Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

WWW.ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.AM

28.03.2008

«Հայաստանի Հանրապետության կառավարության էջում Դուք այսուհետ կարող եք ստանալ գործադիր իշխանության հետ կապված Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները…»:

Այս տողերը, որ տարիներ շարունակ անփոփոխ են մնում, կարող եք կարդալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am): Եթե ուսումնասիրենք կառավարության և մյուս գերատեսչությունների ինտերնետային էջերը, կտեսնենք, որ նրանցում բավական բացթողումներ կան և մեզանից շատերը իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները չէ, որ կկարողանան ստանալ տվյալ կայք էջից:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի երրորդ մասն ասում է, որ տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է գոնե տարին մեկ անգամ հրապարակել իր գործունեությանն առնչվող մի շարք տեղեկություններ (դրանք կետ առ կետ թվարկված են ՏԱ օրենքում)  և դրանցում կատարվող փոփոխությունները:

ՀՀ 16 նախարարություններից մշակույթի նախարարությունը դեռ չունի իր գերատեսչության կայքը, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքը կարելի է համարել, որ նույնպես չունեն: Նախարարությունը կազմավորվել է կառավարության օգոստոի 12-ի 525Ն որոշուման համաձայն: Իսկ պաշտոնական կայքի դատարկ քարտեզը տեղադրվել է նոյեմբերի 20-ին: Կայքի պատասխանատուն նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Լիդա Սարգսյանն է: Հանդիպման ժամանակ նա մեզ հավաստիացրեց, որ 2007-ի դեկտեմբերի 20-ին կայքն ամբողջությամբ համալրված կգործի. «Այսօր որևէ պետական մարմնի գոյությունն առանց կայքի անիմաստ է: Ես շատ լուրջ եմ սայտին վերաբերվում: Դա դեկտեմբերի 20-ից հետո կտեսնեք: Թարմացումներ ամեն օր կլինեն»: Նշենք, որ  2008թ հունվար ամսվա դրությամբ կայքի սայլը տեղից չի շարժվել:

Մշակույթի նախարարությունը միայն ներքին ցանց ունի: Պաշտոնական կայքը դեռ պատրաստման փուլում է: Հասարակության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը հավաստիացրեց, որ մոտ ապագայում այն պատրաստ կլինի. «Այն, ինչ այժմ տեղադրված է www.mcya.am էջում մոտ մեկ տարի առաջ նախնական փորձարկված տարբերակն է: Կայքի պատրաստումը ընթացքի մեջ է, պարզապես դեռ վերջնական տեսքի չի բերվել, ամենաբարդը հենց առաջին էջի դիզայնն է, որ ձգձգվում է, ընդհանուր առմամբ կառուցվածքը կա: Վաղուց պիտի ունենայինք, մեկ տարուց ավելի այդ աշխատանքներն արվում են»:

Կայքի համար պետբյուջեից հատկացրել են չորս միլլիոն դրամ: Ըստ նախնական տվյալների կայքը երեք լեզուներով պիտի ներկայացնի նախարարության պատմությունը, կառուցվածքը, օրենսդրական դաշտը, հայկական մշակույթի պատմության և ժառանգության մասին, այնուհետև թատրոն, երաժշտություն, կինո, հրատարակչական գործ և այլն: Գայանե Դուրգարյանը հատկապես շեշտեց, որ կայքում բյուջեն պետք է թափանցիկ երևա, և որ իրենք օպերատիվ պետք թարմացնեն նորությունները: Ըստ աղբյուրի բաժինը համապատասխան աշխատակիցների խումբ դեռևս չունի, բայց այդ բացթողումը կհստակեցվի, երբ կայքը վերջնականապես պատրաստ կլինի:

ՀՀ նախարարություններից պաշտոնական կայք առաջինն ունեցել է արտաքին գործերի նախարարությունը. «1998 թվականի վերջերից ունեինք, բայց դա մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել: Հիմա էլ է պետք փոփոխություններ անել, այսօրվա պահանջներին կարծես թե այնքան էլ չի համապատասխանում, ուզում ենք ավելի մատչելի դարձնել: Մի մշտական բողոք կա, որ մեր սայտի հասցեն բավականին երկար է, բայց արդեն www.mfa.am որ սեղմեք, դա էլ կբացի», - պատմում է լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Վլադիմիր Կարապետյանը:

Նորությունների բաժինը Վ. Կարապետյանը թարմացնում է օպերատիվ. «Մեր կայքում ավելի շատ հաղորդագրություններ ու լուրեր կան են, դրանք նպատակահարմար չեն վիդեո տարբերակով տեղադրելը: Այս փուլում աուդիո ֆայլեր դնում ենք, աշխատում ենք նաև վիդեոյի վրա»:

Կայքի համար թարգմանիչներ չունեն, լրատվական վարչության աշխատակիցների ուժերով են նյութերը թարգմանվում անգլերեն: Ռուսերեն տարբերակ չկա: Նույն վարչության առաջատար մասնագետ Տիգրան Բալայանը փաստում է, որ արտգործնախարարությունը եզակի գերատեսչություններից է, ուր աշխատում են քչացնել թղթի օգտագործումը: Փաստաթղթերի շրջանառությունը կատարվում է էլեկտրոնային տարբերակով. «Օրինակ` լրագրողներին էլեկտրոնային տարբերակով ենք հավատարմագրում: Հայաստանը Ավստրալիայից հետո երկրորդ երկիրն է, որն ունի էլեկտրոնային վիզայի տարբերակը: Էֆեկտիվ կերպով գործում է: Շատ ենք ուզում, որ հյուպատոսական վարչության գործառույթների մի մասն էլ անցնի ինտերնետին»:

Ի տարբերություն արտգործնախարարությանը` պաշտպանության նախարարությունը պատրաստ է կայքում ցանկացած ձևաչափի տեղեկություն զետեղել: Մամուլի ծառայության պետ, նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, սակայն, կարծում է, որ դրանք բոլորին հասանելի չեն լինի. «Եթե մենք միջոցառման վիդեո տարբերակը տեղադրենք կամ որևէ ծավալուն աուդիո մատերիալ, համոզված եմ` հազվագյուտ մարդիկ կկարողանան դա նայել»: ՊՆ կայքը (ստեղծվել է 2000-ին, եռալեզու է) ամեն օր թարմացվում է. «Մեր բաժնում չորս հոգի է աշխատում, նրանցից երկուսը թարգմանություններ են անում, երկուսն էլ` այլ գործ: Օրվա մեջ 5-6 նորություն հաստատ ունենում ենք»:

Իսկ էներգետիկայի նախարարության կայքում (նոր կայքը ստեղծվել է 2006-ի դեկտեմբերին) թարմացումներ ամեն օր չեն արվում. «Տեղի ունեցող իրադարձությունների մասին  գրում ենք, երբ զարգացումներ են լինում»,- ասում է մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:

Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքը` www.mud.am,  ստեղծվել է 2007-ի օգոստոսի 3-ին և սկսել է գործել սեպտեմբերի 18-ից: Թեև թարգմանիչ չունեն, կայքը եռալեզու է, իսկ թարգմանությունները անհրաժեշտության դեպքում արտաքին կապերի բաժնում են իրականացվում: Հասարակության հետ կապերի բաժնի պետ Անի Արմենակյանն ասում է, որ էջը թարմացնելու հատուկ պարբերականություն չկա, հենց նյութ է լինում անմիջապես տեղադրում են: Նրա կարծիքով կայքը շատ ինֆորմացիայի կարիք չունի. «Ավելորդ ինֆորմացիան պետք չէ տեղադրել ու ծանրաբեռնել սայտը»: Ավելին, այս գերատեսչությունում դեռ ներքին ցանցի միացումները չեն ավարտվել, ասացին. «Ներքին ցանցը շուտով կլինի»:

Տարածքային կառավարման նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Հայթայանը անընդհատ է օգտվում ներքին ցանցից. «Բոլոր բաժինների աշխատակիցներն էլ հրապարակման համար տեղեկությունները դնում են ցանցում, ես նայում եմ, խմբագրում, արագ դնում համապատասխան ծրարում, որ տեխնիկական աշխատողը տեղադրի կայքում, չուշանա: Իսկ եթե այսքանն արվեր առձեռն, օրը կվերջանար»:

Տարածքային կառավարման կայքը սկսել է գործել ավելի ուշ` 2007 թվականի մարտից: Ա. Հայթայանը ասում է, որ աշխատում են կայքն ինքնանպատակ չդարձնելու համար օպերատիվ թարմացնել. «Մենք ունենք կայքի պատասխանատուների ցանկ` ըստ կայքի կառուցվածքի, որում նշված է, թե որ բաժնի համար ով է պատասխաատու: Կայքից հղում ունենք բոլոր մարզերի կայքերին, միասին ենք աշխատում»: Թարգմանությունների հետ կապված (և’ անգլերեն, և’ ռուսերեն) խնդիր չունեն, որովհետև ինֆոտեխնոլոգիաների բաժինը պատասխանատու է նաև այս գործի համար:

Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության կայքը նույնպես եռալեզու է: Սակայն, ինչպես հասարակության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն է պատմում, չեն կարողանում լիարժեք ապահովել բոլոր նյութերի թարգմանությունները. «Միայն հիմնական մասն է թարգմանվել ռուսերեն և անգլերեն, իսկ օրինակ` լուրերը թարգմանելու համար մասնագետ չունենք, հնարավորություններ են պետք: Բացի դրանից հիմնական  մասի և դիզայնի թարմացան կարիք ունենք, դրա համար հիմա որոշ բաներ օպերատիվ չեն թարմացվում, որ միանգամից լուրջ փոփոխություններ անենք»: Հասմիկ Խաչատրյանը մտադիր է 2008-ին ներքին պորտալի բովանդակությունը հարստացնել. «Յուրաքանչյուր ստորաբաժանում իր օրվա արած աշխատանքը, որը ենթակա է ներկայացնելու, պետք է դնի պորտալում: Կայքը սկզբնաղբյուրն է մեր կողմից տրամադրվող ինֆորմացիայի համար, ամենաէժանն է, արագ և օպերատիվ»:

Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Խեչոյանը գտնում է, որ պաշտոնական կայքը հիմնարկի դեմքն է. «Ինչքան ուզում ես բանավոր ասա, որ շատ բաներ ես անում, եթե դա չի երևում այս էկրանից, կայքը բուն նշանակությունը կորցնում է: Հասարակությանը դժվար է հիմա համոզել, որ դու գիշեր-ցերեկ աշխատում ես: Իհարկե բացի կայքից կա ռադիո, հեռուստատեսություն, մամուլ, բայց չպետք է հանգիստ նստել»:

Նախարարության կայքն (ստեղծվել է  2002-ին, վերափոխվել 2006-ին) օրինակելի դարձնելու համար զետեղված ամբողջ ինֆորմացիան այժմ ստուգում են, որ տեսնեն` ինչ ունեն, ինչ է պետք ավելացնել և ինչքանով է դյուրին: Անահիտ Խեչոյանը մտավախություն ունի, որ կայքը այնքան էլ ներկայանալի չէ. «Մենք ուզում ենք տեղեկատվական հասարակություն ունենալ, ոլորտն արագ զարգանա, որ ծառայություններն ավելի հեշտ մատուցվեն: Նաև օնլայն հարցազրույցի հնարավորություն ենք ուզում ստեղծել նախարարության բոլոր վարչությունների ու փոխնախարարների հետ»: 

Այս նախարարության կայքը նույնպես ունի թարգմանիչների պակաս: Եռալեզու է, իսկ անհրաժետ թարգմանությունները կատարվում են տարբեր վարչութուններում:

Կրթության և գիտության նախարարության նախկին կայքն ամբողջովին փոխվել է օգտագործելու տեսանկյունից այն կիրառելի դարձնելու համար: Նոր, փոփոխված կայքը գործում է 2007-ի հունիսից: Նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը պատմում է, որ հին կայքում շատ քիչ էր ինֆորմացիան, իսկ դիզայնը` անհաջող. «Այն, ինչը որ սայտի միջոցով հնարավոր է հասարակությանը փոխանցել, տեղադրվում է: Համարյա ամեն օր թարմացնում ենք լուրերի, հայտարարությունների, մամլո հաղորդագրությունների բաժինը: Բացի դրանից բաժանորդներին լրացուցիչ ուղարկում ենք բոլոր լուրերը»:

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության աշխատակիցները կարծում են, որ կայքի միջոցով գործունեության լուսաբանումը հասարակության առաջ հաշվետու աշխատանքի դրսևորում է: 2002 թվականից սկսած նախարարության կայքն այդ նպատակին է ծառայում: Վերջիններս թարմացնում են էջը ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ ինֆորմացիայով շաբաթական, ամսեկան, եռամսյակային կտրվածքով և տարվա վերջում ամփոփ տարեկան հաշվետվություններով: Այս նախարարության կայքը վերոնշյալ այն կայքերի շարքում է, որոնք թարգմանչի խնդիր ունեն: Լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ նախարարության աշխատակազմի մեջ ներառված է թարգմանչի հաստիք, որի պարտականությունների մեջ է մտնում նաև պաշտոնական կայքի նյութերի թարգմանությունների ապահովումը. «Սակայն նյութերի ծավալից և դրանց թարմացման պարբերականությունից կախված կայքի ամբողջական թարգմանությունն առայժմ հնարավոր չէ ապահովել»:

Գյուղատնտեսության նախարարության եռալեզու կայքը գործում է 2004-ից, նախարարությունը նույնպես թարգմանիչ չունի: Հասարակության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանը կարծում է, որ կայքի համար առաջնային է միայն նրա բովանդակությունը, թե կայքն ինչքան օգտակար ինֆորմացիա ունի:  «Աշխատավարձով սայտ ենք պահում: Այն, ինչ մենք այս սայտի հնարավորությունների սահմանում տալիս ենք ազգաբնակչությանը, գոնե ես գոհ եմ: Բաժինն ունի երկու աշխատող` առաջատար մասնագետը և մի լավագույն ծրագրավորող»: 

Վ. Մարտիրոսյանը համոզված է, որ եթե բոլոր նախարարություններում նորությունների բաժինները ամեն օր թարմացնեն, դա կդառնա լրատվամիջոցի կայք և երկրորդ կայք բացելու անհրաժեշտությունը կառաջանա, իսկ կայքերում զետեղված տեղեկատվության մեծ մասը հասարակությանը ոչ պիտանի ինֆորմացիա է, որովհետև ոչ բոլոր վարչությունների աշխատակիցներն են պատկերացնում, թե ինչ է հարկավոր կայքին: Գյուղնախարարության կայքը թարմացվում է ամիսը մեկ-երկու անգամ` յուրաքաքանչյուր վարչության մակարդակով արված կարևոր աշխատանքների լուսաբանմամբ. «Այսքանը բավարար է,- ասում է Պարոն Մարտիրոսյանը:- Այս տեղեկատվական հոսքի մեջ և’ մասնագետին, և’ սովորական քաղաքացուն շատ բան չի հետքրքրում: Չեմ կարծում, որ մեր ստացած նամակները և դրանց պատասխանները հետաքրքրի մարդկանց, և նրանք հաճույքով թերթեն դրանք»:

Տրանսպորտի և կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Թամարա Ղալեչյանը նույնպես համակարծիք է վերոնշյալ պաշտոնյայի հետ, որ հարկավոր չէ կայքն անընդհատ թարմացնել. «Հնարավոր է, որ մեկ շաբաթ լուր չունենանք հաղորդելու, հո ամեն մի աննշան, հանրությանը ոչ հետաքրքիր ինֆորմացիա չենք դնելու սայտում»: Հարցին, թե երբ է նախարարության կայքը ստեղշվել, նա պատասխանեց, որ չի հիշում, բայց իրենք առաջիններից էին կայք ունեցող նախարարությունների շարքում.  «Եթե չեմ սխալվում երեք տարի առաջ էր: Դրա համար դուք դիմում պիտի գրեք մեր աշխատակազմի ղեկավարին, նա հանձնարարի մեկին, բացեն արխիվը, նայեն: Դա երկու օր առաջ չէր»:

Իսկ արդարադատության նախարարությունում մոտեցումն այլ է: Նախարար Գևորգ Դանիելյանն իր ողջույնի խոսքում ասում է, որ կայքի միջոցով իրենք ձգտելու են հանրությանը ճշգրիտ ինֆորմացիա տալ բոլոր հուզող հարցերի վերաբերյալ: Նախարարության նոր կայքը ստեղծվել է (առաջինը` 2004-ին) քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի ջանքերով, որն էլ այժմ կայքի պատասխանատուն է: Նա կայքը թարմացնում է ժամ առ ժամ, րոպե առ րոպե.  «Երբ նորություն է լինում, դնում եմ անմիջապես: Այս պահին առաջին էջում տեղադրված է այն ինֆորմացիան, որ դրանցով արագ գտնես քեզ անհրաժեշտ ինֆորմացիան, աշխատում եմ մաքսիմումի հասցնել դա, որ մատչելի լինի: Հարցումներ ենք անում, օրինակ` ինչպես են գնահարտում նոր կայքը, աշխատանքը կայքի, դիզայնը և այլն, որ իմանանաք ինչն է լավ, ինչը` վատ, որ փոփոխենք»: Ա. Բանայանի կարծիքով կայքի թերություններից է այն, որ առայժմ այն միայն հայերենով է, թարգմանիչ դեռ չունեն: Նա հոգ է տարել կայքի անվտանգության մասին. «Մեր սերվերում պահում ենք ամեն ինչ, եթե հանկարծ սայտը վնասեն, ես մի 15 րոպեում կվերականգնեմ»: 

