Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Տեղեկատվության ազատության մարզային տարբերակ

04.03.2004

Կարինե Սիմոնյան, 
«Անկյուն+3» հեռուստաընկերություն, Ալավերդի
Տեղեկագիր 10

Մարզերում աշխատող լրագրողները պետական կառույցներից տեղեկություն ստանալու համար առաջին հերթին ստիպված են պատասխանել պաշտոնյայի հետեւյալ հարցին. «տեղակա՞ն, թե՞ հանրապետական լրատվամիջոցների համար է հարցազրույցը»: Տեղական լրատվամիջոցների համար պատրաստվող հաղորդումների կամ հոդվածների դեպքում պաշտոնյաներն ավելի անկեղծ են ու առանց հատուկ զգուշավորության են խոսում։ Հանրապետականի դեպքում ոչ թե անհանգստանում են ավելի մեծ լսարանից, այլ պատասխանատվությունից սեփական վերադասի նկատմամբ: Հետո պիտի պատասխան տան իրենց ասածների համար:

Տեղական լրատվամիջոցների համար տեղեկատվություն ստանալու եւ հրապարակելու մյուս արգելքն էլ տարածքային կազմակերպությունների «ընդունած գաղտնապահությունն է»: Այն հիմնարկները, որոնք ենթարկվում են մարզային կամ հանրապետական կառույցներին, լիազորված չեն լրատվամիջոցներին կամ այլ անձանց (հասարակական ու քաղաքական կազմակերպություններ, հասարակություն) թվային տվյալներ տալ։ Պաշտոնյաները հաճախ չեն ընկրկում նաեւ դուրս հրավիրել լրագրողներին այն սրահներից, որտեղ լայն քննարկումներ են տեղի ունենում հասարակական հնչեղություն ունեցող թեմաների շուրջ: Ուսումնական տարվա սկզբին Ալավերդի քաղաքում շիկացած էր մթնոլորտը միավորվող դպրոցներում (այդպես է մինչ այժմ): Լոռու մարզպետարանի կրթության եւ գիտության վարչության պետ Մինաս Սայադյանը Ալավերդու «Անկյուն գումարած 3» ՀԸ նկարահանող խմբին արգելեց մասնակցել մանկավարժական կոլեկտիվների ու ծնողների հետ հանդիպմանը, որտեղ քննարկվում էր երկու դպրոցների ճակատագիրը: Հանդիպման ժամանակ իրավիճակից դժգոհ մանկավարժները հրապարակային խոստովանել են մարզպետի ու մարզպետարանի նախկին անօրինական գործողությունների եւ իրենց մեղսակցության մասին:

Անցած տարի տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության նախադեպ գրանցվեց Ալավերդի քաղաքում: Քաղաքային պոլիկլինիկայում մահվան վկայականների համար տրվող տեղեկանքները տարիներ շարունակ բաշխվում էին վճարովի սկզբունքով: ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմակերպության նախագահը պնդում էր, որ տեղի է ունենում օրենքի կոպիտ խախտում. տեղեկանքները պետք է բաշխվեն անվճար: Գործով զբաղվեց ՀՀ դատախազության Թումանյանի բաժինը։ Հաստատվեց, որ օրենքը խախտվում է: Պոլիկլինիկայի ղեկավարը նախազգուշական գրություն ստացավ: Շուրջ մեկ տարի է՝ տեղեկանքները տրվում են անվճար: Ալավերդու պոլիկլինիկայի բոլոր հարկերի աստիճանահարթակների առջեւ՝ տեսանելի վայրերում, փակցված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հաստատող վկայական տալու կարգի» մասին: Սակայն նույնը չի կարելի ասել նաեւ բժշկական ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ: Պոլիկլինիկայի 3-հարկանի շենքում միայն մի տեղ կար սակագների մասին ցուցանակ՝ պոլիկլինիկայի ախտորոշիչ կենտրոնում, որը գտնվում է շենքի առաջին հարկի աջ թեւում: Փակցված ցուցանակը մատչելի չէ պոլիկլինիկայի բոլոր հաճախորդներին։:

