Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Հրապարակային ընտրություններ

22.05.2009

“Ընտրությունները նախապատրաստվում եւ անցկացվում են հրապարակային”,-ամրագրված է ՀՀ Ընտրական օրենսգրքում: Իսկ հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովում է տեղեկատվության մատչելիությունը: Հանրության եւ ընտրական գործընթացների “միջնորդի” դերում հանդես են գալիս լրատվամիջոցները: Փորձենք կոնկրետացնել, թե որ տեղեկությունները կարող են “հասանելի” լինել լրագրողներին նախընտրական եւ ընտրական փուլում, քանի որ լրագրողների` տեղեկատվություն ստանալու աստիճանից է կախված նաեւ ընտրական գործընթացների մասին հասարակության իրազեկված լինելու իրավունքի լիարժեք ապահովումը:

Լրագրողն իրավունք ունի անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճեները, կատարել քաղվածքներ (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 30):

Երեւանի ավագանու ընտրությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ստանալ հետեւյալ տեղեկությունները.

  • ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների եւ դրա վերահսկողության մասին,
  • իր եւ ստորադաս ընտրական հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ,
  • ԶԼՄ-ների կողմից քարոզչության համար սահմանված հավասար հնարավորությունների ապահովման եւ դրա վերահսկողության մասին,
  • սահմանված քվեաթերթիկների եւ ընտրական այլ փաստաթղթերի ձեւերի, դրանց լրացման եւ պահպանման կարգի վերաբերյալ,
  • ընտրական օրենսգրքի կիրառման վերաբերյալ ընտրությունները նախապատրաստող եւ անցկացնող ընտրական հանձնաժողովների համար պարտադիր հրահանգները եւ այլ նորմատիվ ակտերը,
  • իր լիազորությունների շրջանակներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց համար ընդունված պարտադիր որոշումների վերաբերյալ,
  • ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին, ընտրական հանձնաժողովների եւ համապատասխան պետական մարմինների հաղորդումների եւ դրանց լսումների արդյունքների վերաբերյալ,
  • հավատարմագրված վստահված անձանց, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասին,
  • Ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների համար դասընթացներ կազմակերպելու եւ անդամներին որակավորումներ շնորհելու կարգի մասին,
  • Ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգի մասին,
  • նախընտրական հիմնադրամների եւ ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը եւ այլն:

Ընտրական գործընթացի ավարտից հետո նույնպես ԿԸՀ-ի տնօրինության տակ գտնվող վերոնշյալ տեղեկությունները շարունակում են յուրաքանչյուրի (ներառյալ լրագրողների) համար մնալ մատչելի եւ հրապարակման ենթակա:

Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո ԿԸՀ-ն ապահովում է նշված փաստաթղթերի պաշպանությունը եւ դրանք պահպանության է հանձնում Հայաստանի պետական արխիվ, որտեղ եւ դրանք մատչելի են յուրաքանչյուրի համար:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւս պետք է գործեն հրապարակային: Կուսակցությունները շատ դեպքերում հանդես են գալիս տեղեկատվություն տնօրինողներ: Ներկայացնենք կուսակցությունների կողմից հրապարակման ենթակա ընտրական տեղեկատվության ցանկը, որոնց կարելի է անարգել ծանոթանալ:

Տեղեկություններ.

  • Կուսակցությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակների մասին,
  • ՏԻՄ ընտրություների անցկացման մասին,
  • ՏԻՄ ընտրությունների նշանակման մասին,
  • կուսակցության կանոնադրությունն ու ծրագիը,
  • կուսակցության գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվության պատճենը, դրա կազմավորման աղբյուրների մասին,
  • կուսակցության ֆինանսական հաշվետվության պատճեն,
  • կուսակցության ստացած օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին,
  • ընտրություններին մասնակցող կուսակցությունների հայտարարագրի պատճեն` նախընտական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ,
  • կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի եւ ժամի մասին եւ այլն:

Վերոնշյալ ցանկը սահմանում է “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքը, սակայն իրականում այսօր ոչ բոլոր կուսակցություններն են պատրաստ աշխատել բաց եւ հրապարակային: Դժվար է ասել` ինչն է պատճառը` թաքցնելու ինչ-որ բա՞ն ունեն, խուսափո՞ւմ են հրապարակայնությունից, օրենքի պահանջներին լավ ծանո՞թ չեն, թե՞....

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ փորձեց որոշակի ուսումնասիրություն անցկացնել, թե որքանով է նախընտրական շրջանում գործում հրապարակայնության սկզբունքը:

ԿԸՀ-ից փորձեցինք ստանալ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական գրավի մուծման անդորրագրերի պատճեները եւ այդ կուսակցությունների գրանցման եւ գործունեության վայրերի հասցեներն ու հեռախոսահամարները: ՏԱ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում ստացանք սպառիչ պատասխան:

Նաեւ ԿԸՀ-ից փորձեցինք տեղեկատվություն ստանալ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները գլխավորող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերի պատճեները: ԿԸՀ-ի պատասխանից պարզեցինք, որ այս տարվա հունվարի 1-ից թեկնածու առաջադրված քաղաքացիները ԿԸՀ չեն ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը:

Ընտրություններին մասնակցող կուսակցություններից` (ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀԱՍԿ, ԲՀԿ, ԺԿ) եւ կուսակցությունների դաշինքից` (ՀԱԿ) էլ փորձեցինք ստանալ նրանց 2008թ. ֆինանսական հաշվետվությունների պատճեները եւ տեղեկատվություն նրանց ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին

← Վերադառնալ ցուցակին