Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
20. ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի
31.07.2009
2008թ.-ի դեկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնին էին դիմել Փարաքար համայնքի բնակիչներ Սեդա Ղազարյանը եւ Արմեն Ներսիսյանը` բողոքելով, որ Փարաքարի գյուղապետն իրենց տեղեկատվություն չի տրամադրում:
ԻԱԿ-ը դեկտեմբերի 12-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Փարաքարի գյուղապետին, որի մեջ ներառել էր գյուղի բնակիչների պատասխան չստացված հարցերը, որոնք էին.
1. Փարաքար գյուղի Մեքենագործների փող. 1-ին շենքի մոտով անցնող մայր առվի ձախ ափին, ճանապարհին կից տարածքում գտնվող 250-260քմ հողամասը ներառվա՞ծ է արդյոք ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
2. Եթե այո, խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ հիմքով եւ պատճառով,
3. Եթե ոչ, խնդրում ենք հայտնել այդ մասին:
2009թ.-ի հունվարի 10-ին գյուղապետից ստացված պատասխանը թերի էր: Հետեւաբար, ԻԱԿ-ը դիմել էր դատարան, որպեսզի դատական կարգով ամբողջական եւ սպառիչ պատասխան ստանա համայնքապետից: Հուլիսի 30-ին ՀՀ վարչական դատարանում (դատավոր Ա. Ծատուրյան) քննվեց ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետի եւ գյուղապետարանի գործը:
Գյուղապետը դատարանում պարզաբանեց, որ ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը սպառիչ չի պատասխանել գործնականում անհնար լինելու պատճառով: Քանի որ հողի սեփականության իրավունքով չփոխանցվող ցանկն իր մեջ ներառում է այն հողային զանգվածները, որի վերաբերյալ կառավարության հատուկ որոշումներ են ընդունված, ուստի Փարաքարի գյուղապետարանը ԻԱԿ-ի պահանջած տեղեկատվությունը տրամադրելու համար պետք է ունենա հիշատակվող հողատարածքի արգելքների վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումը:
Օգոստոսի 13-ին ՀՀ վարչական դատարանը վճռեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի մերժել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը դեռեւս չի հաստատել համապատասխան ծրագիրը, որի մեջ ընդգրկվելու են ԻԱԿ-ին հետաքրքրող հողամասին առնչվող տեղեկությունները:
15.09.2009թ. ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանի վճիռը բողոքարկեց վճռաբեկության կարգով` նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով: ՀՀ վճռաբեկ դատարանը 2010թ.-ի մարտի 12-ին ԻԱԿ-ի բողոքն ամբողջությամբ բավարարեց եւ գործն ուղարկեց նոր քննության:
2010թ. մայիսի 31-ին ՀՀ վարչական դատարանը, նույն գործը երկրորդ անգամ քննելով, ի վերջո բավարարեց ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի ԻԱԿ-ի հայցը:
Դատարանը վճռեց ոչ իրավաչափ ճանաչել ԻԱԿ-ի հարցմանը ոչ պատշաճ պատասխանելուն ուղղված ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի գործողությունները, ինչպես նաեւ պարտավորեցնել Փարաքարի գյուղապետարանին տրամադրել ԻԱԿ-ի հարցման պատասխանը: Փարաքարի գյուղապետարանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի վճիռը ՀՀ վճռաբեկ դատարան: 2010թ.-ի օգոստոսի 18-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել Փարաքարի գյուղապետարանի բողոքը եւ ուժի մեջ թողնել ԻԱԿ-ի օգտին ՀՀ Վարչական դատարանի կայացրած վճիռը: