Հրապարակումներ
Հոդվածներ
Հասարակայնության հետ կապերի ստորոբաժանումների հիմնման գործընթացը ՀՀ պետական գործադիր մարմիններում
15.03.2006
Սառա Խոջոյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
մագիստրատուրայի ուսանող
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
մագիստրատուրայի ուսանող
2004թ. մայիսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշմամբ հավանություն տվեց հանրապետական գործադիր մարմնի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման օրինակելի կանոնադրությանն ու հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարի գործառույթներին:
Այս որոշմամբ կառավարությունն իրականում իր կարծիքն էր արտահայտում վերոնշյալ երկու ստորաբաժանումների գործունեության կարեւորության վերաբերյալ՝ պաշտոնապես ենթաօրենսդրական ակտի ուժ տալով այդ ինստիտուտների գործառույթներին, միաժամանակ սահմանելով դրանք: Որոշումն արձանագրային է, ինչը նշանակում է, որ կառավարությունը հորդորում է հանրապետական գործադիր մարմիններին իրենց աշխատակազմի կառուցվածքում երկու ստորաբաժանումներն էլ հիմնելու, բայց նախապատվությունը տրվում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանմանը, ու ըստ այդմ՝ վերջինիս հիմնումը պարտադիր է համարվում, իսկ մամուլի քարտուղարը նշանակվում է ըստ պետական գործադիր մարմնի ղեկավարի հայեցողության:
Զարգացած քաղաքացիական հասարակություններում դատապարտվում են փակ ինստիտուտները: Տիպիկ օրինակ է բրիտանական կառավարման կարգախոսը. «Կառավարությունը ոչ միայն պիտի լավ աշխատի, այլեւ հասարակությունը պիտի իմանա, որ կառավարությունը լավ է աշխատում»: Հայաստանի պարագայում այս կարգախոսը կարող է գործել միայն այն դեպքում, երբ հանրապետական մարմինների կողմից իրականացվող քաղաքականությունը հասկանալի լինի հանրության համար, այսինքն՝ բավարարվի հասարակության՝ տեղյակ լինելու իրավունքը:
Հանրության` շատ հաճախ ոտնահարվող այս իրավունքի վերականգնումների դատական նախադեպերը ստիպում են, որ գերատեսչությունների փակ լինելու ցանկությունը գնալով նվազի: Սրան նպաստում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որը ոչ միայն սահմանում է տեղեկություններ ստանալու գործընթացը, այլեւ նշում ուղիներ մերժումից խուսափելու կամ անօրինական մերժման դեպքում դրա դեմ պայքարելու համար:
Նույն օրենքի 4-րդ հոդվածում հստակ սահմանված են տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները, որոնք են` տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման միասնական կարգի սահմանումը, տեղեկությունների տրամադրման մատչելիության ապահովումը, հրապարակայնությունը։ 12-րդ հոդվածում սահմանված են տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները, որոնք են ապահովել տեղեկությունների մատչելիությունը եւ հրապարակայնությունը, իրականացնել իր տնօրինության տակ գտնվող տեղեկությունների գրանցումը, դասակարգումն ու պահպանումը եւ այլն: Նույն հոդվածի ե) ենթակետը սահմանում է, որ տեղեկատվություն տնօրինողը, քննվող թեմայի շրջանակներում կարելի ասել պետական գործադիր մարմինը, պարտավոր է նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձին։ Իսկ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն կամ մամուլի քարտուղարը հենց այդ պաշտոնատար անձն է: Թեպետ իրական պատկերը ներկայացնելու համար հարկ է նշել, որ նույնիսկ պետական մարմինների ներկայացուցիչներն են համաձայնում, որ մինչեւ հիմա հստակ հայտնի չէ, թե իրականում ով է տեղեկատվության տրամադրման պատասխանատուն:
Կառավարությունը, թերեւս, լուրջ է վերաբերվում հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների եւ պետական գերատեսչությունների ինտերնետային կայքերի ստեղծման գործընթացին՝ եռամսյակը մեկ պահանջելով գրավոր հաշվետվություն դրանց ընթացքի մասին: Եվ ընդհանրապես՝ պետք է նշել, որ կապված հանրային իրազեկության հետ կառավարության տարբեր որոշումներով պարտավորություններ են դրվում պետական մարմինների վրա, ինչպես օրինակ, պարբերաբար մամուլի ասուլիսների կազմակերպում, առնվազն ամիսը 3 անգամ հաշվետվությունների ներկայացում, եւ այս պարտավորությունների կատարումը վերահսկվում է:
Պետական գերատեսչություններում հասարակայնության հետ կապերի առանձին ստորաբաժանումների ստեղծումը նշվում է նաեւ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրում՝ որպես դրա կատարման միջոցառում: Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը նշեց, որ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների հիմնումը պարտադիր պայման է, սակայն ներկա դրությամբ ոչ բոլոր պետական գերատեսչություններն ունեն այդ ստորաբաժանումը եւ բավարարվում են միայն մամուլի քարտուղարների հաստիքով: Սակայն ըստ Բագրատ Եսայանի` այս երկու պաշտոնները« չի կարելի համատեղել:
Հասարակայնության հետ կապերի եւ մամուլի քարտուղարի գործունեությանը վերաբերող որոշման մեջ թվում է, թե երկուսի համար էլ պարտականությունների նույն ձեւակերպումներն ու գործառույթներն են նշված: Իրականում դրանցից շատերը համընկնում են: Բայց նախ նշենք տարբերությունները: Եթե հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման աշխատակիցը աշխատանքի է ընդունվում քաղծառայողների մրցույթին մասնակցելով, ապա մամուլի քարտուղարը նշանակվում է պետական մարմնի ղեկավարի կողմից: Եթե հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ապահովում է պետական մարմնի տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը եւ իրականացումը, ապա մամուլի քարտուղարը զանգվածային լրատվության միջոցներին ներկայացնում է պետական մարմնի ղեկավարի պաշտոնական տեսակետը՝ անհրաժեշտության դեպքում հանդես գալով մեկնաբանություններով:
Սակայն այս ինստիտուտների մյուս բոլոր հիմնական պարտականությունները, ինչպիսիք են պետական մարմնի, դրա ստորաբաժանումների, պետական մարմնի ղեկավարի, այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը մամուլի հաղորդագրությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, տեսա-ֆոտո եւ այլ տեղեկատվական նյութերի պատրաստումն ու տարածումը, պետական մարմնի ղեկավարի, այլ պաշտոնատար անձանց ու զանգվածային լրատվամիջոցների միջեւ համագործակցության ապահովումը եւ այլն, նույնանում են: Բացի դրանից՝ իրենց ոլորտին վերաբերող օրենքներին եւ այլ իրավական ակտերին հասարակության իրազեկումը, ոլորտի հիմնահարցերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների կազմակերպումը եւ դրա արդյունքների հրապարակումը, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների՝ ոլորտին վերաբերող հրապարակումների ամփոփումը եւ վերլուծությունը: Որոշման մեջ կան նաեւ միանման ձեւակերպումներ, ինչպիսիք են հասարակայնության հետ կապերի պատասխանատուն/մամուլի քարտուղարը« իրականացնում է պետական մարմնի ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկումը սահմանված կարգով կազմակերպում եւ անցկացնում է պետական մարմնում լրագրողների հավատարմագրումը», եւ այլն:
