Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Հայաստանում օրենքն ապրանք է, որ վաճառվում է

01.11.2003

Շուշան Դոյդոյան
Հասմիկ Մկրտչյան
Տեղեկագիր 7

Հայաստանում օրենքներին ու մյուս իրավական ակտերին կարելի է ծանոթանալ հետեւյալ աղբյուրներից. Պաշտոնական տեղեկագիր, ինտերնետային պաշտոնական էջեր, «Իրտեկ» էլեկտրոնային ծրագիր, ցուցատախտակներ: Մատչելի՞ են արդյոք այս աղբյուրները:

ՀՀ Պաշտոնական տեղեկագիր

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում իրավական եւ նորմատիվ ակտերն ուժի մեջ կարող են մտնել միայն «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» կամ «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրապարակվելուց հետո:

«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Գրիգորյանի տվյալներով տեղեկագրի միջին տպաքանակը 1000 օրինակ է, որից 400-ը՝ պետպատվեր, 500-ը՝ բաժանորդային, իսկ 100-ը դրվում է վաճառքի: Եթե հաշվի առնենք Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը (3մլն), ստացվում է, որ պաշտոնական տեղեկագիրը բաժին է ընկնում 3000 բնակչից միայն մեկին:

Մարզերում մարդիկ օրենքներին կարող են ծանոթանալ մարզպետարաններում, որոնք, որպես պետպատվեր, ստանում են պաշտոնական տեղեկագրի մեկական օրինակ։ Սակայն հարց է, թե որտեղ են տեղադրվում պաշտոնական տեղեկագրերը՝ մարզպետերի գրասեղաններին, թե՞ ընդունարաններում:

Հայաստանի 900 համայնքներին բաժին է ընկնում պաշտոնական տեղեկագրի միայն մի քանի օրինակ: Քաղաքապետարաններն ու թաղապետարանները տեղեկագիրը ձեռք են բերում բաժանորդային կարգով, այսինքն՝ գնում են: Բարձր գնի պատճառով բաժանորդագրվում են միայն եզակի համայնքներ:
Ըստ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի տնօրեն Ս. Գրիգորյանի՝ տեղեկագրի միջին արժեքը 1200 դրամ է: Տպագրվում են նաեւ տեղեկագրեր, որոնց արժեքը գերազանցում է 10.000 դրամը: Այդ իսկ պատճառով վաճառքի հանված պաշտոնական տեղեկագրի ընդամենը 100 օրինակը չի սպառվում:

Այսպիսով, օրենքների հիմնական պաշտոնական աղբյուրը փոքր տպաքանակի եւ բարձր գնի պատճառով հասանելի է միայն բնակչության 0.3 տոկոսին:

Ցուցատախտակներ

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածը սահմանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կարգը: Համայնքի ավագանու եւ ղեկավարի նորմատիվ ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում», իսկ Երեւանի թաղային համայնքների նորմատիվ ակտերը՝ «Երեւանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրերում»: Սրանք պետք է լույս տեսնեն ամեն 100 բնակչին նվազագույնը մեկ օրինակ տպաքանակով: Օրենքը պաշտոնական հրապարակման ձեւ է համարում նաեւ համայնքի տարածքի տարբեր վայրերում տեղադրված ցուցատախտակներին փակցնելը (ցուցատախտակները տեղադրվում են ըստ համայնքի բնակիչների թվի` ամեն 300 բնակչին ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ): Եթե օրենքի առաջին պահանջը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, ապա տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումներին ցուցատախտակների միջոցով համայնքի բնակիչներին տեղեկացնելը էժան, միաժամանակ արդյունավետ ձեւ է: Սակայն այն նույնպես չի կիրառվում:

Երեւանի որոշ թաղապետարաններում նույնիսկ տեղյակ չեն օրենքի այս պահանջի մասին: Մեր հարցմանը թաղապետարաններից ստացանք հետեւյալ պատասխանները:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանի թաղապետի տեղակալ Մ. Հովհաննիսյան. «Ցուցատախտակների միջոցով բնակչությանը տեղեկացնելու պրոցեսը մեզ մոտ դեռ չի գործում: Դա նախատեսվում է կարգավորել առաջիկա երկու ամիսներին: Այժմ թաղապետի որոշումը եթե առնչվում է բնակչին, փոստի միջոցով ուղարկում ենք»:

Արաբկիր համայնքի թաղապետարանի քարտուղարության բաժնի պետ Սեդա Կարապետյան. «Եթե որեւէ որոշում առնչվում է բնակչի կենսական շահերին, ինքը գալիս եւ ստանում է այն, եթե ոչ, ապա ուղարկվում ենք նրան»:

Նորք-Մարաշ համայնքի թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ Սոֆյա Զաքարյան. «Անկեղծ ասած, այդ օրենքը մեզ մոտ չի գործում: Եթե հանդիպում է լինում բնակիչների հետ, այդ ժամանակ է ամեն ինչ հայտնվում նրանց»: Եթե այսպես են աշխատում Երեւանում, ապա միայն կարելի է պատկերացնել, թե պատկերն ինչպիսին է մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում:

Այսպիսով՝ պարզ է դառնում, որ մարդիկ ծանոթանում են ՏԻՄ-երի ընդունած միայն անհատական նորմատիվ ակտերին, իսկ մյուս որոշումներն այդպես էլ անմատչելի են մնում, թեպետ դրանք առնչվում են համայնքի յուրաքանչյուր անդամին: Մարդիկ չեն ծանոթացվում նաեւ իրենց համայնքների բյուջեների նախագծերին, բյուջեներին, դրանց կատարման հաշվետվություններին, ավագանու որոշումներին, հետեւաբար անիմաստ է դառնում համայնքի ինքնակառավարման գաղափարը:

«ՀՀ» պաշտոնաթերթ

Նախկինում մարդիկ հնարավորություն ունեին օրենքներին, նախագահի հրամանագրերին ու կառավարության որոշումներին ծանոթանալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի միջոցով, որը գրեթե միշտ հրապարակում էր ընդունված օրենքներն ու մյուս իրավական ակտերը:

Այսօր, սակայն, «ՀՀ» օրաթերթն օրենքներ չի տպագրում, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «ՀՀ» օրաթերթում հրապարակված օրենքի տեքստը պաշտոնական չի համարվում:

«Մեր ֆունկցիաների մեջ չի մտնում օրենք հրապարակելը, մենք միայն օրենքի ստորագրման մասին ինֆորմացիա ենք տպագրում: Եթե օրենքներ տպագրենք, դա մի ամբողջ համար կարող է լցնել...»,- ասում է «ՀՀ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ Գագիկ Նահապետյանը:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում այսօր լավագույն դեպքում տարեվերջին տպագրվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

«Իրտեկ» համակարգչային ծրագիր

Օրենքների համակարգված, սակայն ոչ մատչելի աղբյուր է «Իրտեկ» ծրագիրը: Այստեղ կարելի է գտնել մոտ 15.000 իրավական ակտ:

Ծրագիրը համակարգչում տեղադրելն արժե 100 դոլար, իսկ ամսեկան բաժանորդային վարձը՝ 40: Այսօր «Իրտեկն» ունի 190 բաժանորդ, հիմնականում բանկեր, առեւտրային կազմակերպություններ, իրավաբանական ֆիրմաներ: Իրտեկից օգտվում են նաեւ նախագահի աշխատակազմը, սահմանադրական դատարանը, նախարարությունները եւ պետական այլ մարմիններ:

Վերջին տարիներին մի քանի կազմակերպություններ փորձեցին մատուցել նմանատիպ ծառայություն եւ ստեղծել օրենքների համակարգչային նոր ծրագրեր, սակայն բոլոր փորձերն անհաջողության մատնվեցին:

«Իրտեկ» իրավական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ավագյանի կարծիքով. «Ո՛չ բոլորին է պետք ծանոթանալ օրենքների բովանդակությանը: Դրա համար ճիշտը, իմ կարծիքով, անհրաժեշտության դեպքում իրավաբանի ծառայությանը դիմելն է»: Եթե հետեւենք այս խորհրդին, ուրեմն մեր իրավունքներն ու պարտականություններն իմանալու համար պետք է վճարենք իրավաբանական գրասենյակներին: Ստացվում է՝ Հայաստանում օրենքն ապրանք է, որ միայն վաճառվում է:

Ինտերնետային պաշտոնական էջեր

Թերեւս «Իրտեկի» մենաշնորհը կարող էին վերացնել պաշտոնական ինտերնետային էջերը, եթե այստեղ տեղադրվեին ընդունված իրավական ակտերը: Օրենքների ամենամատչելի եւ էժան միջոցը, թվում է՝ պետք է լիներ ինտերնետը: Սակայն առայժմ պետական մարմիններից ոչ մեկն այս միջոցը չի օգտագործում օրենքների մատչելիության խնդիրը լուծելու համար: Պաշտոնական ինտերնետային էջերում չեն տեղադրվում ՀՀ օրենքների ամբողջական ու թարմացված տեքստերը: Առանձին ինտերնետային էջերում կան որոշ օրենքներ, որոնք սակայն առնչվում են միայն տվյալ գերատեսչությանը: Որոշ դեպքերում այս տեղեկատվությունը նույնպես վստահելի չէ, քանի որ կանոնավորապես չի թարմացվում: Կառավարության ինտերնետային էջում (www.gov.am) չկան կառավարության, ՀՀ վարչապետի որոշումները: Ազգային ժողովի ինտերնետային էջում (www.parliament.am) հիմնականում տեղադրված են վերջին ամիսներին ընդունված օրենքները: www.president.am էջում չկան ՀՀ նախագահի հրամանագրերը։ Իսկ մի քանի նախարարությունների ինտերնետային էջեր (ինչպես ասենք Առողջապահության եւ բնապահպանության էջերը՝ www.armhealth.am, www.nature.am) միայն անգլերեն են, նախարարների հրամաններն էլ չկան:

Միջազգային պայմանագրեր

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան» Հայաստանը վավերացրել է 2001 թվականին, սակայն մինչ օրս մարդիկ հնարավորություն չունեն ծանոթանալ դրա պաշտոնական տեքստին: 1991 թվականից ի վեր պաշտոնապես չեն հրապարակվել նաեւ ՀՀ-ի վավերացրած մյուս միջազգային պայմանագրերը, ուրեմն ինչպե՞ս են դրանք այսքան ժամանակ կիրառվել:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն օրենքները կիրառվում են միայն պաշտոնական հրապարակումից հետո: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածը եւս սահմանում է, որ ՀՀ միջազգային պայմանագրերը ենթակա են պարտադիր հրապարակման:

Միայն 2002 թվականին Արտաքին գործերի նախարարությունը սկսեց «ՀՀ միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրում» հրապարակել 1991-2001 թթ. վավերացված միջպետական պայմանագրերը, այն էլ միայն երկկողմանի համաձայնագրերը՝ ընդամենը 400 օրինակով: Ողջ տպաքանակն ուղարկվել է միայն պետական մարմիններին, եւ ոչ մի օրինակ վաճառքի չի դրվել՝ դարձյալ անհասանելի մնալով մարդկանց:

Այստեղ կա մի խնդիր եւս. «Այսօր ընդունված միջազգային ակտը, որն այս պահին մեզ համար ունի խիստ հրատապ նշանակություն, չի հրապարակվում կամ կհրապարակվի չորս-հինգ տարի հետ, երբ արդեն այդ ակտի սոցիալական-տնտեսական նշանակությունը գուցե կորած լինի։ Այսօր ընդունված միջազգային ակտերը, հատկապես մարդու իրավունքներին առնչվող, պարտավոր են անհապաղ հրապարակել»,- ասում է ՀՀ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը:

Արտգործնախարարության հրապարակած վերոնշյալ տեղեկագրում տեղ չեն գտել մարդու իրավունքներին առնչվող միջազգային բազմակողմ կոնվենցիաները: Իսկ ՀՀ Սահմանադրությունը նշում է, որ մարդու իրավունքներին ու պարտականություններին վերաբերող իրավական ակտերը, որոնք հրապարակված չեն, իրավաբանական ուժ չունեն:
 
«Ողբերգությունն այն է, որ մեր երկրի ղեկավարները՝ սկսած նախկինից վերջացրած նորը, ստորագրում են պայմանագրեր, որոնցից ամեն տողի մեջ կա երկու տառասխալ, երկու անլուրջ ձեւակերպում, երկու անգրագետ ձեւակերպում: Այսինքն՝ ՀՀ-ում միջազգային պայմանագրերի կնքմանն ու հրապարակմանը լուրջ չեն վերաբերվում»,- ասում է Վլադիմիր Հովհաննիսյանը:

← Վերադառնալ ցուցակին