Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

500 հազար ԱՄՆ դոլարն ու մարզային 10 կայքերը

28.03.2008

Հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար: Սա այն գումարն է, որ 2002 թվականին հատկացվել է ՀՀ տասը մարզպետարանների եւ տարածքային կառավարման նախարարության կայքերի պատրաստման համար: Այս մասին մեզ տեղեկացրեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի ժողովրդական ծրագրերի համակարգող Ալլա Բակունցը:

Կայքերը ստեղծելուց եւ գործարկելուց վեց տարի անց որոշեցինք պարզել թե ինչպես են դրանք գործում այժմ: Կայքերի ուսումնասիրման ժամանակահատվածը հետևյալն է` նոյեմբեր 2007թ.-ից մինչև փետրվար 2008թ.: Այս ընթացքում մեզ չհաջողվեց ծանոթանալ Արմավիրի (www.armavir.region.am), Արարատի (www.ararat.region.am), Սյունիքի (www.syunik.region.am), և Վայոց Ձորի (www.vdzor.region.am) մարզպետարանների կայքերին միայն այն պատճառով, որ դրանք չէին աշխատում: Հետեւաբար, սիրելի ընթերցող, կայքերին վերաբերող ընդհանուր տեղեկություններ կարդալիս հնարավոր է ծանոթանալ միայն Կոտայքի (www.kotayk.region.am), Լոռու (www.lori.region.am), Շիրակի (www.shirak.region.am), Տավուշի (www.tavush.region.am), Արագածոտնի (www.aragatsotn.region.am), Գեղարքունիքի (www.gegharkunik.region.am) մարզպետարանների կայքերին: Թեպետ, հարկավոր է առանձնացնել Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների կայքերը, որոնք համեմատաբար ավելի հաճախ է հաջողվում այցելել:

Նշենք, որ մեր գնահատմամբ կայքերը հաջող են կառուցված (որն ապահովել է Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (CIT)): Կենտրոնը կայքը մշակել է այնպես, որ մարզին վերաբերող գրեթե ցանկացած տեղեկատվություն հնարավոր լինի գտնել որոնման համակարգի միջոցով: Միաժամանակ մարզպետարանները հնարավորություն են ստանում այստեղ կատարելու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները (Տեղեկությունների մատչելիության եւ հրապարակայնության ապահովումը 7-րդ հոդված, 3-րդ կետ), համաձայն որի, տեղեկատվություն տնօրինողը առնվազն տարին մեկ անգամ հրապարակում է հետեւյալ տեղեկությունները` բյուջեն, հանրության համար իրականացվող աշխատանքները եւ ծառայությունները, գրավոր հարցումների ձեւերը, դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները, հաստիքացուցակները, թափուր աշխատատեղեր եւ այլն: Նույն օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ վերոնշյալ տեղեկությունները «հրապարակվում են հանրության համար մատչելի ձեւով, տեղեկատվություն տնօրինողի ինտերնետային էջի առկայության դեպքում նաև դրանով»:

Ստորև ներկայացնում ենք մարզային կայքերի ուսումնասիրությունը` դրանք դիտարկելով որպես տեղեկատվության աղբյուր: Հատկապես պետք է առանձնացնել կայքերի «որոշումներ, իրավական ակտեր» հատվածը, որտեղ տեղակայված են տարածքային կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրական փաստաթղթերը (օրենքներ, նախագահի հրամանագրեր, կառավարության եւ վարչապետի որոշումներ, մարզպետի որոշումներ, տարածքային կառավարման նախարարի հրամաններ եւ այլ կարգավորող փաստաթղթեր): Մեր ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ ավելի հաճախ թարմացվում են նախագահի հրամանագրերը, մարզպետի որոշումնեը, կարգադրությունները:

Այս առումով Կոտայքի մարզպետարանի կայքը, թերևս, ավելի հաճախ է թարմացվում` նախագահի հրամանագրերը, մարզպետի որոշումները, կարգադրությունները կայքում տեղադրվում են բավականին օպերատիվ (դրանց մեծ մասը 2007 թվականի դեկտեմբեր եւ 2008 թվականի հունվար եւ փետրվար ամիսներով են թվագրված): Իհարկե, այստեղ ամեն ինչ կատարյալ կլիներ, եթե չլինեին 2005, 2006 թվականներին ընդունված օրենքները («Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ընդունված 27.02.2006թ, «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» 24.06.2005.թ. «Սոցիալական աջակցության մասին» 24.10. 2005թ.):

