Հրապարակումներ
Հոդվածներ
Արդարացված տարանջատում. Սպասարկու, անունդ հասարակայնության հետ կապերի պատասխանատու է
01.12.2005
Ռուզան Մինասյան
Տեղեկագիր 15
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2004թ. մայիսի 6-ին հավանություն տվեց հանրապետական գործադիր մարմինների հասարակայնության հետ կապերի ղեկավարի եւ մամուլի քարտուղարի օրինակելի կանոնադրությանն ու գործառույթներին: Վարչապետը ստորագրեց մայիսի 21-ին «մայիսի 6-ի N17 նիստի արձանագրային որոշումը» եւ հանձնարարվեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին վերոնշյալ պատասխանատուների իրավասությունները սահմանող ակտերը համապատասխանեցնել այդ որոշման պահանջներին:
Ի դեպ, հասարակայնության հետ կապերի բաժնի կամ վարչության հիմնական խնդիրներն էին պետական մարմնի տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը, իրականացումը, տվյալ պետական մարմնի ղեկավարի, պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը: Անգամ նախատեսված էր, թե այդ իրազեկումն ինչպես պետք է իրականացվի. հաղորդագրություններով, տեղեկանքներով, հաշվետվություններով, տեսաֆոտոնյութերով, մի խոսքով, տեղեկատվական բնույթի նյութերը տարածելու միջոցով:
Խնդիրներից մեկն էր նաեւ ԶԼՄ-ների եւ պետական մարմնի ղեկավարի միջեւ համագործակցության ապահովումը, ինչպես ասուլիսների, ճեպազրույցների միջոցով, այնպես էլ պետական մարմնի աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրելու: Ուշագրավ մի գործառույթ էլ էր նախատեսված. «Պետական մարմնի ղեկավարի կամ նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձանց համար ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրությունների, հրապարակումների տեսությունների, այլ տեղեկանքների, վերլուծական նյութերի պատրաստումը»: Այս խնդիրը հաջողությամբ իրականացվում է ԶԼՄ-ներում հերքման կամ հերքող բովանդակությամբ «պատասխան խոսքի իրավունքից օգտվելու» նպատակով ուղարկված հաղորդագրություններով, տեղեկանքներով: Չնայած որ «Ստորաբաժանման գործառույթները» հոդվածի բ կետով սահմանված էր. «Պատրաստում եւ տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով»: Եվ որ ամենակարեւորն էր, սպասարկում էր պետական մարմնի ինտերնետային էջը:
Մամուլի քարտուղարին նշանակում եւ պաշտոնից ազատում է պետական մարմնի ղեկավարը: Մամուլի քարտուղարի խնդիրն է ԶԼՄ-ներին ներկայացնել պետական մարմնի ղեկավարի պաշտոնական տեսակետը: Ըստ կառավարության որոշման, գրեթե նույնն է լիազորությունների այն շրջանակը, որն առնչվում է ինտերնետային էջի սպասարկմանը, պետական մարմնի ղեկավարի եւ պաշտոնատար այլ անձանց մամուլի ասուլիսների նախաձեռնման, հասարակական կարծիքի ուսումնասիրության, լրատվական դաշտի դիտարկումների հետ:
Տեղեկացնենք, որ հասարակայնության հետ կապերի իրականացման համար «անհրաժեշտ նվազագույն տեխնիկական միջոցների» ցանկն էլ էր հաստատվել. հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, ֆաքս, համակարգիչ, տպիչ ու ձայնագրիչ:
«Վերմակը մեկը մեկի վրայից քաշելու խնդիր կծագի»
Մեր համեստ հաշվարկներով ունենք 18 մամուլի քարտուղար: Քարտուղարաշատ են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ բնապահպանության, կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, արդարադատության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարությունները, Գեղարքունիքի մարզպետարանը, Երեւանի քաղաքապետարանը, ջրային տնտեսության պետական կոմիտեն, պետական գույքի կառավարման վարչությունը, պետական մաքսային ծառայությունը, պետական հարկային ծառայությունը եւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Կան «համաժամանակյա» պատասխանատուներ էլ, ինչպես, օրինակ, ՀՀ կառավարությունում՝ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը, Գեղարքունիքի մարզպետարանում էլ պատասխանատուն մեկն է: ՀՀ վճռաբեկ դատարանը ուներ մամուլի եւ տեղեկատվության բաժնի պատասխանատու, որի ծառայությունից երբեք ԶԼՄ-ները չեն օգտվել: Դատական թեմաները լուսաբանող լրագրողներն իրենք գիտեն, թե երբ, որտեղից ստանան անհրաժեշտ տեղեկատվությունը եւ, նրանց կարծիքով, այս պատասխանատուի հաստիքն ավելորդ օղակ է վերոնշյալ դատարանում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը մեզ հայտնեց, որ նախարարը՝ Աղվան Վարդանյանը, հարժարվել է մամլո քարտուղար ունենալուց: «Այս կարգի նախարարությունում դրա անհրաժեշտությունը չկա»,- ասում է Հ. Խաչատրյանը: Ի դեպ, մեր այն հարցին, թե «ներքին խանդի տեսարաններ» չէի՞ն ծագի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի եւ մամուլի քարտուղարի միջեւ, կանխատեսեց. «Մտավախությունս ոչ թե մարդկային խանդի իմաստով է, այլ գործառույթների, իրար դաշտ մտնելու կամ աշխատանքը ձախողելու: Հետեւաբար անպայման կառաջանա վերմակը մեկը մեկի վրայից քաշելու խնդիր»:
Մեր այն հարցին էլ, թե մամուլի քարտուղարը նախարարի քաղաքական կամքն արտահայտողն է, ինչպե՞ս պատահեց, որ դաշնակցական նախարարը հրաժարվեց մամուլի հնարավոր քարտուղարից, Հ. Խաչատրյանը պատասխանեց այսպես. «Ես այս ոլորտի քաղաքականության պատասխանատուն եմ եւ ոչ թե նախարարի, որը ՀՅԴ-ական է: Իմ պրակտիկայում չի եղել, որ նախարարը հայտարարություն անի որպես քաղաքական կուսակցության անդամ»: «Իսկ որեւէ հարցով կաշկանդվա՞ծ է քաղծառայող Հասմիկ Խաչատրյանը» հարցին էլ բացասաբար պատասխանեց նա: Հ. Խաչատրյանը գտնում էր, որ այդ երկու սպասարկուների գործառույթները «այնքան էլ հստակ չեն» եւ կանոնադրություններում կան որոշակի նմանություններ:
Խանդի տեսարանները բացառվում են
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանից փորձեցինք ճշտել, թե որքանով էր հասարակայնության հետ կապերի պատասխանատուի եւ մամուլի քարտուղարի ֆունկցիաների տարանջատումը տեղին կամ նպատակահարմար: «Պետական կառավարման շատուշատ մարմիններ չունեին հասարակայնության հետ կապերի բաժիններ: Դա բացատրվում էր ռեսուրսների բացակայությամբ: Պետք է մենք տարանջատենք այս երկու պատասխանատուների աշխատանքները, ինչպես դա արվել է կառավարության 2004թ. մայիսի 6-ի համապատասխան որոշմամբ: Կան կրկնվող գործառույթներ էլ, իսկ օրինակելի կանոնադրություններն ունեին մեկ նպատակ. ԶԼՄ-ների, «երրորդ բաժնի»՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների հարցադրումները չպետք է մնան անպատասխան»:
«Ի՞նչ է մամուլի քարտուղարի պաշտոնը» հարցին էլ Ա. Սաղաթելյանը պատասխանեց. «Մամուլի քարտուղարը հայեցողական պաշտոն է: Նա նախարարության ընդհանուր տեղեկատվական շահերից բացի այլ գործառույթներ էլ ունի: Հասարակայնության հետ կապերը մի ստորաբաժանում է, որի հետ պետք է կոորդինացնես քո աշխատանքները: Այդ ստորաբաժանման պատասխանատուները ենթագիտակցորեն կարծում են, թե «իրենց վրա մի տնօրեն են բերելու»: Մամուլի քարտուղարները հանգիստ են վերաբերվում դրան: Նրանք համակարգում են տվյալ գերատեսչության եւ դրանից դուրս կապերը: Խանդով կարող են վերաբերվել այն համակարգերում, որտեղ կան որոշակի բարդույթներ: Մենք չունենք ավանդույթներ հասարակայնության հետ կապերի պատասխանատուների: Վերջինս, սակայն, պետք է հիշենք, որ լրագրողի տերը չէ, այլ սպասարկողը»: Ա. Սաղաթելյանը գտնում է, որ թիմային աշխատանքի դեպքում կշահեն ԶԼՄ-ները ու նրանց երկու լրատուները:
Վաղաժամ էր
Մամուլի այս պատասխանատուն 7-ից մեկն էր, որը խնդրեց իր անունը չհրապարակել: Թափանցիկության նմանօրինակ դրսեւորման, անկեղծ ասած, պատրաստ չէինք: Նրա կարծիքով էլ, երկու սպասարկուների գործառույթները «կանոնակարգման ենթակա էին»: Նա գտնում էր, որ դեռեւս վաղ էր ստեղծել վերոնշյալ ինստիտուտը, քանի որ չունեինք ձեւավորված ավանդույթներ: Թեեւ գտնում էր նաեւ, որ «ցանկալի է տարանջատումը ՀՀ նախագահի, կառավարության, ԱԺ, ԱԳՆ, ՊՆ, ԱՆ մամուլի քարտուղարների եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուների, քանի որ այդ գերատեսչությունները հաճախ են քաղաքական հայտարարություններ անում: Եվ եթե փորփրեք ձեր հիշողությունը, այս տարվա ընթացքում մնացյալ գերատեսչությունները նման հայտարարություններ չեն արել»:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Սայադ Շիրինյանն ասաց, որ «արդեն ի պաշտոնե քաղաքական տեսակետ արտահայտելու իրավունք չունի. «Ես նախարարության քաղաքականության մասին եմ արտահայտվում»: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Արմինե Ուդումյանի կարծիքով էլ, տեղեկատվությունը մատչելի կլինի ԶԼՄ-ներին, երբ որեւէ խոչընդոտ չի լինի. «Մամուլի քարտուղարը ոչ թե ինֆորմացիա հայտնող է, այլ տվյալ հիմնարկի քաղաքականությունը ներկայացնողը: Պետք է ճշտել. տեսակետ հայտնողին եւ տեղեկություններ տարածողին»: «Ո՞վ է տեղեկատվության պատասխանատուն» հարցիս էլ հետեւեց. «Պատասխանատվության կրողը համակարգողն է»: Ա. Ուդումյանի կարծիքով, մատչելիությունը կախված է տվյալ հիմնարկի աշխատանքի ծավալից եւ իրար հակասող տեղեկատվություն չպետք է սպրդի: Այսինքին, ըստ մեր զրուցակիցների, մամուլի քարտուղարը քաղաքական հայտարարություններ անողն է, նախարարի, նախագահի քաղաքական դիրքորոշումն արտահայտողը, փոխանցողը, իսկ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն իր գերատեսչության քաղաքականությունն է պաշտպանում, համագործակցելով հասարակական կառույցների հետ: Նա պարտավոր է հայտնել ԶԼՄ-ներին եւ հանրությանը ցանկացած տեղեկատվություն, անշուշտ, օրենքի սահմաններում: Նկատի ունենք այն, որ տվյալ տեղեկությունը չի պարունակում որեւէ գաղտնիք: Զրուցակիցներիցս շատերը կատակով անգամ նկատեցին, որ եթե մամուլի քարտուղարից տեղեկատվություն ես ուզում, ուզիր «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքով, եթե հասարակայնության հետ կապերի պատասխանատուից ես ուզում՝ պահանջիր «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: