Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Լրատվական ծառայությունների և լրագրողների փոխհարաբերությունները

01.12.2003

Արմինե Ուդումյան
Տեղեկագիր 2

Եթե ձեռքդ վերցնես հանրապետության 2-3 տասնյակ գերատեսչությունների լրատվական ծառայությունների պետերի հեռախոսահամարները եւ փորձես հերթով զանգահարել, ապա 4-5 հոգու հետ հազիվ կարողանաս մեկանգամյա զանգով կապ հաստատել: Ուստի կարելի է պատկերացնել, թե անմիջականորեն տվյալ գերատեսչության ղեկավարից կամ որեւէ վարչության պետից որեւէ հարցով պարզաբանում ստանալն ինչ ջանքեր է պահանջում լրագրողներից, մանավանդ, եթե այդ լրագրողն ընդդիմադիր ԶԼՄ-ի աշխատակից է:

Լրագրողի գործը հարյուրապատիկ դժվարանում է, եթե նա ներկայացնում է փոքր ռեյտինգ ունեցող կամ քիչ հայտնի որեւէ լրատվամիջոց: Նա պարբերաբար ստանում է «տեղում չէ», «խորհրդակցության է», «զանգեք մամուլի հարցերով պատասխանատուին», «այդ ինֆորմացիան (կամ պարզաբանումը) տալու համար նախարարի թույլտվությունը պետք է ունենամ» եւ մերժողական այլ պատասխաններ: Զանազան, երբեմն անտրամաբանական պատճառաբանություններով են լրագրողներին մերժումներ տրվում: Լրատվական ծառայությունների պետերն իրենց հերթին դժգոհում են, որ իրենցից երբեմն պահանջվում է հրապարակման ոչ ենթակա, ասենք, կոմերցիոն կամ նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկատվություն: Նկատենք, որ երբեմն հենց այդ պատճառաբանությամբ էլ լրագրողին մերժում են պահանջվող տեղեկատվությունը:

Այս կամ այն գերատեսչության աշխատանքի լուսաբանման վերաբերյալ «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքը նշում է. «Զանգվածային լրատվության միջոցները նախնական համաձայնությամբ կարող են իրենց լրագրողին հավատարմագրել պետական եւ հասարակական կազմակերպություններում: Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի մասնակցելու այդ կազմակերպությունների աշխատանքներին եւ լուսաբանելու դրանք»: Այս դրույթը որեւէ սահմանափակում չի պարունակում: Ենթադրաբար, այդ սահմանափակումները հավատարմագրման եւ տվյալ գերատեսչության աշխատանքները լուսաբանելու կարգը սահմանվում է ներգերատեսչական որոշումներով: Հայաստանյան մի շարք գերատեսչություններում արված հարցումներից պարզվեց, սակայն, որ նման կարգ գրեթե գոյություն չունի: Թերեւս, բացառություն են նախագահի աշխատակազմը, Ազգային ժողովը, արտգործնախարարությունը:

Գերատեսչության գործունեության լուսաբանման կարգի գոյության մասին իմ հարցմանը բացասական պատասխան տվեցին պետեկամուտների, ներքին գործերի, գյուղատնտեսության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները, Արժեթղթերի հանձնաժողովը, Պետական գնումների գործակալությունը եւ մի շարք այլ գերատեսչություններ:

Նման կարգի բացակայությունը լրատվական բաժինների պետերին ժամանակ առ ժամանակ հնարավորություն է տալիս խուսափել անցանկալի լրատվամիջոցներից եւ լրագրողներից, որի ամենատարրական դրսեւորումը մամուլի ասուլիսին չհրավիրելն է: Հարկ է նկատել, սակայն, որ այսպիսի կարգերի գոյությունը օգնում է լրատվական ծառայություններին՝ նման լրագրողների բացակայությունն «ապահովելու» համար: Դժվար թե ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքները լուսաբանելու վերաբերյալ կարգը որեւէ կետ պարունակի, որով դատախազության կոլեգիայի նիստի վերաբերյալ քննադատական հրապարակումը լրատվական ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանին իրավունք տար լրագրողին չհրավիրել (կամ տեղյակ չպահել) կոլեգիայի հաջորդ նիստին: «Առավոտ» օրաթերթի թղթակից Ռուզան Մինասյանի վկայությամբ` «Գլխավոր դատախազության՝ էներգետիկ չարաշահումների հետ կապված կոլեգիայի նիստին հետեւեց իմ քննադատական հրապարակումը: Այնուհետեւ հաջորդ ուրբաթ օրը՝ նիստի շարունակությանը, «Առավոտը» հրավիրված չէր: Հրավիրել էին այն լրատվամիջոցները, որոնք ապահովել էին իրենց գովազդը»: Նույն լրագրողը նշում է նմանատիպ մեկ այլ դեպք՝ կապված արդարադատության նախարարության լրատվական ծառայության հետ. «117 օր «հաչացել եմ» բանտային հիվանդանոցում գտնվող հացադուլավորի մասին՝ խնդրելով թույլ տալ հանդիպել նրա հետ: ՆԳ լրատվական ծառայության ղեկավար Արտակ Վարդազարյանը իմ երեք հեռախոսազանգից հետո պատասխանեց, որ հանդիպումը չի ստացվում: Կալանավայրերի՝ արդարադատության համակարգ անցնելուց հետո լրագրողների եւ հացադուլավորի միջեւ հանդիպում է կազմակերպվել, որին չի հրավիրվել այն լրագրողը, որն այդ խնդիրը բարձրացրել է: Հարցին, թե ինչու՞ «Առավոտը» չի հրավիրվել, պատասխանեցին, որ կարծում էինք այդ խնդիրը ձեզ չի հետաքրքրում: Վիրավորականն այն է, որ լրատվական ծառայության ղեկավար Արա Սաղաթելյանը, փաստորեն, թերթ էլ չի կարդում»:

Հարցին, թե ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքների լուսաբանման կարգ կա՞ մշակված, լրատվական ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանը ասաց. «Գիտե՞ք, ինձ մոտ հիմա խորհրդակցություն է: Դուք այդ հարցով երկուշաբթի զանգեք»… Մեկ ուրիշ օր, հայտնելուց հետո, որ նման կարգ կա, Գուրգեն Ամբարյանը պատասխանեց. «Դրան կարելի է ծանոթանալ տեղում»: Տեղում պարզվեց, սակայն, որ այդ կարգը մեկ ամփոփ փաստափուղթ չէ, այլ «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, Քրեական օրենսգիրքը, դատախազության կանոնակարգը եւ այլն: Այդ կանոնակարգը նշում է. «ՀՀ գլխավոր դատախազության անունից ԶԼՄ-ի համար պաշտոնական հաղորդագրություններն ուղարկվում են միայն հասարակական կապերի եւ լրատվության բաժնի միջոցով»: Այս մոտեցումն է, որ դատախազներին անգամ ամենատարրական տեղեկատվություն խնդրելիս առիթ է տալիս խուսափել պատասխանելուց: Իսկ Գ. Ամբարյանը խոսակցության ընթացքում ասաց. «Ես ստորագրություն եմ տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ, որը խախտելու դեպքում ինձ ոչ թե աշխատանքից կազատեն, գլուխը քարը, այլ պատասխանատվության կենթարկեն»: Հետեւաբար պետք է ենթադրել, որ նրան մեծի մասամբ տեղեկատվություն չի տրամադրվում հաղորդելու համար: Ստացվում է մի իրավիճակ, երբ ողջ հանրապետությունն արդեն գիտի ու խոսում է դատախազության հետ կապված որեւէ իրադարձության մասին՝ տարբեր աղբյուրների հղում անելով, իսկ դատախազությունը շարունակում է պնդել, թե ամեն ինչից անտեղյակ է, ինչպես, օրինակ, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի հրաժարականի օրերին:

Արտգործնախարարությունը մեկն է այն եզակի գերատեսչություններից, որտեղ գործում է հավատարմագրման սահմանված կարգ։ 2002թ. հունվարի մեկից այստեղ կսկսի գործել լրագրողների հավատարմագրման նոր կարգ, որի համաձայն հավատարմագրման հայտ ներկայացրած լրագրողը լուսանկարից, անձը հաստատող փաստաթղթից բացի պետք է ներկայացնի «կենսագրական տվյալներ հետեւյալ բովանդակությամբ. կրթությունը, աշխատանքային փորձառությունը, կոչումները, շնորհները եւ գիտական աստիճանները, աշխատությունները»:

Անդրադառնալով լրատվական ծառայությունների եւ մամուլի խոսնակների աշխատանքի կոնկրետ օրինակների՝ նշեմ, որ ՀՀ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն անձամբ է պատասխանում հեռախոսազանգերին, գրեթե միշտ «հասանելի» է եւ անպատասխան չի թողնում որեւէ հարց: Հատկապես նույնը չի կարելի ասել նախագահի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության մասին: Հայտնելով, որ հանրապետության նախագահի եւ աշխատակազմի գործունեությունը լուսաբանման կարգ գոյություն ունի, «կարելի՞ է դրան ծանոթանալ» իմ հարցմանն ի պատասխան՝ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշեց. «Դա ծառայողական օգտագործման պաստաթուղթ է: Ձեզ ի՞նչ է հետաքրքրում, հարցերը գրավոր ուղարկեք, կպատասխանենք»:

Տեղեկատվություն ստանալու համար անհամեմատ ազատ ու մատչելի պայմաններ ու հնարավորություններ են ստեղծված ԱԺ աշխատանքները լուսաբանելու համար: Այժմ արդեն, ի տարբերություն նախկին կարգի, յուրաքանչյուր լրատվամիջոցից երկու հոգի կարող են հավատարմագրվել Աժ աշխատանքները լուսաբանելու համար։ Մեր տեղեկություններով, որեւէ ընդդիմադիր ԶԼՄ-ի նկատմամբ խոչընդոտ չի հարուցվում: Անգամ չհավատարմագրված լրագրողի մուտքն արգելված չէ, թեեւ անցաթուղթ ստանալու ժամանակ բազմաթիվ տեխնիկական բարդություններ են ծագում:

Ժամանակին խնդիրներ ծագեցին ՀՀ կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության սահմանած կարգի առնչությամբ, ըստ որի յուրաքանչյուր լրատվամիջոցից մեկ լրագրող կարող է լուսաբանել կառավարության աշխատանքը, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության նիստի ընդմիջումը: Կառավարության յուրաքանչյուր նիստից մեկ օր առաջ հեռախոսազանգով լրագրողը հավատարմագրվում է, որը միայն վարչության պետ Մերի Հարությունյանը պետք է անի: Այս պահանջը ժամանակին խոչընդոտներ ստեղծեց լրագրողների համար եւ բազմաթիվ դժգոհությունների տեղիք տվեց, մինչեւ լրագրողները կվարժվեին այդ կարգին: Սակայն վարչության պետը նշում է, որ բավականին հեշտացրել է լրագրողների աշխատանքը, եւ այլեւս պարտադիր չէ, որ բոլոր նիստերին (ընդմիջմանը) յուրաքանչյուր ԶԼՄ-ից նախկինի պես միեւնույն լրագրողը ներկա լինի:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված եռյակի մեջ ԱԺ-ն ամենադեմոկրատական կառույցն է: Հարկ է նկատել, որ լուսաբանման կարգն ինքնին որոշակի նշանակություն չունի եւ ըստ այդմ դրա բացակայությունը նույնպես էական նշանակություն չունի, քանի որ ցավոք գործնականում կարեւորվում է այն հանգամանքը, թե ով է ղեկավարում տվյալ գերատեսչության լրատվական բաժինը:

Օրինակ` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ծառայության ղեկավար Վահագն Մովսիսյանի շնորհիվ զգալիորեն լավացել է այս բաժնի աշխատանքը: Այսպիսով, թեեւ գրավոր դիմելու պահանջը բավականին դանդաղեցնում եւ դժվարացնում է լրագրողների աշխատանքը, բայց բոլոր հարցերը պատասխան են ստանում, ընդ որում խոստացված ժամկետում եւ ցանկության դեպքում՝ նաեւ գրավոր:

Հուրախություն մամուլի՝ անհնար է չնկատել, որ վերջին ժամանակներս մեծացել է զանազան գերատեսչությունների ուշադրությունը մամուլի հրապարակումների նկատմամբ: Այս առումով բոլորին գերազանցում է Երեւանի քաղաքապետարանը, որը պատասխանում է իրենց առնչվող, օրինակ, «Առավոտի», գրեթե բոլոր հրապարակումներին՝ զանազան պարզաբանումներ տալով, խնդրի՝ արդեն լուծված լինելու մասին տեղեկացնելով: Այս պարզաբանումների մեծ մասի կարիքը չէր լինի, եթե քաղաքապետարանի լրատվական բաժինը մի քիչ օպերատիվ աշխատեր եւ ամենատարրական հարցերի ճշտման համար օրերով չձգձգեր լրագրողի աշխատանքը:

Թեեւ ընդհանուր խնդիրների մի մասը պահպանվել է, բայց լավացել է նաեւ պետեկամուտների նախարարության համապատասխան ծառայության աշխատանքը: Էդմոն Զարգարյանը հնարավորինս արագ ճշտում եւ լրագրողին է փոխանցում կոմերցիոն գաղտնիք չպարունակող տեղեկատվություն: Բարդ է մաքսային պետական կոմիտեի պարագան, որի լրատվական ծառայության ղեկավարի՝ Նելլի Մանուչարյանի գլխավոր թերությունը աշխատատեղից տեւական բացակայությունն է, իր բոլոր բացասական հետեւանքներով:
Ի մի բերելով՝ նկատենք, որ թեեւ առանձին գերատեսչություններ ներգերատեսչական ակտերով գրեթե սահմանափակումներ չեն անում, բայց, փաստորեն, նրանցից շատերը չեն էլ օգնում գերատեսչություններ-ԶԼՄ փոխհարաբերությունները ավելի արդյունավետ դարձնելուն:

← Վերադառնալ ցուցակին