Շիրակի մարզպետարանի կայքը դիտարկելիս նկատեցինք, որ այստեղ տեղադրված են բացառապես 2004 եւ 2005 թվականներին ընդունված օրենսդրական փաստաթղթեր, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ այս առումով այն նախանձելի վիճակում չէ: Ի դեպ` նշենք, որ մյուս կայքերում չգտանք 2008 թվականին ընդունված որեւէ պաշտոնական փաստաթուղթ:

«Որոշումներ, իրավական ակտեր» բաժնում տեղ են գտել Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի և օրենսդրության մասին տեղեկությունները, որտեղ ընդհանուր ծանուցումից հետո թվարկված են այն օրենքները, որոնք առնչվում են ՀՀ հարկային համակարգին ներքևում հետևյալ գրությամբ` «օրենքի տեքստի հրապարակումն այս համակարգում նախատեսված չէ»: Նկատենք, որ կայքի շրջանակներում օրենքները մեջբերված չեն, և չկա հայփերլինք, որը ընթերցողին կուղղորդի դեպի օրենքը: Սա, թերևս, լուրջ բացթողում է:

Վերոնշյալ կայքերում այցելուները կարող են ծանոթանալ մարզերի համայնքային բյուջեների եկամուտներին և ծախսերին: Սակայն այստեղ կրկին հանդիպեցինք ոչ այնքան թարմ տեղեկատվության, քանզի դրանք ներկայացնում էին 2004, 2005, 2006 թվականների արդյունքները (Կոտայք, Շիրակ, Արագածոտն):

Ի դեպ` բացի «Բյուջե» բաժնից, այս անտարբերությունը հատկապես ցայտուն երևաց «Դատարաններ» բաժնում, որը նախատեսված է մարզերի առաջին ատյանի դատարանների որոշումները հրապարակելու համար: Որոշումները ներկայացված են մանրամասնորեն և մկնիկի մեկ սեղմումով հնարավոր է ամբողջ տեքստին ծանոթանալ: Բոլոր կայքերում էլ «ամենաթարմ» նյութերը թվագրված են 2005 թվականի հոկտեմբերով, նույնիսկ ավելի վաղ ժամանակաշրջանով: Տպավորություն է ստեղծվում, որ 2005 թվականից հետո մարզային դատարանները դադարել են գործելուց, կամ էլ մարզերում դատական գործերն են վերացել:

Նույն բաժնում հայփերլինքով նշված են «Ինչպես դիմել դատարան», «Առաջին ատյանի դատարանի նստավայրեր», «Դատավորներ» եւ «Հայաստանի Հանրապետության դատական համակարգ» որոնման բաժինները: Այն որ տեղեկատվություն անհրաժեշտ է դրանում ոչ մի խոսք, սակայն կայքերին կցված առաջին երեք փաստաթղթերը, և www.armenian-judiciary.am կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ ՀՀ դատական համակարգին (հայփերլինքը հենց այս հասցեով է նշված), ոչ միշտ են աշխատում:

Ի դեպ`հաճախ պարզապես անհնար է բացել կայքում տեղադրված որևէ փաստաթուղթ (դիմումի ձև, բյուջե եւ այլն):

Տեղեկատվությամբ հարուստ բաժիններից մեկն էլ «Կրթություն» բաժինն է, որտեղ մանրամասնորեն ներկայացվում են մարզում գործող դպրոցների, բուհերի, կրթական այլ հաստատությունների, մշակութային կենտրոնների (թատրոններ, թանգարաններ, եկեղեցիներ, գրադարաններ) մասին տեղեկատվություն:

Այս առումով մյուսներից տարբերվում է Լոռու մարզպետարանի կայքը, որտեղ միայն մի փոքր նախաբանից հետո ներկայացվում է մարզում գործող հաստատությունների քանակը: Մեջբերում «գրադարան» բաժնից. «Գիրքը սրբություն է, գրադարանը` յուրատեսակ սրբավայր: Գրադարանի կարեւորագույն գործառույթներից է գրավոր մտքի պահպանումը, համալրումն ու փոխանցումը սերունդներին: Լոռու մարզում գործում են 34 գրադարան»:

Մյուս կայքերի «Գրադարան» բաժնում կարելի է գտնել գրադարանների հասցեները, հեռախոսահամարներն ու տնօրենների անունները, ինչպես նաև գրքերի քանակի մասին ստույգ տեղեկատվություն է ներկայացվում: Հնարավոր է, Լոռու մարզպետարանի կայքը հագեցվածությամբ զիջում է մյուս մարզպետարանների կայքերին, քանի որ Լոռու մարզպետարանի կայքը առաջինն է ստեղծվել, եղել է փորձնական տարբերակ, որին հետևել են մյուս մարզերի կայքերը:

Նույն սկզբունքով է պատրաստված «Առողջապահություն» բաժինը, որտեղ ներկայացվում են մարզում գործող առողջապահական հիմնարկությունների մասին տեղեկություններ (օրինակ, տվյալ բուժհիմնարկում մահճակալների քանակը):

Ընդհանուր տեղեկություններում տեղադրված «Հղումներ» բաժնում հայփերլինքով նշված են պետական եւ ոչ պետական մարմինների հասցեները, որոնք մարզային կայքից օգտվողին ուղղորդում են դեպի տվյալ կայքը (ՀՀ նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակ եւ այլն): Սա համարձակ քայլ է, քանի որ կայքում այլ մարմինների անվանումները հայփերլինքով նշելուց առաջ տվյալ կայքի պատասխանատուները պետք է վստահ լինեն, որ այն իրենց ընթերցողի ուշադրությունն ավելի շատ չի սևեռի այդ կայք էջին և որ էջի այցելուն կշարունակի նույն հետաքրքրությամբ ուսումնասիրել իրենց կայքը:

Կայքերի ինտերակտիվությունն ապահովում են «Հայտարարություններ» եւ «Քննարկումների ամբիոն» բաժինները: Առաջինում կայքի այցելուներին հնարավորություն է ընձեռվում տեղադրել հայտարարություններ: Մտահղացումն օգտակար է, բայց մեր գտած բոլոր հայտարարությունների մեծ մասը թվագրված էին 2006-2007 թվականներով: Որոշ կայքերում կարելի էր հանդիպել բոլորովին թափուր աշխատատեղերի հայտարարություններ (Գեղարքունիք, Տավուշ, և Արագածոտն), որոնց դիմելու վերջնաժամկետը ևս 2007 թվականն էր:

«Քննարկումների ամբիոն» բաժնում առաջադրվում են թեմաներ, իսկ կայքից օգտվողների մասնակցությունն իրականացվում է հետեւյալ կերպ` առաջադրվում է որևէ հարց պատասխանի տարբերակներով, իսկ մասնակիցներն ընտրում են տվյալ տարբերակներից որևէ մեկը: Այս առումով կրկին ամենաակտիվը եւ օպերատիվը Կոտայքի մարզպետարանի կայքն է: Այստեղ առաջադրված թեմաներից նախավերջինը վերաբերում էր Ամանորին, իսկ վերջինը` 2008 թվականի նախագահական ընտրություններին: Քվեարկողների, նրանց քանակի մասին որևէ տեղեկություն կայքում չգտանք:

Շիրակի մարզպետարանի կայքում չկային նոր թեմաներ, բայց, փոխարենը, այստեղ պահպանվել էին նախորդ քննարկումների արդյունքները` միասնության շուրջպար, Ֆիլիպ Կիրկորովի հյուրախաղերի բոյկոտ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, Գյումրու քաղաքապետի ընտրություններ: Նշենք նաև, որ նախքան քննարկումներին մասնակցելը կամ որևէ հայտարարություն տեղադրելը, կայքի այցելուն պետք է գրանցվի: Կարելի է նաև ցանցի միջոցով էլեկտրոնային նամակ ուղարկել մարզպետարան և ընդունելության համար կանխավ գրանցվել:

Մեզ հաջողվեց գրանցվել միայն Կոտայքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզպետարանների կայքերում: Եվ, ահա, թե ինչ ստացվեց գրանցվելու և հարց ուղղելու մեր փորձից` հարցն ուղարկելուց հետո փոստարկղում հայտնվեցին Կոտայքի, Լոռու, Գեղարունիքի մարզպետարանների կայքերից պատասխաններ, որոնք ծանուցում էին կայքում հաջող գրանցում կատարելու մասին: Իսկ պատասխան նամակ ստացվեց միայն Կոտայքի մարզպետարանից: Նամակն ասում էր, որ համակարգի կառավարիչը վերապատրաստման դասընթացների պատճառով մեր հարցին կպատասխաներ մեկ շաբաթ անց: Մյուս մարզպետարանների` Շիրակ, Արագածոտն և Տավուշ կայքերում գրանցումը պարզապես ձախողվեց: Վերը նշվածներից էլ միայն Շիրակի մարզպետարանի կայքն ուներ Էլփոստի հասցե (shirakadmin@mail.ru), որից պատասխան դեռևս չենք ստացել (նամակն ուղարկվել է մարտի 4-ին):

Այն կայքերը, որոնք չէին աշխատում անպատասխան թողեցին մեր կողմից ուղարկված էլեկտրոնային նամակը, քանի որ նամակներ բաժանող համակարգը (mail delivery system) ձախողում արձանագրեց (Արմավիր` arm_kar@kar.am, Սյունիք` kap_kar@kar.am, Վայոց Ձոր` egeg_kar@kar.am, Արարատ` art_kar@kar.am): Փաստորեն, էլեկտրոնային փոստերի հասցեները (այս հասցեները նշված են www.gov.am, Տարածքային կառավարման մարմիններ բաժնում) չեն գործում և չեն ապահովում բնակիչների հետ հետադարձ կապը: Այստեղ արդեն օգնության հասավ ավանդական հեռախոսը: Արարատի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Գոհար Խաչատրյանը տեղեկացրեց, որ կայքը չի աշխատում բացառապես վերջին շրջանում ինտերնետ կապի բացակայության և ֆինանսական խնդիրների պատճառով և նշեց, որ օրերս (մարտի 6-ի դրությամբ) այդ խնդիրները պետք է լուծվեն, հետևաբար պիտի վերականգնվեն կայքի աշխատանքները: Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետարանների այն աշխատակիցներին, ովքեր պատասխանատու են կայքի աշխատանքների համար, մեզ չհաջողվեց գտնել (հեռախոսը չէր պատասխանում): Իսկ Արմավիրի մարզպետարանի կայքի մասին պատմություն մի իսկական խառնաշփոթ է. մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ կայքի հետ կապված աշխատանքները Արմավիրի կենտրոնական փոստն է վերահսկում, իսկ փոստի տնօրեն Թովմաս Ասլանյանն ասաց, որ իրենք դրա հետ ոչ մի կապ չունեն: Գուցե հենց այս պատճառով էլ կայքը չի գործում, մինչդեռ, հիշեցնենք, որ կայքերի ստեղծման համար մեծ գումար է ծախսվել:

Ինտերնետային տեղեկատվամիջոցի ամենակարևոր առավելություններից ու առանձնահատկություններից մեկն էլ օպերատիվությունն է: Շիրակի և Կոտայքի մարզպետարանների կայքերը, որոնք մշտապես գործում և թարմացվում են «Որոշումներ, իրավական ակտեր» բաժինները զիջում են իրենց օպերատիվությամբ: Հետաքրքրական է, որ Կոտայքի մարզպետարանի կայքում, մյուս կայքերում ևս, Նոր Տարվա և Ս. Ծննդի տոների կապակցությամբ մարզպետները շնորհավորական ուղերձ էին հղել բնակիչներին, մինչ օրս այդ շնորհավորական ուղերձները կարելի է գտնել կայքերի առաջին էջում, Ծաղկաձորում տեղի ունեցող տնտեսական համաժողովի մասին հայտարարությունը նույնպես անփոփոխ պահպանվել է: Շիրակի մարզպետարանի կայքը բացարձակ անտարբերությամբ դիմավորեց Նոր Տարին: Իսկ դրա ապացույցն «վերջին» վերջին տեղեկատվությունն է` 2007 թվականի դեկտեմբերի 12-ին տեղադրված «Օրհուս կենտրոն Գյումրիում» նյութն է: 2008թ հունվար ամսվա կեսից Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզպետարանների կայքերում սկսեցին տեղադրվել նյութեր, որոնք ժամանակ առ ժամանակ թարմացվում են: Կարելի է ասել, որ վերջիններս բավականին օպերատիվ են աշխատում` չնայած միշտ չի հաջողվում դրանք բացել:

Ալլա Բակունցի տեղեկացմամբ 2006 թվականից ՄԱԿ-ի զարգացման գրասենյակն այլևս չի վերահսկում կայքերի աշխատանքները, բայց մարզպետարաններում կայքի աշխատանքները վերահսկող մասնագետի հայտարարություն է տրված: Ստացվում է այնպես, որ երբ ՄԱԿ-ի գրասենյակ դադարեցնում է կայքերի վերահսկողության աշխատանքները, մարզպետարանների պաշտոնական կայքերից 4-ը (Արարատ, Արմավիր, Սյունիք, Վայոց Ձոր) չեն աշխատում, իսկ 6-ը (Կոտայք, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ) գործում են պարբերաբար և ոչ օպերատիվ:

Այս ամենը վկայում է այն մասին, որ մարզպետարանները բավարար ուշադրություն և միջոցներ չեն հատկացնում իրենց կայքերը պահպանելու, թարմացնելու համար և հանրությանը տեղեկատվությամբ ապահովելու իրենց պարտականությանը լուրջ չեն վերաբերվում:

Հ.Գ. Թեպետ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ի վերջո ով և որտեղ է կատարում Արմավիրի մարզպետարանի կայքի վերահսկման աշխատանքները, բայց փաստն այն է, որ մարտի 12-ի դրությամբ կայքն արդեն աշխատում էր: Գուցե շնորհիվ նաև մեր հեռախոսազանգի:

← Վերադառնալ ցուցակին