Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Դպրոցների տնօրենները "ժամանակ չունեն" կատարելու օրենքի պահանջը

17.10.2016

2016 թ.-ի սեպտեմբերի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանիի 29 ավագ, հիմնական և միջնակարգ դպրոցներ՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.

  1. Հավաքարարի քանի՞ հաստիք ունի դպրոցը:
  2. Որքա՞ն է հավաքարարի հաստիքի սահմանված աշխատավարձը:
  3. Փաստացի քանի՞ հավաքար է ներկայումս աշխատում դպրոցում:
  4. Արդյոք դասասենյակների մաքրության ապահովումը ներառվա՞ծ է հավաքարարի աշխատանքի մեջ:

Ըստ տրամադրված պատասխանների` դպրոցներում հավաքարարների հաստիքները 3-ից 7-ի սահմանում են: Յուրաքանչյուր հավաքարարի աշխատավարձի չափը կազմում է մեծ մասում՝ 77.904 ՀՀ դրամ: Միայն Երևանի թիվ 94 ավագ դպրոցում հավաքարարի 5 հաստիքից 4-ն է զբաղեցրած 72752 դրամ աշխատավարձի դիմաց, Իսկ ամենաշատ հավաքարար՝ 7 հոգի աշխատում են 119 ավագ դպրոցում, որտեղ ի դեպ նրանք ստանում են ամենաբարձ աշխատավարձը՝ 80.000 դրամի չափով։ Ընդ որում, պատասխաններում նշված էր նաև, որ այդչափ աշխատավարձով հավաքարարների աշխատանքի մեջ է ներառված նաև դասասենյակների մաքրության ապահովումը:  

Քսանինը դպրոցից հարցմանը ժամանակին լիարժեք պատասխան է տրամադրել միայն 7 դպրոց՝ Երևանի թիվ 182, 94, 29 ավագ դպրոցները, Լ. Շանթի անվան թիվ 4, Խ. Աբովյանի անվան թիվ 2, Ս. Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցները և 108 միջնակարգ դպրոցը:

29 դպրոցից 4-ը լիարժեք պատասխանը տրամադրել է ուշացած՝ խախտելով օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը (Երևանի թիվ 184, 119 ավագ դպրոցները, Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցը և 87 միջնակարգ դպրոցը):
Թերի պատասխան է տրամադրել 5 դպրոց (Երևանի Ղ. Աղայանի անվան թիվ 63, L. Տոլստոյի անվան թիվ 128, Լիսիցիանի անվան թիվ 34, Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցները և 108 միջնակարգ դպրոցը)՝ կրկին խախտելով Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2015թ.-ի հոկտեմբերի 15-ի N1204- Ն որոշման պահանջները: Նախ պատասխանը պետք է լինի լիարժեք և ամբողջական, այլ աղբյուրի հղում անելիս, պետք է տրամադրվի ամբողջական հղումը, օրինակ՝ ոչ թե՝ տեղեկատվությունը հրապարակված է քաղաքապետարանի ինտերնետային կայքում, այլ պետք է տրամադրվի կայքի այսինչ բաժնի ենթաբաժնի անունը, կամ պարզապես հղման հասցեն ամբողջությամբ նշվի:

Ստացված գրություններում բացակայում էր համարակալված պատասխանը , շատ դեպքերում էլ 4-րդ հարցին ընդհանրապես պատասխան չէր տրվել:

11 դպրոց ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: Դրանք են Երևանի թիվ 114, 103, 46, 42, 3 ավագ դպրոցները, Վ. Թոթովենցի անվան թիվ 57, Վ. Համբարձումյանի անվան թիվ 17, Մ. Իշխանի անվան թիվ 5, Գրիբոյեդովի անվան թիվ 41, Ալ. Բլոկի անվան թիվ 122եւ թիվ 81 դպրոցը: ԻԱԿ-ի՝ հարցումներին հետևող հեռախոսազանգ-ճշտմանն ի պատասխան՝ այս դպրոցների ներկայացուցիչները պատճառաբանել են, թե փոստոային անդորրագրով ուղարկված հարցումները չեն ստացել:

Վերջին տեղում են Ա. Չեխովի անվ. թիվ 55, Մայակովսկու անվ. թիվ 7 հիմնական և թիվ 111 միջնակարգ դպրոցները, որոնց տնօրենները բանավոր մերժել են պատասխան տրամադրել, այնինչ մերժումը պետք է լինի բացառապես գրավոր՝ համաձայն ՏԱ մասին ՀՀ օրենքի։

Ավելին, հեռախոսազանգ-ճշտման ժամանակ այս դպրոցների տված պատասխաններն ավելի քան զավեշտալի են, ինչպես նաև Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների կոպիտ խախտում և ոչ իրավաչափ անգործություն:

  • Ա. Չեխովի անվ. թիվ 55-ի տնօրենը պատասխանեց, թե մեր Կենտրոնի հետ երբևէ չեն համագործակցել, և գրավոր պատասխանելու ժամանակ չունեն:
  • Այնինչ, նշենք, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության և Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի տեղեկություն ստանալու հարցում ուղարկել և ստանալ պատասխան: Տեղեկություն տնօրինողն էլ իրավունք չունի որևէ խտրական վերաբերմունք դրսևորել:
  • Մայակովսկու անվ. թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենը պատասխանել է, որ իրենք իրավասու չեն պատասխան տրամադրել: Սա ևս անհիմն մերժում է, քանի որ, համաձայն ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածի, դպրոցները տեղեկատվություն տրամադրող են և նրանց վրա տարածվում են ՏԱմասին օրենքի պահանջները:
  • Թիվ 111 միջնակարգ դպրոցի տնօրենը պատասխանել է, որ չի ցանկանում պատասխան տրամադրել. թուղթն ու թանաքն ափսոս են: Սա, թերևս, օրենքի խախտմաn յուրահատուկ պատճառաբանություն է, որը մեկնաբանման կարիք չունի:

ԻԱԿ-ը վերադասության կարգով նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ հանձնարարելու դպրոցներին ԻԱԿ-ի գրավոր հարցմանը պատասխանել գրավոր և ըստ էության:

Հարցումն ուղարկվել էր Երևանի հետևյալ դպրոցներ՝ թիվ 3, 29, 182, 119, 103, 46, 42, 114, 94, 184 ավագ, Ա.Պուշկինի անվ. թիվ 8, Վ.Մայակովսկու անվ. թիվ 7, Ալ.Բլոկի անվ. թիվ 122, Ա.Չեխովի անվ. թիվ 55, Վ.Թոթովենցի անվ. թիվ 57, Գրիբոյեդովի անվ. թիվ 41, Ղ.Աղայանի անվ. թիվ 63, Լիսիցիանի անվ. թիվ 34, Վ.Համբարձումյանի անվ. թիվ 17, Ստ.Շահումյանի անվ. թիվ 1, Խ.Աբովյանի անվ. թիվ 2, Լ.Շանթի անվ. թիվ 4, Մ.Իշխանի անվ. թիվ 5, Ս.Սպանդարյանի անվ. թիվ 24, Լ.Տոլստոյի անվ. թիվ 128 հիմնական և թիվ 108, 87, 111, 81 միջնակարգ դպրոցներին: 

Դպրոցներին ուղարկված հարցմանը և ստացված պատասխաններին կարող ե ք ծանոթանալ www.givemeinfo.am կայքի "Ընտրել Գերատեսչությունը" էջի Դպրոցներ բաժնում: 
 

← Վերադառնալ ցուցակին