Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Վերլուծություն. 2015-16 թ.թ.-ի նախարարությունների ծառայողական ավտոմեքենաների թիվը

19.05.2016

2016 թվականի մարտին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր էլեկտրոնային հարցումներով դիմել է ՀՀ նախարարություններին ու նրանց ենթակայությամբ գործող պետական մարմիններին: ԻԱԿ-ը խնդրել է տրամադրել ծառայողական ավտոմեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: Նմանօրինակ հարցումներ Կենտրոնի կողմից պարբերաբար են իրականացվում. 2015թ.-ին ևս հարցումներ են ուղարկվել տարբեր գերատեսչություններ: Համեմատական վերլուծության ենք ենթարկել 2015 և 2016 թվականներին ՀՀ նախարարությունների տրամադրած պատասխանները: Հավելենք, որ «Հայասատանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները:

Այսպես, Գյուղատնտեսության նախարարությունը 2016 թ.-ի տվյալներով իր հաշվեկշռին ունի 70 տրանսպորտային միջոց, որից 20-ը նախարարության ծառայողական ավտոմեքենաներն են, 4-ը` Ջրային տնտեսության պետական կոմիտեի, իսկ 46-ը` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (12-ը սպասարկում է Ծառայության գլխամասը, իսկ 34-ը` մարզային կենտրոնների ու հսկիչ կետերի աշխատակիցներին): Ի դեպ, Գյուղատնտեսության նախարարության ծառայողական մեքենաների թիվը 2015թ.-ի համեմատ ավելացել է 21-ով։ Նախարարության հիմնավորմամբ՝ դա պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մեքենաների թվի աճով՝ 23-ից հասել է 46-ի:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվոկշռում գրանցված ծառայողական մեքենաների թիվը 2015թ.-ի համեմատ անփոփոխ է մնացել. 74 մեքենա (այդ թվում՝ Սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ 41 ավտոմեքենա, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն՝ 17 և Զբաղվածության պետական գործակալություն` 2):

Առողջապահության նախարարության և դրա առանձնացված ստորաբաժանումների ծառայողական մեքենաների թիվը 2016 թ.-ին 11-ով աճել է՝ 28-ից հասնելով 39-ի, որոնցից 13-ը չեն շահագործվում:

Կրթության և գիտության նախարարության ծառայողական մեքենաների թիվն ավելացել է մեկով՝ 8-ից դառնալով 9-ը (այդ թվում՝ «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալություն՝ 1, Լեզվի պետական տեսչություն՝ 1 և Կրթության պետական տեսչություն՝ 2):

Արդարադատության նախարարության աշխատակազմը սպասարկում է 9 ծառայողական մեքենա: Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունն այս տարի հարցմանը պատասխանել է, թե ծառայողական մեքենաների մասին տեղեկությունները  համարվում են գաղտնիք, մինչդեռ 2015 թ.-ին պատասխանել են, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ Քրեականատարողական ծառայությունն ունի 123 ծառայողական մեքենա, որոնցից 99 նախատեսված են, որպես պետական մարմնին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ, մեկը՝ պետական մարմնի պաշտոնատար անձի սպասարկող ծառայողական ավտոմեքենա,իսկ 23-ը չեն շահագործվում: 

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այս տարի հարցումն անպատասխան է թողել: Նախորդ տարվա տվյալներով ԴԱՀԿ-ի ծառայողական մեքենաների թիվը 34 էր: 

2015թ.-ին Քաղաքաշինության նախարարության հավշեկշռում գրանցված 16 մեքենաների թիվը դարձել է 17: ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի պատասխանում նշված է, որ իրենց գերատեսչության հաշվկշռում գտնվող 8 ծառայողական ավտոմեքենաներից 3-ը ձեռք են բերվել պետական բյուջեի միջոցներով, իսկ 5-ը պատկանում է «Միացյալ հայկական հիմնադրամ»-ին («Լինսի հիմնադրամ»): Դրանք ձեռք են բերվել ՀՀ Կառավարության և Հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:

ՀՀ բնապահպանության նախարարություն՝ 45 մեքենա (այդ թվում՝ Բնապահպանական պետական տեսչությունը՝ 20, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը՝ 8 և 2-ական մեքենա Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության և Կենսառեսուրսների կառավարման գործակալության հաշվեկշռում):

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 20 (այդ թվում՝ Մտավոր սեփականության գործակալություն՝ 2 և Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն՝ 1), Արտաքին գործերի նախարարություն` 19: ՀՀ մշակույթի նախարարություն՝ 7, ՀՀ սփյուռքի նախարարություն՝ 6, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` 6, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ 5 ծառայողական ավտոմեքենա:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ավտոմեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է մեկով՝ 14-ից հասնելով 13-ի: Պատասխանում նշված է, որ այս թիվը ներառում է նախարարության գործակալությունների և տեսչությունների ավտոմեքենաները ևս: 

Վկայակոչելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները և ՀՀ պաշտպանության նախարարի 2011թ. «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու և գործողության դնելու մասին» հրամանը՝ 2015թ.-ին ՀՀ ԶՈՒ վարչական ապարատի ղեկավարը պատասխանել է, որ ԻԱԿ-ի կողմից խնդրվող տեղեկատվությունը համարվում է «Հույժ գաղտնի»:

Իսկ այս տարի գրեթե մեկ ամիս ուշացումով ՊՆ աշխատակազմի ղեկավարը զարմանալիորն պատասխանում է նույնաբովանդակ հարցմանը՝ նշելով, որ ՊՆ ծառայողական մեքենաների քանակը 188 է, որից 102-ը ամենագնաց ավտոմեքենա, 86-ը՝ մարդատար:

Ֆինանսների նախարարությունն էլ 2015թ.-ին 9 օր ուշացումով անհիմն մերժել էր՝ ծառայողական մեքենաների վերաբերյալ տեղեկատվությունը համարելով գաղտնիք: Պատասխանում նշված չէր այն իրավական հիմքը, որի համաձայն խնդրվող տեղեկությունը համարվում է գաղտնիք, և դրա տրամադրումը ենթակա է մերժման, այնինչ մերժման հիմքի (համապատասխան նորմի) վկայակոչումը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հադվածի պահանջ է: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պարզապես էլեկտրոնային նամակով պատասխանել են. «Ֆինանսների նախարարության համակարգում գործում են մի շարք հատուկ ծառայություններ, որոնց ամրակցված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, հետևաբար չենք կարող տրամադրել»:

Իսկ այս տարի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն 30-օրյա ժամկետում Ֆինանսների նախարարությունից պատասխանում են, որ ծառայողական ավտոմեքենաների թիվը 18 է: Փաստորեն, Պաշտպանության եւ Ֆինանսների նախարարությունները նախորդ տարի նույնաբովանդակ հարցմանը պատասխանել են, որ հայցվող տեղեկությունները համարվում են գաղտնիք, իսկ այս տարի տրամադրել են պատշաճ պատասխաններ:

2015թ.-ին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից պատասխանել են, որ նախարարությունը գտնվում է ձևավորման փուլում, ուստի հարցմանը սպառիչ պատասխան չեն կարող տրամադրել, իսկ այս տարի պատասխանել են, որ նախարարության հաշվեկշռում հաշվառված է 2 ծառայողական ավտոմեքենա:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` հիմնավորելով, որ նախարարությունը գտնվում է կազմավորման փուլում և այս պահին նախարարության աշխատակազմին ամրակցված ծառայողական ավտոմեքենաներ չկան, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից պատասխանել են, որ նախարարությանը պատկանում է 5 ծառայողական մեքենա, մինչդեռ 2015 թ.-ին, երբ այս նախարարությունները միավորված էին, ծառայողական ավտոմեքենաների թիվը 29-ն էր:

Այսպիսով, 2015թ.-ի համեմատությամբ 2016 թվականի մարտի դրությամբ ՀՀ 19 նախարարությունների ծառայողական մեքենաների թիվը 7 նախարարության դեպքում նույն է մնացել, 4 նախարարության պարագայում ավելացել է, 1-ի դեպքում՝ կրճատվել մեկ մեքենայով։

Հարկ է նշել, որ այսօր՝ 2016 մայիսի 19-ին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ բյուջեից ֆինանսավորվող ծառայողական մեքենաները կրճատվելու են 107-ով: Կառավարությունը որոշում է մշակելու ծառայողական մեքենաների կրճատման, սպասարկող մեքենաների նպատակային լինելու վերաբերյալ: Ստորեւ ներկայացվող վերլուծությունը վերաբերում է ԻԱԿ-ի՝ 2016թ.-ի մարտին եւ 2015թ.-ին ուղարկած հարցումների արդյունքում ստացված տեղեկություններին, հետեւաբար ՀՀ կառավարության նախաձեռնած՝ ծառայողական մեքենաների կրճատման գործընթացի ավարտին փոփոխված պատկերը ներկայացնելու նպատակով առաջիկայում ԻԱԿ-ը նոր վերլուծություն կպատրաստի:

Նախարարությունների պատասխանները մշակվել և տեղադրվել են ԻԱԿ-ի հարցումների էլեկտրոնային շտեմարանում՝ www.givemeinfo.am: ԻԱԿ-ի կողմից նմանօրինակ հարցումներ ուղարկվել են նաև 2015թ.-ին, որոնց պատասխանները ևս տեղադրված են www.givemeinfo.am կայքի համապատասխան նախարարության էջում և ԻԱԿ-ի գործարկած www.padavat.am կայքում։

 

← Վերադառնալ ցուցակին