Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Այնտեղ, որտեղ վերջանում է բանկային գաղտնիքը, սկսվում է առևտրայինը

01.07.2005

Գայանե Հովակիմյան
Տեղեկագիր 13 

Մինչեւ վերջերս, Կենտրոնական բանկը լրատվամիջոցների հետ ամենաակտիվ աշխատող գերատեսչություններից էր` թերեւս զիջելով միայն Ազգային Ժողովին: Ներկայում Բանկը ԶԼՄ-ների հետ ուղղակի հաղորդակցման առավել պասիվ գործելաոճ է նախընտրում: Ակտիվ ասելով նկատի ունենք լրագրողների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումները եւ ոլորտին առնչվող մյուս բոլոր միջոցառումները, որոնց ընթացքում ԶԼՄ-ները հնարավորություն են ունենում ուղղել իրենց հուզող հարցերը: Անշուշտ, չենք անտեսում գրավոր տեսքով, կամ անհատական տեղեկատվություն ստանալու տարբերակները եւս: Բացի վերոնշյալից, գլխավոր դրամատունն իր գործունեության մասին տեղեկատվություն հասարակությանը տալիս է նաեւ ինտերնետային էջի, ինչպես նաեւ ԿԲ-ի պարբերականների միջոցով: 

Եվ որպեսզի ԿԲ-ի գործունեության թափանցիկության մասին մեր հետագա գնահատականները խիստ սուբյեկտիվ բնույթ չկրեն, նախ ներկայացնենք, թե ինչ տեղեկատվություն է մատուցում գլխավոր բանկը հանրության ինչպես մասնագիտացված խմբերին, այնպես էլ լայն զանգվածներին: Բանկը պարբերաբար հրապարակում է տնտեսության զարգացումը բնութագրող մակրոտնտեսական իրավիճակի համառոտ գնահատականը, անցած եւ սպասվելիք դրամական բազայի եւ զանգվածի պատկերը: Ֆինանսական շուկայի մասին պատկերացում տվող նախորդ եւ հաջորդ ժամանակաշրջանների ներքաշող, ներարկող եւ իրացվելիության ծավալները բնութագրող տեղեկատվությունը եւս հրապարակվում է: Բացի այդ, ԿԲ-ն տվյալ ժամանակահատվածի փաստացի տվյալները համեմատում է ծրագրային եւ նախկին ժամանակաշրջանի հետ: Հրապարակման են ներկայացվում նմանապես Բանկի խորհրդի նիստերում (օրենքով սահմանված կարգով նիստերը փակ են ընթանում)  քննարկված հարցերը, որոնք կարող են լինել բանկային համակարգի առանձին սուբյեկտների մասին տեղեկություններ: Կցանկանայինք բազմապիսի հրապարակային տեղեկություններից առանձնացնել նաեւ բանկային համակարգի զարգացման միտումների, նաեւ նորմատիվային դաշտի համակարգի համապատասխանության կամ խախտումների մասին հրապարակումները: Նշենք նաեւ, որ ԿԲ-ի լրատվական բաժինը լրագրողների հետ աշխատում է գործընկերային սկզբունքներով եւ լավ է իրականացնում իր գործառույթները: 

Թվում է, թե Կենտրոնական բանկի կողմից հրապարակվում է այն ամենը, ինչը թույլ կտա պատկերացում կազմել ինչպես գլխավոր դրամատան, այնպես էլ այսօր գործող երկու տասնյակի հասնող առեւտրային բանկերի եւ դրանով հանդերձ, ողջ բանկային համակարգի մասին: Սակայն… Այս ամենը տեղեկատվության այն մասն է, որը ենթակա է հրապարակման: Իսկ որպես օրինաչափություն, զանգվածային լրատվամիջոցներին հետաքրքրում է մեդալի հակառակ երեսը: Ահա հենց այստեղ էլ եւ նման դեպքերի համար էլ բավական հաջող եւ ճկուն աշխատում է բանկային գաղտնիք (ընդգծումը` հեղինակի) ասվածը: Իսկ ի՞նչ է բանկային գաղտնիքը: Հարցն այստեղ երկփեղկվում է. ի՞նչ է այդ գաղտնիքը բանկիրների համար եւ ի՞նչ է այդ գաղտնիքը լրագրողների համար: Ցանկանում ենք նկատել, որ բանկային գաղտնիքն իր կիրառական նշանակության մեջ հաճախ է հեռացվում իր բովանդակային նշանակությունից: Այսինքն, դա շատ հաճախ է չարաշահվում ոլորտի պատասխանատուների եւ մյուս ներկայացուցիչների կողմից` ի շահ իրենց… շահերի: Ցավով ցանկանում ենք նշել նաեւ հակառակ կողմի` ԶԼՄ-ների մասնագիտական անպատրաստվածության մասին: Բանկիրներին ցանկացած անհարմար թվացող հարցն իր լուծումը գտնում է բանկային գաղտնիքի մեջ, ինչը լրագրողների մեծ մասի համար տաբուի նշանակություն է ձեռք բերել: Ի՞նչ է իրականում այդ գաղտնիքը: Ըստ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի`  «Բանկային գաղտնիք են համարվում հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած նրա հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ նրա առեւ տրային գաղտնիքը»: Բանկային գաղտնիք է նրա գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները, որը հաճախորդը մտադիր է գաղտնի պահել: Ի դեպ, բոլոր առեւտրային բանկերը համարվում են Կենտրոնական բանկի հաճախորդները: Իսկ հիմա, որպես բանկային գաղտնիքի չարաշահման ապացույց, բերենք մի քանի օրինակներ:

2005թ. մայիս ամսվա սկզբին, բոլորս ենք հիշում, այն աժիոտաժը, որ տեղի ունեցավ արտարժույթի շուկայում: Ի դեպ, այդ զարգացումներին աժիոտաժ որակումը ԿԲ նախագահինն է: Մեկ օրվա ընթացքում դոլարը 430 դրամից հասավ 500 դրամի: Նման կտրուկ վայրիվերումը մեր արտարժույթի շուկայի համար կարելի է ասել աննախադեպ երեւույթ էր (չհաշված 90-ականների սկիզբը): Կատարվածի նկատմամբ արձագանքները տարբեր էին. ԿԲ նախագահն առաջ քաշեց միանգամից մի քանի վարկած, որոնցից մեկը որեւէ սուբյեկտի կողմից շուկայից դոլարի մեծածավալ գնումներ կատարելու հնարավորությունն էր: Ընդ որում, նույն վարկածի մասին իր տեսակետը հայտնեց նաեւ ֆինանսների նախարարը: Մեկ ամիս անց, պարզելու համար, թե իրականում, ի՞նչ էր կատարվել մեր արտարժույթի շուկայում, դիմեցինք ԿԲ նախագահին եւ ստացանք պատասխան. «Բանկային գաղտնիք է»: Այստեղից կարող ենք երկու հետեւություն անել. կամ բանկերից ինչ-որ մեկը կամ ոմանք ինչ-որ սուբյեկտի հետ սպեկուլյատիվ գործարքներ են կատարել, եւ ԿԲ-ն, որպես իր հաճախորդի շահերը ներկայացնող, համաձայն բանկային գաղտնիքի մասին օրենքի, չի կարող հրապարակել այդ տեղեկատվությունը, եւ կամ էլ ոչ մի բանկային գաղտնիք էլ չի եղել, այլ պարզապես ինչ-ինչ նկատառումներից ելնելով` ԿԲ նախագահը չցանկացավ հրապարակայնացնել իր ունեցած տեղեկատվությունը: Դրանով իսկ նա խոչընդոտել է լրագրողի, նաեւ, բնականաբար, հասարակության տեղյակ լինելու իրավունքին:

Առեւտրային նորաստեղծ բանկերից մեկին ուղղած մեր այն հարցին, թե քանի՞ ավանդատու ունի բանկը, պատասխանը կրկին «բանկային գաղտնիքն» էր: Սակայն բանկային գաղտնիքը չի սահմանափակում ավանդատուների թվական տվյալների մասին տեղեկատվություն հայտնելը: Որոշակի սահմանափակումներ կան առեւտրային գաղտնիքի մասին օրենքով, որը, սակայն, բանկի հայեցողությանն է թողնում հրապարակելու կամ չհրապարակելու հարցը: Մեր ֆինանսական շուկայում գործում է գրեթե աքսիոմայի վերածված մի երեւույթ. «Այնտեղ, որտեղ վերջանում է բանկային գաղտնիքը, սկսվում է առեւտրային գաղտնիքը» կամ հակառակը: Վերադառնալով մեր երկրի թիվ մեկ բանկի թափանցիկությանը, լրագրողական դիրքերից կարեւոր ենք համարում դիտարկել, թե բանկի այսպես կոչված առաջնային խնդիրների ապահովումը, որի մասին ամենայն մանրամասնությամբ իրազեկվում է լայն զանգվածներին, իրականում ինչ ստվերային կողմեր ունի: Կենտրոնական բանկի գերխնդիրը երկրում կայուն գնաճի ապահովումն է: Երբ անցած տարվա կեսերին մեր տնտեսությունը փաստորեն լուրջ վտանգի առջեւ էր կանգնած (գների աճի մակարդակը հասել էր 8%-ի` ծրագրավորված 3%-ի փոխարեն), ԿԲ-ն, ինչպես պարզ դարձավ միայն այս տարվա սկզբներին, արհեստականորեն արժեզրկել էր դոլարը, կարողացել տարեվերջին ապահովել գնաճի նախատեսված շեմը: Մինչդեռ, ինչպես բոլորիս է հայտնի, Հայաստանն իր դրամավարկային քաղաքականության շրջանակներում առաջնորդվում է ԿԲ-ի կողմից որդեգրած փոխարժեքի «լողացող» եւ ոչ թե «ֆիքսված» կուրսով: Ստացվում է, որ մեր առաջին բանկն իր արհեստական միջամտությամբ ֆիքսում է փոխարժեքներ, այլ ոչ թե շուկան թողնում առաջարկի եւ պահանջարկի կանոնակարգմանը: Իսկ մինչ 2004 թվականի կեսերից սկսված դոլարի արժեզրկման իրական պատճառներն ի հայտ կգային, Կենտրոնական բանկը ԶԼՄ-ների, այդպիսով եւ ողջ բնակչության աչքերին «թոզ փչելով» շարունակում էր իր «գերխնդրի» արհեստական ապահովումը: 

Իսկ ինչո՞ւ էր ԿԲ-ն, մեղմ ասած, թաքցնում ճշմարտությունը: Այստեղ ամենայն հավանականությամբ պատճառը ոչ միայն (եւ ոչ այնքան) ստանձնած սեփական պարտավորոթյունների ի կատար ածելն է, այլ, մեր համոզմամբ, ԿԲ-ի այդպես էլ ձեռք չբերած անկախության: ԿԲ-ն, ըստ ԿԲ մասին ՀՀ օրենքի, անկախ իրաբավանական անձ է: Այսպես ամրագրված է օրենքում, մինչդեռ իրականությունը մեզ հակառակն է ապացուցում: Դոլարի արհեստական արժեզրկումը իրականում ոչ թե ԿԲ առաջնային նպատակի, այլ Կառավարության ծրագրերից էր բխում. 3%-անոց գնաճի ապահովումը Կառավարության մշակած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) հիմնադրույթներից է, որից էլ շեղումներն ուղղակիորեն կոչնչացնեին միջազգային կազմակերպություններից ԱՀՌԾ-ի շրջանակներում մեր երկրին խոստացված գումարների ակնկալիքները:

Մեր համոզմամբ, ԿԲ-ԶԼՄ-ներ հարաբերություններում հաճախ առաջացող խնդիրներն առաջին հերթին Կենտրոնական բանկի անկախության պակասի հետեւանք են:

← Վերադառնալ ցուցակին