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 282 եւ 283 հոդվածները նախատեսում են մինչեւ 6 տարի ազատազրկում «պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական, կամ այլ վտանգավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու», ինչպես նաեւ «շրջակա միջավայրի աղտոտման ենթարկված վայրերում ապաակտիվացնող կամ վերականգնողական այլ միջոցներ իրականացնելուց խուսափելու կամ այն անձի կողմից, ով պարտավոր էր ձեռնարկել այդ միջոցառումները, դրանք ոչ պատշաճ իրականացնելու» համար: Ալավերդի քաղաքում բնապահպանական նորմերը խախտող ամենամեծ ձեռնարկությունը ԷյՍիՓի ընկերությունն է, որը սակայն երբեւէ սեփական նախաձեռնությամբ ինֆորմացիա չի հրապարակել իր կողմից օդի աղտոտման չափերի վերաբերյալ: Վերջերս այդ մասին տեղեկություն ստանալու մեր դիմումին ի պատասխան` ընկերության տնօրինությունը նշեց, որ ընկերությունը օդի աղտոտվածության լաբորատոր չափումներ չի արել: Բնապահպանության Լոռու մարզային տեսչություն ներկայացվող եռամսյակային հաշվետվությունը կազմվում է ըստ պղնձի խտանյութի բաղադրության: Ընկերության տնօրինությունը մերժեց մեզ տվյալներ տալ՝ խորհուրդ տալով դրանք վերցնել ՀՀ բնապահպանության Լոռու մարզային տեսչությունից:

Սոցիալական խնդիրների առկայության ու աշխատատեղերի սակավության պայմաններում դժվար է ասել, թե ինչ-որ մեկը համարձակություն կունենա ասելու. օդի աղտոտվածության հետեւանքով հիվանդությունների զանգվածային դեպքեր եղե՞լ են, կամ սեփականատերը պատշաճ կերպով կատարո՞ւմ է բնապահպանական միջոցառումներ իրականացնելու իր պարտավորությունը, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, Ալավերդու բնակիչը բավականաչափ տեղյակ չէ օդի բաղադրության մասին, իսկ ԷյՍիՓի ընկերությունը դա առանձնապես անհրաժեշտություն չի համարում: Ընկերության ճարտարագետ-էկոլոգ Սուրեն Երիցյանը չժխտեց, որ արտադրական գաղտնիք են իրենց արտանետումների մասին տվյալները:

Օդի աղտոտվածության մասին տեղեկություններ մերժեց տալ նաեւ պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության Թումանյանի բաժինը, որովհետեւ «դա հանրապետական լրատվամիջոցների համար է»։ Բաժնի ղեկավար Հայկազ Ամիրաղյանը նշեց, որ ինքը «պետական պաշտոնյա չէ եւ իրավունք չունի թվային տվյալներ տալ իրենց լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ»։ Դրա համար պետք է դիմենք իրենց մարզային վերադասին, որտեղ էլ, սակայն, ասացին, որ միայն Ալավերդում կան այդ տվյալները։ Պարզվում է՝ նմանատիպ ինֆորմացիան այս կառույցներում հավաքվում է ո՛չ հասարակության համար։ Եթե մերժում են լրագրողներին, կարող ենք ասել, որ ավելի մեծ հաստատակամությամբ կմերժեն սովորական քաղաքացուն, որն իրավունք ունի իմանալու, թե իր շնչած օդի մեջ տարեկան քանի տոննա քիմիական նյութ է արտանետվում։  

Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ հատկապես մարզերում տեղեկատվության ազատության առումով իրավիճակը փոխվելու նախադրյալները դեռ քիչ են. հասարակությունն ինքն է պասիվ այն վերափոխելու գործում։ Ալավերդու նոտարական գրասենյակում հանդիպեցինք մի քաղաքացու։ Գործով էր եկել։ Երբ հարցրի, թե բավականաչափ տեղեկատվություն կարողանո՞ւմ է ստանալ պետական մարմիններից, ասենք՝ կոնկրետ նոտարից, դժգոհեց։ Ի տարբերություն մեծ քաղաքների՝ Ալավերդիում նոտարական մեկ գրասենյակ է գործում։ Պետական տուրքից բացի ծառայության վճարներ է սահմանել ՀՀ կառավարությունը։ «Էս մեր նոտարն էլ գլխից դուրս գներ է սահմանել»։ Ալավերդու բնակիչը չէր վստահում նոտարի ասած գներին։ Խորհուրդ տվեցի դրանք ստուգել միջանցքում փակցված գնացուցակից։ Նշեց, որ փորձել է, բայց տառերը չափազանց փոքր են, միջանցքը՝ բավականաչափ մութ, նոտարն էլ՝ անբարեհամբույր։ Զրուցակիցս խնդրեց, հետո էլ նույնիսկ պահանջեց, անունը չհրապարակել։ Էլի գործ է ունենալու նոտարական գրասենյակում, «իմանա, գործս չի անի»։ Այս մտավախությունը ստիպում է մարդկանց հանդուրժել իրավիճակը։ 

Նոտարական գրասենյակի մուտքում աշխատանքային ժամերի մասին ցուցատախտակ չկար։ Մեր ներկայությամբ գրասենյակի ղեկավարը ժամը 15։20-ին քաղաքացուն ասաց, որ ընդմիջում է, եւ կարող է սպասարկել միայն մեկ ժամ հետո։ Մեր ներկայությունից օգտվեց քաղաքացին ու պահանջեց գործն անել։ Գործն արվեց։ Հաճախորդը համոզված չէր, որ մեր բացակայության դեպքում հաջողության կհասներ։ Գրասենյակն սպասարկում է տարածաշրջանի 31 համայնքներին։ Ամենօրյա հերթապահություն է պետք սահմանել՝ տեղեկանալու, թե օրական քանի՞ գյուղացի է գալիս ու հետ գնում հայտարարված անժամկետ ընդմիջումների պատճառով։ 

Այս ամենի մասին գրասենյակի ղեկավար Սամվել Մայիլյանը ներկայացրեց իր հիմնավորումները՝  հրաժարվելով տեսագրվելուց։ ՀՀ կառավարությունն իրեն տվել է իր կատարած աշխատանքը գնահատելու եւ համապատասխանաբար ծառայության վճար վերցնելու իրավունք։ Ընդ որում, մեկ ծառայության դիմաց վճարը կարող է տատանվել, օրինակ, 500-5000 կամ 2000-ից մինչեւ 20.000 դրամ։ Ս. Մայիլյանն ասում է, որ դա կախված է իրենց աշխատանքի բարդությունից։ Այսինքն՝ որքան երկարատեւ ու խճճված է վավերացվող գործարքը, այնքան թանկ է ծառայության արժեքը։ «Ես կոնսուլտացիա եմ անում մարդկանց հետ, նրանց բացատրում կարգը, ասում եմ, թե ինչ փաստաթղթեր բերեն, ծանոթանում եմ փաստաթղթերին»,- ասում է Ս. Մայիլյանը։ Այս դեպքում, թերեւս, գրասենյակին ձեռնտու չէ մարդկանց լիարժեք իրազեկվածությունը, թե չէ ծառայության վճարը կարող է էժան լինել։ Եվ քանի որ հատկապես գյուղացիները քիչ են տեղեկացված, Ալավերդի քաղաքում նոտարական գրասենյակը բավականաչափ ծառայություն է մատուցում քաղաքացիներին ու առավելագույն վճարներ գանձում։ Սակայն Ս. Մայիլյանը դժգոհեց գործերի սակավությունից։ Նշեց, որ ամսական 120-130 հաճախորդ են ունենում։ Դրանց 60-70 տոկոսը փաստաթղթերի թարգմանություններ են՝ հիմնականում արտասահման մեկնելու համար, մնացածը՝ գրավի, առքուվաճառքի կամ կտակի հետ կապված գործարքների վավերացում։ Սրանցից գոյացած գումարով, ըստ Ս. Մայիլյանի, հնարավոր չէ աշխատավարձ տալ, գրասենյակի կահավորման տարրական միջոցներ ձեռք բերել, սահմանված աշխատաժամանակով բարեխիղճ աշխատել, դեռ ավելին, միջանցքում էլեկտրականություն ապահովել։ 

Սակագների մասին տեղեկությունները խոշոր տառերով ու տեսանելի վայրում փակցնելու առումով անհամեմատ նորմալ էր վիճակը Պետական կադաստրի Թումանյանի բաժնում։ Բաժնի պետ Նելսոն Գալստյանը նշեց, սակայն, որ սակագներն այնքան շատ են ու արագ են փոխվում, սոցիալական առօրյա դժվարությունները՝ բազմաթիվ, որ քաղաքացիների համար դժվար է համակերպվել վճարաչափերի հետ, իսկ մեզ՝ ձեռք բերել քաղաքացու վստահությունը։

← Վերադառնալ ցուցակին