատարան չներկայանալու պատճառը: Համատիրության իրավաբան Միքայել Խաչատրյանն ասաց, որ դատարան չներկայանալն իրենց իրավունքն է: Նա չցանկացավ արտահայտել համատիրության դիրքորոշումը, քանի որ ըստ նրա` համատիրությունից մեկ այլ իրավաբան է զբաղվում այս դատական գործով, ով այժմ վատառողջ է: Հետաքրքրվեցինք, թե երբ կարող ենք զրուցել այդ իրավաբանի հետ. «Նա առողջական խնդիր ունի, չգիտենք… ժամանակի հարց է, տեսնենք` երբ կառողջանա,- ասաց Միքայել Խաչատրյանը: Ապրիլի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասությունների դատարանը, դատավոր Արայիկ Մելքումյանի գլխավորությամբ, բավարարեց Արմինե Առաքելյանի հայցն ընդդեմ «Կենտրոն» համատիրության: «Մենք կարծում ենք, որ դատարանը արդար վճիռ է կայացրել եւ ողջունում ենք այն»,- մեզ հետ զրույցում ասաց հայցվորի շահերը դատարանում պաշտպանող ՄԻԺԻ-ի նախագահ Գոռ Հակոբյանը: Հայցվոր Արմինե Առաքելյանն էլ ասաց, որ դատարանի վճիռը դրական ազդեցություն է թողել իրենց շենքի բնակիչների վրա: «Դեռ ոչ բոլորն են տեղյակ, բայց նրանք, որ տեղյակ են շատ ուրախացել են: Իմ հարեւաններից շուրջ 50 հոգի նույնպես դիմել էին համատիրություն տեղեկություն ստանալու համար եւ պատասխան չէին ստացել, այնպես որ այս վճիռը միայն ինձ չի վերաբերում»,- ասում է Արմինե Առաքելյանը:
Այցելեցինք «Կենտրոն» համատիրություն եւ զրուցեցինք արդեն ապաքինված փաստաբան Արաքսյա Գրիգորյանի եւ համատիրության կառավարիչ Ռոբերտ Գալոյանի հետ:
Արաքսյա Գրիգորյանը հաստատեց իր վատառողջ լինելը, իսկ մեր այն հարցին, թե ինչու հայցն անգամ գրավոր չեն պատասխանել, ասաց, որ այդ ընթացքում նախագահական ընտրություններ էին, եւ համատիրության աշխատակիցները աշխատում էին ընտրատարածքային հանձնաժողովներում եւ ժամանակ չեն ունեցել: Նշենք, որ համատիրության կառավարիչն ու փաստաբանը դատարանի վճռի մասին տեղեկացան մեզնից եւ չթաքցրեցին իրենց զարմանքը: «Դատավորը երեւի ուշադիր չի էլ կարդացել, թե հայցվորը մեզանից ինչ փաստաթղթեր է ուզում»,- բարկացավ «Կենտրոն» համատիրության կառավարիչն ու ասաց, որ հայցվոր Արմինե Առաքելյանը իրավունք չուներ պահանջել այն փաստաթղթերը, որոնք իր շենքին չեն վերաբերում: «Եթե կուզի տեսնել իր շենքի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, խնդրեմ, բոլորը կտրամադրեմ, բայց նրա ի՞նչ գործն է, որ ցանկանում է 632 շենքերի (համատիրությունը սպասարկում է այդ քանակի շենք-Ա.Ղ.) փաստաթղթերը ստանալ»:
Նշենք, որ դատարանը նաեւ հաստատված է համարել, որ «Կենտրոն» համատիրությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, համաձայն որի` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը…»: Այս կապակցությամբ համատիրության կառավարիչ Ռոբերտ Գալոյանն ասաց. «Հո՞ կրակը չենք ընկել օրենքի ձեռը, որ այդպես է թող բոլոր բնակիչներն ամեն օր գան ու փաստաթղթեր պահանջեն, մեր պետական բյուջեն քաղաքացիների հարկերից է գոյանում, դե գնացեք զեկույց պահանջեք, ասեք` մեր իրավունքն է, տեսեք` կտա՞ն»:
«Կենտրոն» համատիրության փաստաբան Արաքսյա Գրիգորյանի պնդմամբ` իրենք հայցվոր Արմինե Առաքելյանին բազմիցս հրավիրել են համատիրություն` նրա ցանկացած փաստաթղթերին ծանոթանալու, սակայն բնակիչը մերժել է իրենց առաջարկը. «Այդ կինը պարզապես կապրիզ է անում. ես ավելի շուտ աշխատանքից դուրս կգամ, քան իր պահանջած բոլոր թղթերը կներկայացնեմ, որովհետեւ այդքան փաստաթղթերի պատրաստումը ամիսներ կտեւի»,- ասում է Արաքսյա Գրիգորյանը:
«Կենտրոն» համատիրությունը վիճարկում է Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանում: