Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Ինֆորմացիայի ազատությունը` 5 տարի անց

23.09.2008

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցազրույցը «Ա1+» կայքին


«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ուղիղ 5 տարի առաջ` 2003 թ սեպտեմբերի 23-ին, սակայն այսօր շատ պետական կառույցներ դեռեւս չեն ցանկանում բաց աշխատել: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց, որ պաշտոնյաները հաճախ հրաժարվում են ինֆորմացիա տրամադրել` ասելով, որ կառավարությունը մինչ օրս ինֆորմացիայի տրամադրման ընթացակարգի վերաբերյալ որոշում չի ընդունել. «Այդ պատճառաբանմամբ տեղեկատվություն տրամադրել մերժել են Կապի եւ տրանսպորտի նախարարությունից, նախագահի աշխատակազմից, անգամ դատարանի որոշում ունենք, որը մերժված է կառավարության որոշման բացակայության հիման վրա»,- ասում է Շուշան Դոյդոյանը:


Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է, այս առիթով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սեպտեմբերի 26-ին կանցկացնի ինֆորմացիայի ազատության 6-րդ մրցանակաբաշխությունը: Ամենաբաց եւ ամենափակ գերատեսչությունն ընտրելու համար կենտրոնը հարցումներ է ուղարկել տեղեկան ինքնակառավարման մարմիններին, որոնցից մի քանիսից պատասխան չեն ստացել:


«Այսօր լուրջ խնդիրներ ունենք ՏԻՄ-երի հետ, մինչդեռ սա հենց այն մակարդակն է, որ անմիջական շփման մեջ է քաղաքացիների հետ»,- ասում է Շուշան Դոյդոյանը եւ պաշտոնյաներին հուշում, որ թափանցիկ աշխատանքով ավելի շուտ կշահեն հասարակության վստահությունը: Ինֆորմացիայի ազատության մասին օրենքի առկայությունն անգամ չի խանգարում որոշ պաշտոնյաների մնալ վարագույրների ետեւում:


«Թափանցիկ աշխատելը ձեռնտու չէ, քանի որ եթե նրանք հրապարակեն համայնքային բյուջեի հաշվետվությունը, մարդիկ կկարդան ու կհասկանան, որ իրենց հարկերից գոյացած բյուջեն ծախսվում է համայնքի ավագանու անձնական շահերի համար»,- ասում է Շուշան Դոյդոյանը:


Փակ աշխատող պաշտոնյաների պատժելու լավագույն ձեւը, ըստ Շուշան Դոյդոյանի, նրանց գրպանին հարվածելն է. «Դատական հայցում պետք է պահանջել, ոչ միայն ինֆորմացիայի տրամադրում, այլեւ որ տվյալ պաշտոնյան փոխհատուցի դատական ծախսերը, որովհետեւ եթե ինքը 100.000 վճարի դատարանին, հաջորդ անգամ նախքան մերժելը երկար կմտածի»: Հիշեցնենք, որ նախորդ մրցանակաբաշխության ժամանակ Երեւանի քաղաքապետարանը ճանաչվել էր տեղեկատվություն տրամադրելու լավագույն էլեկտրոնային համակարգ ներդրած մարմին, սակայն լրագրողներից եւ քաղաքացիներից շատերը դժգոհում են, որ քաղաքապետարանից ինֆորմացիա ստանալը բավական դժվար է: Այս դիտարկմանը Շուշան Դոյդոյանն պատասխանեց, թե դժվարությունները դեռ առկա են, բայց առաջընթաց կա:


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահի կարծիքով` մարդկանց իրավունքների ոտնահարման հիմքում ընկած է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտումը: Շուշան Դոյդոյանը կոչ է անում բոլորին ակտիվ պայքարել իրենց տեղեկատվության ազատության իրավունքի համար:

← Վերադառնալ ցուցակին