Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Շիրակում բաց կառույց կա՞

01.12.2004

Նունե Արեւշատյան
Տեղեկագիր 12 
 
Փակ կառույց՝ ինչքան ասես, համենայնդեպս, մարզի ժուռնալիստները փակ կառույցների մի մեծ ցանկ են թվարկում՝ «ԱրմենՏել», դատախազություն, ոստիկանություն, հարկային տեսչություն, մաքսային ծառայություն, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որակի տեսչություն, երբեմն նաեւ մարզպետարանի ու քաղաքապետարանի առանձին վարչություններ ու բաժիններ: Իսկ բնակիչներից շատերի խոսքով, այստեղ որեւէ հարցի պատասխանը ստանալը պարզապես «նյարդերի ամրության հարց է»:

Շիրակի մարզում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից եւ մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպություններից տեղեկատվություն ձեռք բերելը դժվար է, եւ պատասխանատուները շարունակում են քաղաքացիների հետ աշխատել  հնադարյան մեթոդներով, այսինքն` իրենց «վերեւում» զգալով ու հարկատուներին հաշվետու չլինելով: Վերջին մեկ տարվա ընթացքում  միայն զանգվածային լրատվության միջոցներին հասցեագրված բողոքների քանակն ու բնույթը բավական են ենթադրելու, որ «Տեղեկատվության ազատության մասին» հազիվ մեկ տարեկան օրենքը եւս չի օգնում բնակիչներին իրենց հուզող ամենահրատապ տեղեկատվությունը ստանալու գործում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ օրենքը ընդհանրապես չի կիրառվում Շիրակի մարզում: Մեր պրակտիկայում քիչ չեն  այն դեպքերը, երբ պաշտոնյան օրենքի մասին առաջին անգամ տեղեկանում է ժուռնալիստից: Այդ պաշտոնյաները հիմնականում, այսպես կոչված, լրատվության դիմադրող աղբյուրներն են, որոնց ժուռնալիստը ստիպված է լինում հիշեցնել տեղեկատվություն տրամադրելու մասին օրենքով սահմանված իրենց պարտականությունները: 

Տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից չեն օգտվում նաեւ քաղաքացիները: Մի մասն օրենքին անտեղյակ է, որոշ մասն էլ դրա օգտակարությանը չի վստահում: Մեկ տարի շարունակ Գյումրիում ընթանում է թղթատարություն պահանջող այնպիսի բարդ գործընթաց, ինչպիսին բնակբաշխումն է, եւ բնակբաշխման հանձնաժողով-քաղաքացի կոնֆլիկտները մինչեւ օրս շարունակվում են: Հանձնաժողովը քաղաքացիներին համառորեն տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե ինչու է նրանց զրկել բնակարանից: Գյումրիում գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ  մարզպետարանը բնակիչների բողոք-դիմումներն ընդհանրապես չի ընդունել, օրինակ` Գյումրու Տիգրան Մեծի պողոտայի 5ա հասցեի բնակիչների ասելով, մարզպետարանի բողոքներ ընդունող բաժնի աշխատակիցները իրենց տեսնելով «փախել են»: Կարող ենք բազում օրինակներ բերել, երբ պրոբլեմների մեջ թաղված ու տեղական կառույցներում իրեն հուզող հարցի պատասխան չգտնող հիասթափված քաղաքացին բողոք-նամակներ է ուղղում բարձր ատյաններին՝ նախարարներից վարչապետին, վարչապետից նախագահին: Սակայն այդ բողոքները, ի խախտումն «ՏԱ մասին» օրենքի, դարձյալ մակագրվում են տեղական կառույցներին: 

Հաճախ տեղական մարմինները պետական կառավարման մարմիններից քաղաքացիների հարցումներին տրված պատասխանները թաքցնում են: Վերջերս «Առավոտին» դիմել էին Գյումրու Շիրակացու 69 հասցեի բնակիչները՝ դժգոհելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնից, որը իրենցից թաքցնում է քաղաքաշինության նախարարության գրությունը: Բնակիչների ասելով, իրենց հատկացված շենքը ոչ միայն դաշտի մեջտեղում է գտնվում, այլեւ կիսակառույց է՝ պատուհաններից ու դռներից զուրկ: Կառավարության օգնությունը ստանալու նպատակով վերջիններս դիմել էին քաղաքաշինության նախարարություն: Բնակիչները վստահ են, որ բողոքի պատասխանը մակագրվել է քաղաքապետարանի համապատասխան բաժին, որն էլ հարկ չի համարում իրենց պատասխանել: Երբեմն քաղաքացիներից թաքուն է պահվում նույնիսկ ամենահասարակ  տեղեկատվությունը, օրինակ՝ վթարայնության 3-րդ կարգ ունեցող շենքը ընդգրկվա՞ծ է «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում», թե՝ ոչ: Անպատասխան է մնում նման հասարակ հարցն անգամ, ուր մնաց՝ պաշտոնյան իրեն թույլ տա պարզաբանելու, թե ինչու՞ է  77-ամյա միայնակ թոշակառուին զրկել նպաստ ստանալու  իրավունքից:
Շիրակի մարզում ավելի ճիշտ է խոսել տեղեկատվության սահմանափակումների մասին: ժուռնալիստներից շատերը եւս վկայում են, որ իրենց համար տեղեկատվություն ստանալը հեշտ չէ:

Ժուռնալիստների շրջանում կատարած մեր հարցումներից պարզվեց, որ օրենքը չի օգնում պաշտոնյաների ստեղծած խոչընդոտները հաղթահարելու հարցում: Նշանակություն չունի անգամ ԶԼՄ-ի կարգավիճակը, ասենք՝ հանրային կամ պետական լինելը: Ժուռնալիստների մեծ մասը դժգոհ է պաշտոնյաների այն պատասխանից, թե իրենց ղեկավարած կառույցը հանրապետական որեւէ կառույցի մասնաճյուղ է, իրենք ընդամենը ենթակա են եւ տեղեկատվություն տրամադրելու թուլտվություն (՞) չունեն: Սա մերժման ձեւերից ամենատարածվածն է: Կան տեղեկություն տրամադրելուց հրաժարվելու ավելի տհաճ տարբերակներ, օրինակ՝ «մեկը մյուսի վրա գցելու» քաղաքականությունը: Այս դեպքում ոչ միայն  ժուռնալիստը, այլեւ բնակիչն է ընկնում  քաշքշուկների մեջ: «Ցայգ» եւ «Շիրակ» հեռուստաընկերությունների լրագրողները վկայում են, որ երբեմն այս պատճառով տուժում է հեռուստատեսության աշխատանքը, մանավանդ, երբ տվյալ տեղեկատվությունը հրատապ է, հեռուստալուրերին խիստ անհրաժեշտ: Շիրակի մարզում քաղաքապետարանի եւ մարզպետարանի ներկայիս կոնֆլիկտային փոխհարաբերությունները տեղեկատվությունից խուսափելու ոչ պակաս տարածված հիմնավորում են. «Ես չգիտեմ, թող մյուս կառույցը պատասխանի»: Չնայած, մյուս կողմից, փորձառու ժուռնալիստները նման կոնֆլիկտներն օգտագործում են ճշմարտությունը  բացահայտելու համար:

Կան նաեւ տեղեկատվությունից խուսափելու պրիմիտիվ մեթոդներ, օրինակ` արձակուրդի մեջ գտնվելը կամ հիվանդ, զբաղված լինելը, տրամադրություն չունենալը եւ այլն: Խոչընդոտների հիմնականում հանդիպում է սկսնակ լրագրողների մեծ մասը: Ըստ հեռուստատեսային լրատվական ծրագրերում աշխատող ժուռնալիստների` իրենց համար տեղեկատվություն ստանալն ավելի բարդ է. պատճառաբանելով, թե հեռուստախցիկի առջեւ չեն կարող խոսել, պաշտոնյաները հրաժարվում են ինֆորմացիա հաղորդել: Դժգոհում են նաեւ թերթերի լրագրողները, որոնց ավելի խորը  տեղեկատվություն է հարկավոր: Եթե Շիրակի մարզում սոսկ փաստերը արձանագրող ժուռնալիստներն են հանդիպում խոչընդոտների, ապա ավելի բարդ է չարաշահումներ եւ ապօրինություններ բացահայտող ժուռնալիստի վիճակը: 

Երբեմն լինում են դեպքեր, երբ անցանկալի փաստերի հրապարակումից հետո որոշ պաշտոնյաներ հետագայում ամեն կերպ խոչընդոտում են տվյալ ԶԼՄ-ի աշխատանքը: «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հավաստմամբ` Գյումրու քաղաքապետի ու քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը լուսաբանելուց հետո իրեն թույլ չեն տվել մասնակցելու ավագանու նիստերին: Փորձառու լրագրողների մեծ մասն այն համոզմանն է, որ տեղեկատվություն կարելի է ստանալ անձնական լավ ծանոթությունների ու լավ հարաբերությունների շնորհիվ, ընդ որում` միայն, այսպես կոչված, «անվնաս» տեղեկատվություն: Այլապես, փաստերի խորքը թափանցելու դեպքում, ժուռնալիստն ընդհանրապես կփչացնի պաշտոնյայի հետ իր փոխհարաբերությունները:

← Վերադառնալ ցուցակին