Անվտանգության մասին մտածել են նաև ՊՆ-ում: Նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանն ասաց, որ կայքն անվտանգության հետ կապված խնդիրներ չունի. «Երկու սերվեր ունենք, տեղեկատվությունն ամբողջությամբ պահպանվում է, եթե հանկարծ վնասվի, անմիջապես կվերականգնենք»:

Բնապահպանության նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը կայքի միայն նորությունների բովանդակությանն է հետևում. «Լուրեր, նորություններ բաժինը մենք ենք թարմացնում զարգացումներին համապատասխան, իսկ տեխնիկական և այլ հարցերով զբաղվում է նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնը»:

Կայքը ստեղծվել է 2001-ին, եռալեզու է: Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից մեզ ասացին, որ կայքն այժմ վերափոխվում է, թարմացումներ են անում և  կամաց-կամաց հարստացնում բովանդակությունը:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գևորգյանը մինչ մեզ կայքի մասին ինֆորմացիա տրամադրելը հայտնեց, որ իրավունք չունի ինֆորմացիա տալու. «Դուք ինձ մոտ հավատարմագրված չեք, ուրեմն դառնում եք հասարակ մարդ»:

Նախարարության առաջին կայքը փորձարկվել է 2005 թվականին, գործել մեկ տարի անց: Իսկ այսօր արդեն կայքի դիզայնը ամբողջությամբ փոխվում է: Տիկին Գևորգյանը պատմում է. «Հենց եկավ նոր նախարարը, սկսեցինք նոր սայտ սարքել, ասաց` սա ինչ է, ուզում եմ շատ լավ սայտ ունենալ: Ոչ մեկիս դուրը չէր գալիս: Հնի վրա իմ բաժինը թարմացնում ենք, որ լրագրողները զուրկ չմնան ինֆորմացիայից»:

Ռուսլանա Գևորգյանը վստահ է, որ հիմա առանց կայքի աշխատելն անհնար է: Նախարարությունն իր հերթին պարտավոր է կայքի միջոցով հաշվետվություն տալ. «Մեր ժողովուրդը ինչպես չիմանա մենք ինչ ենք անում ժողովրդի համար: Նախարարությունն ինչ կառուցվածք ունի, ինչքան մարդ է այնտեղ աշխատում, այդ մարդիկ, որ աշխատում են արդյոք հարկավոր է: Կայքում անպայման գրում ենք` որտեղ կա աշխատանքի տեղ, որ քաղաքացին իմանա, թե ինչ իրավունքներ ունի, որտեղ է բուժումն անվճար, որտեղ` վճարովի»:

Կայքի հիմնական ինֆորմացիան հայերենով է, չնայած կան նաև անգլերեն և ռուսերեն տարբերակները: Դրանք չեն թարմացվում: Տիկին Գևորգյանը համոզված է, որ առաջիկայում մասնագետ թարգմանիչներ կունենան:

Կայքերի մեծ մասում տեղադրված են  հասարակությանը ինչ-որ չափով հետաքրքրող տեղեկատվություն: Սակայն կայքերի բովանդակության պատասխանատուները հաճախ հաշվի չեն առնում, որ շատերի համար կայքը միակ լրատվամիջոցն է, որտեղից տեղեկատվություն են ստանում:

«Եթե հեռուստատեսությամբ իրադարձությունը լուսաբանվում է, ուրեմն հասարակությունը տեղեկանում է», ահա, թե ինչպես են մտածում նրանց գերակշիռ մասը: Իսկ տեղի ունեցող ընդհանուր զարգացումները ցույց են տալիս, որ նոր տեխնոլագիաները հասարակական կյանքից անբաժանելի են և ունեն անխուսափելի մեծ ազդեցություն: Ուրեմն դրանք պետք է օգտագործել ինչպես որ կարգն է:

Գայանե Առաքելյան

← Վերադառնալ ցուցակին