Սակայն հարկ է տարբերել այս երկու ինստիտուտների նպատակները: Մամուլի քարտուղարը սպասարկում է նախարարի տեղեկատվական շահերը, այն դեպքում, երբ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն՝ հասարակական հատվածի տեղեկատվական շահերը: Որպես քաղծառայող` հասարակայնության հետ կապերի պատասխանատուն իրավունք չունի զբաղվելու ոլորտի քաղաքականությամբ: Իսկ մամուլի քարտուղարը իրավունք ունի ոլորտի վերաբերյալ քաղաքական մոտեցումներ ունենալու: Ու եթե այս երկու հաստիքները համատեղվում են, բնականաբար վտանգ է առաջանում շահերի բախման: Այդ պատճառով էլ կարեւոր է այս երկու հաստիքների առկայությունն էլ: Սակայն ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը կարծում է, որ իրականում այլընտանքի խնդիր չկա, թեպետ շատերն են այդպես կարծում: Նրա կարծիքով այդ գործունեությամբ զբաղվող մարդը պետք է մի կողմ թողնի իր անձնական նկրտումները:
Այնուամենայնիվ, նշենք, որ մամուլի քարտուղարի հաստիքը պարտադիր չէ, մամուլի քարտուղարը հայեցողական պաշտոն է զբաղեցնում, այսինքն՝ ըստ գերատեսչության ղեկավարի հայեցողության, ինչպես ասենք, փոխնախարարները, օգնականները եւ այլք: Նա իրականացնում է պետական մարմնի տվյալ պահի քաղաքականությունը հանրային իրազեկման ոլորտում:
Հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման առկայությունը պարտադիր է պետական մարմնի կառուցվածքում, քանի որ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումն ապահովում է պետական մարմնի գործունեության բնականոն ընթացքը:
Որպես քաղծառայող հասարակայնության հետ կապերի պատասխանատուն պաշտպանված է, քանի որ պետական մարմնի ղեկավարը կարող է պարբերաբար փոխվել եւ բնականաբար նրա հետ հեռանում է նաեւ իր թիմը, իսկ քաղծառայողների հավաքականը, ներառյալ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը, շարունակում են գործել մյուս թիմի հետ:
Կառավարության որոշումից հետո պետական մարմինների ղեկավարները ձեռնամուխ են եղել (խոսքն այն մարմինների մասին է, որտեղ այժմ գործում են հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ) այս ստորաբաժանման հիմնման գործընթացին: Ավելի եռանդուն պետական մարմիններն արդեն իսկ հիմնել են առանձնացված ստորաբաժանում: Այն գործադիր մարմինները, որոնք նեղություն չեն քաշել կառավարությանը դիմել ստորաբաժանում ստանալու թույլտվության համար, ավելի հեշտ ձեւ են ընտրել՝ հատուկ հրամանով հասարակայնության հետ կապերի պատասխանատուի գործառույթներն իրականացնողներին ընդգրկել են ընդհանուր բաժնի մեջ: Սակայն այս կերպ բարդացել է հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքը, քանի որ հիմնարկում նրա պաշտոնական կարգավիճակը քարտուղարության հասարակ աշխատողի կարգավիճակ է: Ու ըստ այդմ՝ որեւէ տեղեկություն ստանալու համար նա ստիպված է դիմել քարտուղարության ղեկավարին կամ աշխատակազմի ղեկավարին, գործել նրանց թույլտվությունից հետո միայն:
Հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումները սպասարկում է լրատվական դաշտի, հասարակական սեկտորի, քաղաքացիների տեղեկատվական պահանջները: Այս աշխատանքը ստորաբաժանումը պետք է իրականացնի գերատեսչության մյուս ստորաբաժանումների հետ, քանի որ ստորաբաժանման աշխատակիցները, ինչպես նաեւ մամուլի քարտուղարը, ամեն ինչի մասին չգիտեն: Այս դեպքում, սակայն, կարեւոր է պետական մարմնի ղեկավարի վերաբերմունքը հանրության իրազեկության խնդրի վերաբերյալ:
Ծագած խնդիրները նաեւ օբյեկտիվ պատճառներ ունեն, քանի որ հասարակայնության հետ կապերի կուլտուրան զարգացած չէ, որովհետեւ սկսել է ձեւավորվել վերջին տարիներին: Բայց ոլորտի մասնագետների հավաստմամբ խնդիրներն արդեն իսկ աստիճանաբար շտկվում են եւ ոլորտը սկսում է կարգավորվել: