Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
“Աքիլլես” ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Ոստիկանության
23.12.2003
2003թ. մայիսի 13-ին “Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն” ՀԿ-ն դիմել էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` խնդրելով հայտնել, թե ՀՀ կառավարության ո՞ր որոշմամբ կամ նորմատիվ ակտով է նախատեսված տրանսպորտային միջոցների վերագրանցման ժամանակ պետհամարանիշների փոխարինումը:
Նույն թվականի օգոստոսի 26-ին կազմակերպությունը ստանում է ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության պետ Ի. Իշխանյանի պատասխանը, որտեղ ասվում է, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: Իսկ “Ոստիկանության մասին” ՀՀ օրենքով, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրական այլ ակտերով Ոստիկանությունը կազմակերպության պահանջով լիազորված չէ տեղեկատվություն տրամադրել:
2003թ. հոկտեմբերի 20-ին “Աքիլլես” ՀԿ-ն դիմում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` խնդրելով պատասխանողին` ՀՀ ոստիկանությանը, պարտավորեցնել գրավոր հայտնել կազմակերպության պահանջած տեղեկատվությունը, ինչպես նաեւ պատասխանողից հօգուտ “Աքիլլես” ՀԿ-ի բռնագանձել 3000 դրամի չափով վճարված պետական տուրքի գումարը:
2003թ. նոյեմբերի 28-ին Ոստիկանության պետավտոտեսչության վարչության պետը դատարանին է ներկայացնում իր առարկությունները: “Աքիլլես” ՀԿ-ի պահանջները համարելով անհիմն` վարչության պետ Ի. Իշխանյանը մասնավորապես պատճառաբանում է, թե “ՏԱ մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների տրամադրման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի բացակայության պատճառով Ոստիկանությունը չի կարող տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:
2003թ. դեկտեմբերի 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր Գ. Կարախանյան) մերժեց “Աքիլլես” կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության` հիմնավորելով նրանով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի` ՀՀ ոստիկանությունը հասարակական կազմակերպությանը տեղեկատվություն տալու լիազորությամբ օժտված չէ: