Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
22. ԻԱԿ-ն ընդդեմ "Օրինաց երկիր" կուսակցության
03.09.2009
1. 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճեն, որը կպարունակի
“Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի 28 հոդվածի 3-րդ մասով նախատեսված
ողջ տեղեկատվությունը:
2. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավել
արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:
Սա կրկնակի հարցում էր, քանի որ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանից խնդրել էր տրամադրել վերոնշյալ տեղեկությունները դեռևս 2009թ.-ի ապրիլի 21-ին: Ի պատասխան՝ ԻԱԿ-ը ստացել էր թերի և ժամկետների խախտմամբ պատասխան: Ուստի ԻԱԿ-ը դիմեց դատարան:
2009թ.-ի սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գ. Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ “Օրինաց Երկիր” կուսակցության:
Դատական նիստի ժամանակ դատավորը` որպես ապացույց, պետռեգիստրից պահանջեց ՕԵԿ-ի ֆինանսական հաշվետվության օրինակը, ինչի հետևանքով էլ դատական նիստը հետաձգվեց:
2009թ.-ի հոկտեմբերի 22-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն ընդդեմ “Օրինաց Երկիր” կուսակցության դատական գործով վերջին նիստը: Նիստի ժամանակ հրապարակվեց դատարանի վճիռը:
Դատարանը վճռեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ “Օրինաց Երկիր” կուսակցության մերժել: Դատարանի վերլուծությամբ` եթե Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրեն ուղարկված տեղեկատվությունը համարել է ոչ լիարժեք, ապա կարող էր գրավոր դիմումով հայտնել “Օրինաց Երկիր” կուսակցությանը, իսկ եթե վերջինս անվճար չտրամադրեր ճշգրտված տվյալներ, ապա այդ դեպքում նոր խախտված կլիներ ՏԱ մասին ՀՀ օրենքի պահանջը:
Ինչ վերաբերում է նվիրատվություններին, ապա հաշվետվությունների բլանկում նվիրատվությունների աղբյուրների մասին գրառում չլինելու հանգամանքը վկայում է դրանց բացակայության մասին, քանի որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 31.03.2005թ.-ի թիվ 39-Ն հրամանի` հաշվետվության բլանկի համապատասխան սյունում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրը նշվում է միայն նման աղբյուրի առկայության դեպքում: Սրանից հետևում է, որ ԻԱԿ-ը պարտավոր էր տեղյակ լիներ Արդարադատության նախարարի հրամանի մասին, վերլուծեր հաշվետվությունը և ինքնուրույն վերհաներ իր հարցման երկրորդ հարցի պատասխանը:
Սակայն, հաշվետվությունը վերաբերում էր միայն 2008թ.-ին, իսկ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել նվիրատվությունների աղբյուրը՝ առանց տարեթիվ նշելու: Այս առումով դատարանը համարել է, որ ԻԱԿ-ի երկրորդ հարցը առաջին հարցի տրամաբանական շարունակությունն է և նույնպես վերաբերում է 2008թ.-ին, այնինչ, իրականում դա ինքնուրույն հարց է և չի վերաբերում միայն 2008 թվականին:
Ամեն դեպքում` դատարանը գտել է, որ ԻԱԿ-ին տրամադրվել է լիարժեք և սպառիչ տեղեկատվություն: