Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
33. ԻԱԿ-ն ընդդեմ "ՓՄՁ ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ի
24.01.2012
2011թ.-ի նոյեմբերի 11-ին "Անկախ" շաբաթաթերթը դիմել էր "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ ՈւՎԿ-ի կողմից ֆինանսավորված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ ֆինանսավորման չափերի մասին: Շաբաթաթերթի հարցմանը` "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ն պատասխանել է մերժմամբ` հայտնելով, որ խնդրվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Նշենք, որ 11.11.2011թ.-ի հարցմամբ խնդրված տեղեկությունները վերաբերել են պետական միջոցներից տրամադրված ֆինանսավորմանը: Ուստի, "Անկախ" շաբաթաթերթը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը "Անկախ" շաբաթաթերթին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2011 թ.-ի նոյեմբերի 22-ին գրավոր հարցում էր կատարել "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Բադալյանին` նշելով, որ խնդրվող տեղեկությունները վերաբերում են պետական միջոցներին եւ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ն, ստեղծման օրվանից մինչեւ վերջին ամփոփման օրն ընկած ժամանակահատվածում քանի իրավաբանական եւ ֆիզիկական անձի է ֆինանսավորել "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից,
2. Որոնք են այդ իրավաբանական եւ ֆիզիկական անձիք (խնդրում եմ նշել ամբողջական անունները),
3. "ՓՄՁ Ներդրումներ" ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից որքան միջոցներ են հատկացվել յուրաքանչյուր իրավաբանական եւ ֆիզիկական անձին:
Ի պատասխան վերոնշյալ հարցման` ՈւՎԿ-ն ներկայացրել է թերի, մասնակի պատասխան: Բացի այդ, ՈւՎԿ-ն հղում է կատարել առեւտրային գաղտնիքին (բանկային գաղտնիք), առանց մանրամասնելու, թե կոնկրետ ՀՀ որ օրենքի որ դրույթով է ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը համարվում գաղտնիք:
Ուստի, 2011թ.-ի դեկտեմբերի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով պարտավորեցնել "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ վարկային կազմակերպության տնօրենին ենթարկել վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով:
Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2012թ.-ի փետրվարի 27-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Նախնական դատական նիստի ժամանակ ԻԱԿ ներկայացուցիչը պնդեց հայցապահանջը, եւ գործը մտավ դատաքննության փուլ: Մարտի 2-ին կայացած դատական նիստի ժամանակ դատաքննությունն ավարտվեց, վճիռը հրապարակվեց մարտի 15-ին. դատարանը մերժեց ԻԱԿ-ը հայցը` գտնելով, որ պահանջվող տեղեկատվությունը հանդիսանում է առեւտրային գաղտնիք:
ԻԱԿ-ի՝ 2011թ.-ի դեկտեմբերի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012թ.-ի մարտի 15-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ: