Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

Քաղաքացի Ա. Զեյնալյանն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի

13.02.2009

2008թ.-ի օգոստոսի 4-ին ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղղել ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին` խնդրելով 2008թ.-ի օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում անցկացված զանգվածային հրապարակային միջոցառման եւ դրան հաջորդած երթի վերաբերյալ տեղեկատվություն: Սակայն, ՀՀ ԿԱ ԱԱԾ-ից պատասխան չի ստացել:

Ուստի, Ա. Զեյնալյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելու պահանջների մասին:

Գործի քննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչն ընդունեց հայցը` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջի մասով` միեւնույն ժամանակ նշելով, որ տեղեկատվություն ստանալու հարցմանը միանգամից պատասխանել հնարավոր չի եղել, “քանի որ առաջադրված հարցադրումները լրացուցիչ ուսումնասիրման կարիք են ունեցել”: Համապատասխան աշխատանքները կատարելուց հետո` օգոստոսի 27-ին, Ա. Զեյնալյանի հարցմանը պատասխան տրվել է:

ՀՀ վարչական դատարանը, ուսումնասիրելով գործում առկա բոլոր փաստերը, 2009թ.-ի հունվարի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ վճռեց Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջի մասին, բավարարել, ճանաչել Ա. Զեյնալյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը: Ա. Զեյնալյանի հայցը` ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկատվություն տրամադրելու մասին, կարճել:

Հերթական անգամ դատարանի միջամտությամբ վերականգնվեց քաղաքացու` տեղեկատվության ազատության խախտված իրավունքը:

← Վերադառնալ ցուցակին