Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Իմացեք` ինչ եք ուտում

11.04.2006

Պապին Մուրադյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Հաճախ ամենահամեղ սննդամթերքի տուփը գցելիս ենք միայն նկատում, որ քիչ առաջ մեծ ախորժակով ճաշակած ուտելիքը ժամկետնանց էր: Երևանի կենտրոնի 10 խանութներում կատարած մեր դիտարկումները ցույց տվեցին, որ բոլորում էլ վաճառվում է ժամկետնանց սնունդ: Եվ եթե սպառողն ուշադիր չէ, ապա ճաշը պղպղեղով համեմելու փոխարեն կարող է հող ճաշակել:

«Մեր օգնությանը դիմած սպառողների մեծ մասը տուժում  է անիրազեկության հետևանքով»,- ասում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանն ու պատմում, որ  քաղաքացիներից մեկը սև պղպեղ էր գնել և նկատել, որ պղպեղին հող է խառնած: Լաբորատոր ստուգումը հաստատել էր դա, բայց սպառողը հրաժարվել էր դիմում գրել, իր խոսքերով ասած` «100 դրամանոց բիբարի համար հո դատարանի դուռը չե՞մ ընկնի»: Մինչդեռ արժեր: Օրինակ` 2004թ.-ի ապրիլին Մաշտոցի պողոտայում գտնվող էլեկտրոնային տեխնիկայի խանութներից մեկից Աիդա Կոստանյանը գնել էր «ՕՊԵՐԱ» մակնիշի հեռուստացույց: Պարզվել էր, որ ապրանքն էական թերություններ ուներ, եւ նույնիսկ խանութի երաշխիքային սպասարկաման ժամկետի ընթացքում մի քանի անգամ վերանորոգելուց հետո, դարձյալ հեռուստացույցը պիտանի չէր եղել օգտագործման: Ի վերջո, քաղաքացուհին հայց էր ներկայացրել դատարան: Արդյունքում, հօգուտ հայցվորի բռնագանձվել էր հեռուստացույցի համար վճարված 66000 դրամը, ինչպես նաև` սպառողի պահանջը չկատարելու համար օրենքով սահմանված տուգանքը` 68000 դրամ:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի, վաճառողի  և իրացվող ապրանքների վերաբերյալ անրաժեշտ և ստույգ տեղեկություններ, իսկ մատակարարը պարտավոր է սպառողին ներկայացնել պահանջվող տեղեկությունը հայերենով: Օրինակ` առավել շատ սպառվող սննդամթերքների` հացի և պանրի վաճառքի բաժիններում հիմնականում չկա տեղեկատվություն դրանց բաղադրության, արտադրողի և արտադրման ժամկետի մասին, իսկ աղցանները վաճառվում են առանց ծածկի, առանց պատրաստման, պահպանման եւ բաղադրության մասին տեղեկատվության: Այս ամենի մասին տեղեկատվություն տրամադրելը  մնում է վաճառողի  խղճին:

Մեկ այլ խնդիր է ներկրվող ապրանքների վրա հայերեն տեղեկատվության  բացակայությունը: Նման դեպքերում օգնության է հասնում վաճառողի թարգմանչական արվեստը: «Հնարավոր չէ բոլոր ապրանքների վրա նշված լինի, որ սա պատկանում է այս կամ այն ֆիրմային, բայց վաճառողը պարտավոր է առանձին ցուցակի ձևով տալ տեղեկատվություն այդ ապրանքի վերաբերյալ»,- ասում է Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ Ռոբերտ Դայանը: Մինչդեռ  «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք 9-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնշումը  պետք է լինի հայերենով:

2006թ.-ի հունվար - փետրվար ամիսներին ՀՀ   Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության որակի տեսչության կողմից թուրքական արտադրության ապրանքների նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք թերություններ: Մասնավորապես պահածոյացված «Ֆրեշ-պիաս» ոլոռը չի համապատասխանում համային և արտաքին տեսքին: Իսկ մի քանի շոկոլադե սալիկներում («Սաֆարի», «Դերբի», «Նուսս», «Շոկ», «Տոյ- Տոյ», «Աէրո -Շոկ») հայտնաբերվել են բուսական յուղի և ալյուրի պարունակություն, ինչը ստանդարտների պահանջների համաձայն` չի կարելի օգտագործել շոկոլադում: Արդյունքում թուրքական ընկերության արտադրանքը ներկրող «Հասմիկ Մանուկյան» ԱՁ-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք` 2,3 մլն դրամի չափով:
 

Ի վերջո, սպառողի խախտված իրավունքները վերականգնելու միակ միջոցը հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոնն է, որը սակայն մատչելի չէ գնորդների համար. 10 խանութներում կատարած մեր դիտարկումները փաստեցին, որ կտրոնը տրամադրվում է, երբ սպառողը պահանջում է (դա լավագույն դեպքում):
 

← Վերադառնալ ցուցակին