Հրապարակումներ
Հոդվածներ
2018 թ. ընթացքում պետական մարմինները միայն 1 գաղտնի փաստաթուղթ են գաղտնազերծել ու հրապարակայնացրել
13.03.2019
2018 թվականի ընթացքում ՀՀ-ում գաղտնազերծված փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով 2019թ.-ի փետրվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 21 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել իրենց տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018թ.-ի ընթացքում:
Բոլոր կառույցները ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել են օրենքով սահմանված ժամկետներում: 21 մարմնից 16-ը տեղեկացրել է, որ իրենց տնօրինության տակ գտնվող որևէ փաստաթուղթ 2018-ի ընթացքում չի գաղտնազերծվել:
Գաղտնազերծված փաստաթղթերի մասին տեղեկացրել է միայն 5 պետական մարմին: Այս պետական կառույցների պատասխանները, սակայն, հաստատում են, որ գաղտնազերծումը դեռևս չի նշանակում, որ տվյալ փաստաթուղթն արդեն հրապարակային է և բաց հանրության համար։ Փաստաթուղթ գաղտնազերծած 5 մարմիններից 4-ը պաշտոնական պատասխաններով թեև տեղեկացրել են, որ տասնյակ փաստաթղթեր են գաղտնազերծել, սակայն չեն տրամադրել դրանք՝ նշելով՝ մի դեպքում, որ դրանք փոխանցվել են ազգային արխիվ (ՀՀ Վարչապետի աշխատակազմ), մեկ այլ դեպքում (Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն) նշելով, որ գաղտնազերծումն ինքնին չի նշանակում, որ փաստաթղթերն այլևս գաղտնիք չեն պարունակում (օրինակ անձնական տվյալներ), երրորդ դեպքում (Պաշտպանության նախարարություն) նշվում է, որ գաղտնազերծած միակ փաստաթուղթը՝ հայտնի 0038 որոշումը, առգրավվել է քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից, հետևաբար մերժել են դրա տրամադրումը։
Լիարժեք պատասխան ուղարկել է միայն ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Գերատեսչությունը 2018թ.-ի ընթացքում գաղտնազերծել է 2 էջանոց մեկ փաստաթուղթ՝ Նախարարության և նրա համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը (http://www.givemeinfo.am/hy/case/2621/)։
Փաստորեն, նույնիսկ իշխանափոխությունն ու հեղափոխությունը չխթանեցին նախկինում գաղտնի համարված և տասնյակ տարիներ գաղտնիության կարգավիճակ ունեցող փաստաթղթերը գաղտնազերծելու և հրապարակայնացնելու պրակտիկան։