Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

28. ԻԱԿ-ն ու "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի

02.12.2009

 

“Առավոտ” թերթի մարզերի և Սփյուռքի էջի պատասխանատու, լրագրող Արամ Զաքարյանը 19.08.2009թ-ին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին` lori@mta.gov.am էլ. փոստի հասցեով հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել.

“Հարգելի պարոն Քոչարյան
Ինչպես հայտնի է` սկսած 2005 թվականից, ՀՀ պետական բյուջեով, բացի մարզպետարանների պահպանման ծախսերից, “Այլ նպաստներ բյուջեից” տողով ՀՀ մարզպետարանները գումարներ են ստանում: 2005, 2006, 2007 թվականներին յուրաքանչյուր մարզպետարան ստացել է 10-ական միլիոն դրամ, իսկ 2008 և 2009 թվականներին` 20-ակամ միլիոն:

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
     1. Ի՞նչ նպատակներով են ծախսվել այդ գումարները` ըստ տարիների:
     2. Խնդրում եմ մանրամասնել` ամեն տարի քանի՞ որոշում է կայացվել, ինչքա՞ն
         գումար է ծախսվել ամեն որոշմամբ”:

Սակայն հարցումը մնացել էր անպատասխան: Եվ “Առավոտ” թերթի մարզերի և Սփյուռքի էջի պատասխանատու, լրագրող Արամ Զաքարյանը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնին` խնդրելով օգնել իրեն` դատական կարգով վերականգնելու իր` տեղեկություն ստանալու խախտված իրավունքը:

25.02.2010թ.-ին տեղի ունեցավ "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն և "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի գործով առաջին դատական նիստը:

12.03.1010թ.-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց ԻԱԿ-ը և "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետարանի դատական գործի քննությունը: Դատարանում ԻԱԿ-ի և "Առավոտի" շահերի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցապահանջը: Լոռու մարզպետարանի իրավաբան Ալիկ Սահակյանն էլ հաստատեց, որ հարցումը ստացվել է, սակայն նշեց, որ էլեկտրոնային հարցումը չի կարող գրավոր հարցում համարվել:

Մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց ԻԱԿ-ն ու «Առավոտ» օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի գործով վճիռը: Դատարանը մերժեց հայցը, քանի որ Լոռու մարզպետարանը վճռի հրապարակումից 1 օր առաջ "Առավոտ" օրաթերթին տրամադրել էր հայցվող ողջ տեղեկատվությունը: Նաև դատարանը գտավ, որ «Առավոտ» օրաթերթի կողմից ՀՀ Լոռու մարզպետին ուղարկված մարզպետարանի ոչ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով էլեկտրոնային տարբերակով ուղարկված հարցմանը չպատասխանելը չի կարող գնահատվել ոչ իրավաչափ:

ԻԱԿ-ն ու «Առավոտ» օրաթերթը ՀՀ վարչական դատարանի վճիռը բողոքարկեցին ՀՀ Վճռաբեկ դատարանում: Սակայն 2010թ. հուլիսի 21-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը մերժեց ԻԱԿ-ի և "Առավոտ" օրաթերթի վճռաբեկ բողոքը:

Այն հիմնավորումները, թե խախտվել են "Առավոտ" օրաթերթի նյութական և դատավարական իրավունքները, վճռաբեկ դատարանը չընդունեց: Վճռաբեկ բողոքում նաև նշվել էր, որ ՀՀ վարչական դատարանը չի պարզել, թե երբվանից են գործել մարզպետարանի կողմից պաշտոնապես ճանաչված էլեկտրոնային փոստի հասցեները: Նաև վարչական դատարանը հանգել էր հետևյալ եզրակացության, թե "Մարզպետարանի կայքում տեղադրված էլեկտրոնային փոստի հասցեն պաշտոնական չէ": Ավելին, վարչական դատարանը չէր գնահատել նաև ՏԱ մասին օրենքով պահանջվող 5-օրյա ժամկետում պատասխանն ուղարկելու ժամկետի խախտման հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել էր, որ դատական սխալ տեղի չի ունեցել, որ հիմնավորված չէ նյութական և դատավարական իրավունքի խախտման առկայությունը, որը ազդել է գործի ելքի վրա:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին