Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Պետական գաղտնիքի իրավական կարգավորումը ՀՀ-ում

20.03.2006

Շուշան Դոյդոյան

Այսօր հատկապես կարեւորվում է այս հարցի ուսումնասիրությունը, քանի որ կառավարություններն ավելի հաճախ են դիմում ազգային անվտանգության շահին` լրագրողների խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքների սահմանափակումները հիմնավորելու նպատակով։ Ամերիկյան լրագրողները բազմիցս իրենց բողոքի ձայն են բարձրացրել նախագահ Բուշի կողմից Հայրենասիրության ակտի ստորագրման փաստի առիթով, որը լրջորեն սահմանափակում է լրագրողների խոսքի ազատության իրավունքը ԱՄՆ-ում` արգելելով լուսաբանել ազգային անվտանգությանն ու հասարակական շահին առնչվող կարեւորագույն հարցեր` վերահսկելով լրատվամիջոցների կողմից Իրաքյան պատերազմի լուսաբանումը։

Իրաքում զոհված ամերիկացի զինվորների մասին տվյալները` մասնավորապես նրանց լուսանկարները երկար ժամանակ գաղտնի էին  պահվում մինչ այն օրը, երբ «Ազգային անվտանգության արխիվներ» ՀԿ-ին հաջոցվեց շահել դատական գործը (գործը հարուցվել էր Կոլումբիայի օկրուգի ֆեդերալ դատարանում։ Գործ հ. 1:04-cv-01697 (EGS)` հիմնվելով ԱՄՆ Տեղեկատվության ազատության մասին Ակտի վրա, որով դատարանը պարտավորեցրեց բացահայտել Իրաքից ԱՄՆ բերվող զինվորների` ամերիկյան դրոշով ծածկված դիակների լուսանկարները (www.nsarchive.org): Դրանից  հետո միայն Պենտագոնին այլ բան չէր մնում, քան 2004 թ. ապրիլին հրապարակել զոհված զինվորների իրական տվյալներն ու լուսանկարները ։ Հայաստանում առայժմ չի եղել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի միջոցով պետական գաղտնիք համարվող տեղեկատվության բացահայտման դեպք, քանի որ ՏԱ մասին օրենքը միայն 2 տարվա կյանք ունի եւ այն դեռ պետք է գործարկել այս նպատակով։ Անդրադառնանք ՀՀ-ում հարցի իրավական կարգավորման առանձնահատկություններին։ 

Իշխանության գործունեության հրապարակայնության սկզբունքից է բխում պաշտոնական փաստաթղթերի բաց լինելու կանխավարկածը։ Դրանք պետք է մատչելի լինեն հանրությանը, եթե միայն չկա առավել կարեւոր հանրային կամ պետական շահ տեղեկությունը չհրապարակելու համար։ Անգամ եթե լրագրողը, քաղաքացին դիմում է պետական գաղտնիք համարվող տեղեկություն ստանալու համար, իշխանությունները պետք է նժարի վրա դնեն մի կողմից այդ տեղեկատվությունը ստանալու հասարակական շահն ու հետաքրքրությունը, մյուս կողմից՝ գաղտնիքը պահպանելու անհրաժեշտությունը։

Պետական գաղտնիքի հասկացությունը

Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածը, ինչպես նաեւ խոսքի ազատությունը սահմանող միջազգային այլ փաստաթղթեր նշում են, որ խոսքի եւ տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել պետական անվտանգության պաշտպանության անհրաժեշտությամբ, որը դիտվում է որպես այս հիմնարար իրավունքների սահմանափակման օրինական հիմք: 

Պետական գաղտնիքի ինստիտուտն ընդունել են բոլոր երկրները։ Սա լիովին հասկանալի եւ տրամաբանական է, քանի որ պետության անվտանգության տեսանկյունից պետական գաղտնիքի հրապարակումը կարող է իրական սպառնալիք դառնալ։ Հայաստանում պետական գաղտնիքի մատչելիության սահմանափակումը ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքից բացառություն է: ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածը նշում է, որ «իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»: Ուստի այս սահմանափակումը նախատեսված է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ։

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը (ընդ. դեկտեմբերի 30, 1996թ) սահմանում է պետական գաղտնիք հասկացությունը, կարգավորում է ՀՀ անվտանգության, քաղաքացիների, հասարակության եւ պետության կենսական շահերի ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքը դասելու, դրանք գաղտնազերծելու եւ պաշտպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ այլն: Օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է «պետական գաղտնիք» հասկացությունը. «Պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար»: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է ծառայողական գաղտնիք հասկացությունը.  դրանք վերը նշված ոլորտների այն տեղեկություններ են, որոնք «պահպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը։ Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»:
 
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ   հոդվածն արգելում է պետական գաղտնիքի հրապարակումը՝ որպես քրեորեն պատժելի արարք. «Արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաեւ այնպիսի  տեղեկատվության  տարածումը, որը խախտում է մարդու անձնական կամ   ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը»: «Տեղեկատվության  ազատության  մասին» ՀՀ  օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասը նույնպես արգելում է հրապարակել այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք։ 

Թեեւ օրենսդրությունն արգելում է պետական գաղտնիքի հրապարակումը, միեւնույն ժամանակ այն չի հստակեցնում «պետական գաղտնիք» հասկացության սահմանները, այլ միայն մեկ հոդվածով (հ. 2-րդ) տալիս է համապատասխան տեղեկությունների ընդհանուր ուրվագիծը։ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը «մշակում եւ հաստատում է պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը»: Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի 173 որոշմամբ: Ցանկը պարունակում  է  33 կետ, այնուամենայնիվ, այստեղ  եւս   որոշակիացված  չեն  պետական գաղտնիքի սահմանները: Օրինակ՝ վերոհիշյալ ցանկի 3-րդ կետի  համաձայն՝ պետական գաղտնիք  են  համարվում «զորքերի զարգացման թվի մասին տեղեկությունները»:  Հարց է ծագում`  արդյո՞ք նոր զորակոչվածների թվի  մասին   տեղեկատվությունը   մտնում է «պետական  գաղտնիք» հասկացության տակ: Եթե այո,  ապա  ինչո՞ւ ենք  այդ  մասին տվյալներ հրապարակում ԶԼՄ-ը կամ ոլորտի պաշտոնյաները:  Անհասկանալի է նաեւ պետական գաղտնիքի  շարքը  դասվող  տեղեկությունների  ցանկում տեղ  գտած 12-րդ  կետի ձեւակերպումը, համաձայն  որի՝   պետական  գաղտնիք  է  համարվում  «ՀՀ   սահմանապահ  զորքերի էությունը   բացահայտող տեղեկությունները»:  «Զորքերի էությունը» չափազանց  լայն  հասկացություն է: Ցանկացած  տեղեկատվություն, որն  առնչվում է  սահմանապահ  զորքերին,  կարող է   համարվել  վերջինիս  էությունը  բացահայտող:  18-րդ  կետի համաձայն՝ պետական գաղտնիք  է  համարվում նաեւ  «հիդրոօդերեւութաբանական եւ  գեոֆիզիակայի  բնագավառում  աշխատանքի արդյունքները  բացահայտող    տեղեկությունները»:   Այստեղ  եւս չի  որոշակիացվում, թե հատկապես ո՞ր աշխատանքների արդյունքները  բացահայտող  տեղեկություններն   են դասվում պետական  գաղտնիքի  շարքը: 

Գոյություն ունի պետական գաղտնիքի 3 աստիճան` գաղտնի, հույժ գաղտնի եւ հատուկ կարեւորության` կախված գաղտնի տեղեկությունների կարեւորությունից, բնույթից եւ դրանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից (Օրենքի 4-րդ հոդված)։ Գաղտնիության աստիճաններին համապատասխան գաղտնիք համարվող փաստաթղթերի վրա դրվում են «գաղտնի», «հույժ գաղտնի» եւ «հատուկ կարեւորության» մակագրությունները։ Խոսքի ազատության պաշտպանության միջազգային ԱՐՏԻԿԼ 19 կազմակերպությունն իր մշակած տեղեկատվության ազատության մասին օրինակելի օրենքում (www
.article19.org) նշում է երեք մասից բաղկացած թեսթի մասին, որն առաջարկվում է պետական պաշտոնյաներին կիրառել այն բոլոր դեպքերում, երբ տվյալ տեղեկատվությունը գաղտնագրելու հարց է ծագում։ Թեսթի համաձայն` առաջին փուլում պաշտոնյան պետք է պարզի, թե արդյոք տվյալ տեղեկությունն առնչվում է Տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված օրինական բացառություններին (օրինակ` ազգային անվտանգության կամ անձի անձնական կյանքի գաղտնիության պահպանության շահ)։ Երկրորդ փուլում պետք է պարզել, թե արդյոք տեղեկության բացահայտումն էական վնաս կհասցնի՞ այդ նպատակին։ Եվ վերջում, այնուամենայնիվ, պետք է պարզել` արդյո՞ք այդ տեղեկության հրապարակումն ավելի մեծ օգուտ չի տա հասարակությանը, քան այն գաղտնի պահելը։ 

Ենթադրենք, պաշտպանության նախարարության պաշտոնյան քաղաքացուց հարցում է ստանում` տրամադրել տեղեկություններ բանակի համար ձեռք բերված զինվորական հագուստի որակի եւ գնի մասին։ Արդյո՞ք այս տեղեկությունն առնչվում է օրինական նպատակներից որեւէ մեկին։ Այո, հարցումն առնչվում է ազգային անվտանգության շահին։ Բայց միթե դրա հրապարակումը կվնասի այդ շահին։ Այս կոնկրետ օրինակում վստահաբար կարելի է բացասական պատասխան տալ։ Հրապարակումը չի կարող վնասել երկրի անվտանգությանը։ Վատագույն դեպքում թշնամին կիմանա, որ մեր բանակում զինվորները վատորակ հագուստ են հագնում։ Հիշենք, որ խոսքը գնում է էական, ոչ թե ընդհանրապես վնասի մասին։ Կառավարության պարտականությունն է ապացուցել, որ տվյալ տեղեկության հրապարակմամբ իսկապես կարող է պատճառվել էական վնաս։ Տեղեկություն ստանալու հարցումով դիմողի պարտականությունը չէ ապացուցել, որ հրապարակումն անվտանգ է։ Եթե հարցումով դիմողը խնդրել է տրամադրել զենքի որակի մասին տեղեկություն, ապա սա արդեն կարող է էական վնաս պատճարել անվտանգությանը, հատկապես մեր քաղաքական վիճակում գտնվող երկրի համար, սակայն թեսթի երրորդ փուլի համաձայն` դեռ պետք է հստակեցնել, թե արդյոք դրա հրապարակումն ավելի կարեւոր չէ, քան այն գաղտնի պահելը։ Ասենք, հրապարակումը կարող է ավելի օգտակար լինել ազգային անվտանգության պաշտպանության համար, կամ դրա շնորհիվ կմեծանա հասարակական ճնշումը անորակ զենքերը փոխարինել որակյալով, կամ ցույց կտա պաշտպանության նպատակով կատարվող գնումների անարդյունավետությունը, որն ի վերջո կհանգեցնի գնումների գործընթացի բարեփոխման։ Այս ամենի շնորհիվ ազգային անվտանգությունը ոչ թե կտուժի, այլ միայն կշահի։ 

Նշենք, որ պետության կողմից հաճախ սխալ է մեկնաբանվում «հանրային հետաքրքրություն» հասկացությունը. հասարակությունը հետաքրքրված է դրանով։ սա դեռ ամբողջական մեկնաբանում չէ։ Այն պետք է հատկապես տարբերակել հասարակական հետաքրքրասիրությունից։ «Հանրային հետաքրքրություն» նշանակում է, որ հանրությունը տեղեկատվության հրապարակման հետեւանքով շահելու է։ Միացյալ նահանգներում, օրինակ, իշխանությունները հրաժարվեցին հանրությանը տրամադրել Համաշխարհային առեւտրի կենտրնում տեղադրված գաղտնի տեսախցիկների նկարահանած կադրերը Սեպտեմբերի 11-ին` դրանք համարելով չափազանց ցավոտ զոհվածների ընտանիքների անդամների համար։  Մեկ տարի անց, այնուամենայնիվ, դրանք հրապարակվեցին, քանի որ որոշվեց, որ գերակշռող հանրային շահը պահանջում է իմանալ, թե ինչպես են մարդիկ տեղահանվել շենքից։ Եւ դա հետագայում շենքերը ճիշտ կառուցելու համար լավ դաս եղավ։

Երբ տեղեկատվության միայն մի մասը կարող է տրամադրվել, պետական մարմինները պարտավոր են տալ փաստաթղթի պատճենը, որից հանված է հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը, եւ ոչ թե ընդհանրապես մերժեն տեղ. ստանալու հարցումը։ ՏԱ շատ օրենքներ սահմանում են, որ այն դեպքերում, երբ տեղեկատվության միայն մի մասը կարող է տրամադրվել, պետական մարմինները պարտավոր են տալ փաստաթղթի պատճենը, որից հանված է հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը, եւ ոչ թե ընդհանրապես մերժեն դիմումը։ ՏԱ մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝‎ եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է պետական գաղտնիք համարվող տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն տնօրինողը պարտավոր է տեղեկություն տրամադրել մնացած մասի վերաբերյալ, ոչ թե ընդհանրապես մերժել տվյալ փաստաթղթի տրամադրումը: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության պաշտոնական ինտերնետային էջում կարելի է տեսնել նման բազմաթիվ փաստաթղթեր, որոնք մատչելի են հասարակությանը մասնակի։ Գաղտնազերծված փաստաթղթերի չգաղտնազերծված հատվածները խնամքով ջնջված են, այնպես օր փաստաթուղթն ստացողը չի կարող կարդալ դրանք (Տես` ԿՀՎ-ի պաշտոնական ինտերնետային էջըwww.foia.cia.gov/records.asp

Պետական գաղտնիքի պահպանման ժամկետները

Պետական գաղտնիքն անժամկետ չէ. օրենսդրությամբ սահմանվում են հստակ ժամկետներ գաղտնիքների գաղտնազերծման համար։ «Պետական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է, թե որքան ժամանակով կարող է տվյալ տեղեկությունը գաղտնիք համարվել: Այսպես՝ «հատուկ կարեւորության» եւ «հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները իրենց գաղտնիությունը պահպանում են մինչեւ 30 տարի, ընդ որում՝ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է սահմանել գաղտնագրման առավել երկար ժամկետ: «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունցող տեղեկություններն իրենց գաղտնիությունը պահպանում են մինչեւ 10 տարի: Պետական մարմինները կարող են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների պահպանության՝ նախկինում սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամանակով: Կառավարության որոշմամբ դրանք կարող են գաղտնազերծվել նաեւ ժամկետից շուտ: 

Գաղտնազերծումից հետո տեղեկությունները պետք է եռամսյա ժամկետում հանձնվեն ՀՀ պետական արխիվի պահպանությանը, որտեղ արդեն դրանք մատչելի են դառնում հասարակության բոլոր անդամների համար։ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի ազատ որոնելու եւ ուսումնասիրության նպատակով պետական եւ համայնքային արխիվներից ստանալու արխիվային փաստաթղթեր։ Անհասկանալի է այն միտքը, թե ինչու պետք է արխիվային փաստաթուղթ փնտրողը հիմնավորի, թե ինչու է իրեն անհրաժեշտ տվյալ արխիվային փաստաթուղթը։ Օրենքից բխում է, որ արխիվային փաստաթուղթ կարելի է ձեռք բերել միայն մեկ նպատակով, այն է` ուսունասիրություն կատարելը Սա միանշանակ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի անհիմն սահմանափակում է։
Նշենք, որ օրինակ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության պաշտոնական ինտերնետային էջում յուրաքանչյուր ոք կարող է գտնել բոլոր այն պետական գաղտնիքները, որոնք արդեն գաղտնազերծվել են
www.foia.cia.gov/records.asp: Իսկ, օրինակ, Ռուսաստանի ‎անվտանգության ‎ֆ‎եդերալ ծառայության ինտերնետային էջում` www.fsb.ru ընդհանրապես տեղակայված չեն գաղտնագրված տեղեկությունները։

Տեղեկատվություն, որ չի կարող գաղտնագրվել

Պետական գաղտնիքի մասին օրենքները սահմանում են նաեւ այն տեղեկությունների ցանկը, որոնք չեն կարող գաղտնագրվել եւ համարվել պետական գաղտնիք։ Սովորաբար, պետական գաղտնիքի կարգավիճակին չեն կարող համապատասխանել. հասարակական բնույթ ունեցող տեղեկությունները, որոնք, օրինակ, առնչվում են հասարակության անվտանգությանն ու բարօրությանը սպառնացող աղետներին, շրջակա միջավայրի, առողջապահության, կրթության, մշակույթի եւ գյուղատնտեսության վիճակին, մարդու իրավունքների ոտնահարումներին, պետական հաստատությունների եւ պաշտոնատար անձանց անօրինական գործողություններին: Վերջինս (պաշտոնատար անձանց անօրինական գործողություններին առնչվող տեղեկությունները գաղտնագրելու անթույլատրելիությունը) բացակայում է մեր օրենքում, որով խիստ նվազում է իշխանության մարմինների վրա հասարակական հսկողություն իրականացնելու հնարավորությունը:  

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել՝

ա) քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետեւանքների մասին տեղեկությունները,
բ) տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առեւտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկություններ,
գ) քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների եւ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկություններ,
դ) այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական եւ ճյուղային ծրագրերի իրականացման վրա։

Օրենսդրությունը ոչ միայն սահմանում է գաղտնագրման ոչ ենթակա տեղեկատվությունը, այլեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` պաշտոնյաներին պարտավորեցնում է անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադդրել հետեւյալ խումբ տեղեկությունները, եթե դրա համար դիմում են տվյալ պետական մարմնին։ Դա այն տեղեկությունն է, որը՝ 

1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին եւ դրանց հետեւանքներին.
2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.
3) չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայատանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։ 

ՏԱ օրենքի 7-րդ հդովածի համաձայն էլ Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձեւով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավուքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը։ Այսինքն, վերոնշյալ տեղեկություններն անհապաղ հրապարակելու պահանջ է դրվում տեղեկություն տնօրինողի վրա` անկախ հարցումով դիմողի առկայությունից։ Խնդիրը, սակայն, այն է, որ օրպենսդրությամբ պատասխանատվություն չի նախատեսվում այս պարտավորությունը չկատարող պաշտոնյայի նկատմամբ։ Մեր կարծիքով, այս տեղեկությունները թաքցնող պետական պաշտոնյան պետք է կրի քրեական կամ վարչական պատասխանատվություն՝ կախված հասարակությանը եւ առանձին քաղաքացիներին պատճառված նյութական եւ բարոյական վնասի ծավալից։

Պատասխանատվություն պետական գաղտնիքի հրապարակման համար

Պետական գաղտնիքի հրապարակմամբ կարող է վնաս հասցվել երկրի անվտանգությանը, ուստի պետական գաղտնիք հրապարակելը ՀՀ-ում քրեորեն պատժելի արարք է: ՀՀ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը` «Պետական գաղտնիք հրապարակելը» սահմանում է. 

«1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, եւ ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները՝ 

պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 

2. Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը՝ 

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ 

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Նախ, պարզենք` ինչ է նշանակում պետական գաղտնիքի հրապարակում։ Հարցի պատասխանը տրվում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում` պետական գաղտնիքի հրապարակումը օրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումն է, տրամադրումը, առաքումը, ինչպես նաեւ ոեւէ ձեւով մատչելի դարձնելն է անյ անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին իրազեկ լինելու իրավւոնք կամ սահմանված կարգով ծանոթանալու թույլտվություն չունեն»:

Քանի որ պետական գաղտնիքի հրապարակումը քրեական պատասխանատվություն է առաջ բերում, հետեւաբար խիստ կարեւորվում է այն հարցը, թե ո՞վ պետք է պատասխանատվություն կրի պետական գաղտնիքի հրապարակման համար՝ լրագրո՞ղը, թե՞ պետական պաշտոնյան: 

ՀՀ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը նշում է, որ պետական գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվության ենթարկվում է այն անձը, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, եւ ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ: Որպես հանցագործության սուբյեկտ ու՞մ նկատի ունի օրենսդիրը այս հոդվածով: 

Պարզենք, թե ում են վստահվում պետական գաղտնիք համարվող տեղեկությունները: «Պետական գաղտնիքի մասին» օրենքը կարգավորում է պետական գաղտնիք համարվող տեղեկությունների մատչելիության ընթացակարգը: Հրապարակման համար պատասխանատվության կարող է ենթարկվել նա, ում գաղտնիքը հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի շնորհիվ: Ծառայության շնորհիվ հայտնի է դառնում միայն այն անձին, ով ունի համապատասխան լիազորություն: Խիստ անորոշ է ձեւակերպված «աշխատանքը», քանի որ այն լայն հասկացություն է եւ սկզբունքորեն դրա տակ կարելի է հասկանալ ցանկացած քաղաքացու պրոֆեսիոնալ գործունեության ցանկացած ձեւ, որի ընթացքում նրան հայտնի է դարձել պետական գաղտնիքը: Սակայն պետք է ուշադրություն դարձնել «Պետական գաղտնիքի» մասին օրենքի 1-ին հոդվածին, որը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է սույն օրենքի գործողությունը: Հոդվածը նշում է, որ օրենքի դրույթները ենթակա են պարտադիր կատարման ՀՀ պետական,, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից), պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից, որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարել պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության պահանջները: 

Այս իմաստով կարեւոր է նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը (2001թ. դեկտ. 4), որի 23-րդ հոդվածը որպես քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններից մեկը նշում է նաեւ պետական, ծառայողական եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը: Այսինքն՝ գաղտնիքը պահպանելը քաղաքացիական ծառայողի պաշտոնական պարտականություններից է, որն անպայման ենթակա է կատարման: 

«Պետական գաղտնիքի մասին» օրենքը նաեւ նշում է, որ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները «համարվում են ՀՀ սեփականությունը եւ պետական գաղտնիքը պահպանվում է պետության կողմից»: 

Օրենքի 19-րդ հոդվածով «պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովումն իրականացնում են այդպիսի գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները՝ իրենց իրավասության սահմաններում եւ իրենց առջեւ դրված խնդիրներին համապատասխան»: 

Այս բոլոր նորմերը հիմնավորում են այն, որ պետական գաղտնիքի պաշտպանությունը դրված է պետության, պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վրա: Այս ցանկում քաղաքացիները, այդ թվում եւ լրագրողները ընդգրկված չեն։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս պետք է վարվի լրագրողը, եթե իր մասնագիտական պարտականությունները կատարելիս իրեն հայտնի են դառնում պետական գաղտնիք համարվող տեղեկություններ: 

Բավականին թերի ձեւակերպումներ է պարունակում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որը լրագրողներին պարտավորեցնում է չհրապարակել պետական գաղտնիք: «Ռադիոհեռուստատեսության մասին» Օրենքի 24-րդ հոդվածի գ կետն արգելում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել «օրենքով պահպանվող պետական եւ այլ գաղտնիքներ հրապարակելու» նպատակով: Այս հոդվածը ԶԼՄ-ների համար երկու վտանգ է ներկայացնում: Նախ, թեպետ պետական գաղտնիքը պահպանելու պարտավորությունը օրենքով դրված է պետության վրա, սակայն վերը նշված դրույթով լրատվամիջոցներին է պարտավորեցվում պահպանել այն: 

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 24-րդ հոդվածի մյուս թերությունն այն է, որ անհասկանալի է, թե ինչ ասել է «այլ գաղտնիքներ»: Եթե օրենսդիրը փորձ է արել օրենքով սահմանել խոսքի ազատության բոլոր հնարավոր սահմանափակումները երկիմաստ մեկնաբանությունները հետագայում բացառելու համար, ապա այս դեպքում միանգամայն անորոշ է, թե որոնք են «այլ գաղտնիքները» եւ որքան ընդարձակ կարող են դրանք մեկնաբանվել: Պետք է նշված լիներ «Օրենքով պահպանվող այլ գաղտնիքներ», այսինքն պետք է պահպանվի միմիայն այն գաղտնիքը, որը սահմանվում եւ պահպանվում է օրենքով։ Գաղտնիքների սպառիչ ցանկը սահմանվում է «տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով։ 

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առկա թերի ձեւակերպումները, մեր կարծիքով, շտկվում են։  «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշվում են այն դեպքերը, երբ լրագրողը կամ լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է պատասխանատվությունից, որոնց թվում նշվում է նաեւ հետեւյալը. «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել»: Հոդվածը պաշտպանությամբ է ապահովում բոլոր այն լրագրողներին, որոնք եթե պետական գաղտնիքը կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկությունները ձեռք են բերել օրինական ճանապարհով (ասենք, հարցազրույցի ժամանակ, կամ նրանց տրվել է պաշտոնյայի կողմից), ապա դրա հրապարակման համար չեն կարող պատասխանատվություն կրել։ Օրենքի պաշտպանությունն ավելի հեռուն է գնում` տալով իրական երաշխիքներ։ Լրատվական գործունեություն իրականացնողը  պատասխանատվությունից ազատվում է նույնիսկ այն դեպքում, երբ տեղեկատվության գաղտնի լինելն ակնհայտ է եղել, եթե. «այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից...» («ԶԼ մասին» օրենք», հոդված 9 կետ 3): 

Այսպիսով, պետությունն ինքը պետք է ապահովի պետական գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանությունը: Գաղտնիքը բացահայտելու համար պատասխանատվություն կարող է կրել միայն գաղտնիքը կրողը, ով պաշտոնապես իրավունք է ստացել ձեռք բերել այդ գաղտնի տեղեկությունները եւ պարտավորվել է չբացահայտել։ 

Լրագրողին պետական գաղտնիք կարող է հայտնի դառնալ, ասենք, պետական ծառայողի հետ զրուցելիս։ Վերջինս դիտավորյալ կամ անզգուշորեն կարող է լրագրողին պետական գաղտնիք հայտնել: Գաղտնիքը հետագայում հրապարակելու համար լրագրողը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Սակայն եթե այդ տեղեկությունները լրագրողը ձեռք է բերել օրինական ճանապարհով, լրագրողի վրա չի դրվում պարտականություն ստուգել ստացված տեղեկատվության կարգավիճակը: Լրագրողը չի դասվում «Պետական գաղտնիքի» մասին օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձանց շարքը, որոնց վրա տարածվում է այդ օրենքի գործողությունը: Քաղաքացին, այդ թվում եւ լրագրողը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության պետական գաղտնիքի հրապարակման համար, եթե այն ձեռք է բերել օրինական ճանապարհով։  

Պետությունը պարտավոր է պատշաճ պահպանել իր գաղտնիքները, եւ եթե լրագրողին հաջողվում է իմանալ որոշ գաղտնի տեղեկություններ, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի ինֆորմացիայի արտահոսքը թույլ տված պետական մարմինը կամ պաշտոնյան: 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լուրջ երաշխիք է պարունակում տեղեկատվության արտահոսք թույլ տված պաշտոնյաների համար։ Արտահոսքը կամ հոսակորուստը, ինչպես սահմանում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքը. գաղտնիք կազմող տեղեկություններին իրազեկ լինելու լինելու իրավունք ունեցող, ինչպես նաեւ դրա դրանց պահպանության համար պատասխանատու անձանց անփութության հետեւանքով այդպիսի տեղեկությունների արտահոսքն է կամ կորուստը։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն նույնիկս եթե տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք, այն ենթակա է տրամադրման եւ հրապարակման, եթե այդ տեղեկությունը.

ա) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային աղետներին եւ դրանց հետեւանքներին, 

բ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության  շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առեւտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը,

գ) տեղեկությունը չտրամադրելը բացասաբար ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։

Միեւնույն հոդվածի երկրորդ մասի հանաձայն՝  իրավասու պետական մարմինը կամ պաշտոնյան պարտավոր է հրապարակել կամ տրամադրել ինֆորմացիա քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, ինչպես նաեւ աղետների, շրջակա միջավայրի պաշտպանության, տնտեսության ընդհանուր վիճակի, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության մասին: Տվյալ դեպքում, նրանք ենթակա չեն պատասխանատվության ըստ օրենքի 14-րդ հոդվածի, քանի որ գործել են` ելնելով պետության եւ հասարակության շահերից: Այսպիսով, արտահոսք թույլ տված պաշտոնյաները կամ միջազգային եզրաբանությամբ` whistleblowers պատշաճ պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ, սակայն հարցն այն է, որ պաշտոնյաները ձեռնպահ են մնում գաղտնիքներ բացահայտելուց բաց աշխատելու մշակույթի բացակայության պատճառով։ Օրինակ, եթե պաշտոնյան տեղյակ է, որ իր գերատեսչությունում կատարվել է քրեական հանցագործություն, կամ իր ղեկավարը չի կատարում իր օրինական պարտավորությունները, կամ իր մարմնի գործունեությունը սպառնում է հասարակությանը առողջությանը կամ շրջակա միջավայրին, պետք է պաշտոնյան բացահայտի՞, թե թաքցնի այս տեղեկությունները, քանի որ դրանք գաղտնիք են։ Հարցին հրաշալի պատասխանում է հետեւյալ օրինակը (աղբյուրը` ԱՐՏԻԿԼ 19). 

2003թ. սկզբին Քեթրին Գանը` Մեծ Բրիտանիայի կառավարության էլեկտրոնային լսումների կազմակերպության հաղորդակցության բաժանմունքի աշխատակիցը ամերիկացի մի պաշտոնյայից էլեկտրոնային մի նամակի կրկնօրինակ է ստանում։ Նամակում նշվում էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունների դիվանագետներին գաղտնալսելու ծրագրի մասին։ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը խիստ ցանկանում էին ստանալ Իրաք ներխուժելու գործողությունները թույլատրելու մասին Անվտանգության խորհրդի ռեզոլուցիան։ Գանը ստանալով այս նամակը` այն տրամադրում է թերթերին` հրապարակման։ Այս պատմությունը լուրջ խնդիրներ էր առաջացնում երկու պետությունների համար։ Գանն ընդունեց, որ ինքն է հրապարկել էլեկտրոնային նամակը, նրան մեղադրեցին լրտեսության մեջ։ Սակայն 2004թ. փետրվարին նրա դեմ բերված մեղադրանքները հանվեցին։ Խնդիրն այն էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի լուրջ խնդիրներ կունենար, եթե դատարանը նրան պարտադրեր ներկայացնել Իրաքի ներխուժման իրավական հիմնավորումներ։ Չէ՞ որ Բեծ Բրիտանիայի բնակչության կեսը դեմ էր Իրաքի պատերազմին, հետեւաբար հավանականությունը խիստ փոքր էր, որ ժյուրին Գանին մեղավոր կճանաչեր։ Քեթրին Գանը պաշտպանված չէր Անգլիական օրենքներով։ Նա կորցրեց իր աշխատանքը եւ խուսափեց քրեական պատասխանատվությունց միայն այն պատճառով, որ կառավարությունը վախեցավ դրանից։ 

Պետական գաղտնիքի ինստիտուտը շատ հաճախ պարզապես խաղաթուղթ է ծառայում պետական պաշտոնյաների ձեռքին՝ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու նրանց մշտական ձգտումն իրականացնելու համար: Փաստեր քողարկելու ցանկությունը արդարացնում են ազգային անվտանգության պաշտպանությամբ։ Անշուշտ, պետական գաղտնիքի բացահայտումը կարող է վտանգել պետության անվտանգությունը, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ պաշտոնյաները դիմում են անվտանգության գործոնին, որպեսզի թաքցնեն տեղեկատվությունը։

Այսպիսով, ՀՀ օրենսդրությունը պատշաճ պաշտպանում է ինչպես պաշտոնյային, այնպես էլ լրագրողին, որոնք գործել են հասարակական կենսական շահերի պաշտպանության նկատառումով` հրապարակելով օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ:

← Վերադառնալ ցուցակին