Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

Քաղաքացի Ա. Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ Ոստիկանության

05.02.2009

2009 հունվարի 8-ին ՀՀ վարչական դատարանը հերթական անգամ վերականգնեց քաղաքացու տեղեկատվության ազատության խախտված իրավունքը:

ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանը տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել էր ՀՀ ոստիկանությանը` պահանջելով.
1. Տեղեկատվություն տալ` 2008թ.-ի օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում անցկացված զանգվածային հրապարակային միջոցառման եւ դրան հաջորդած երթի ընթացքում հրապարակային միջոցառման մասնակիցները հրահրե՞լ են արդյոք բախումներ ոստիկանության ծառայողների հետ եւ զանգվածային անկարգություններ:
2. եթե այո, ապա` տրամադրել նաեւ այն իրավական ակտի պատճենը, որում արձանագրված է այդ փաստը:

Սակայն, ՀՀ ոստիկանությունը հարցմանը որեւէ պատասխան չի տվել:

2008թ.-ի սեպտեմբերի 1-ին Արտակ Զեյնալյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ԿԱ ոստիկանության` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելու պահանջների մասին: Դատարան դիմելու փաստը ունեցավ վճռական դեր. ոստիկանությունը անմիջապես պատասխանեց քաղաքացու հարցմանը՝ տրամադրելով պահանջվող տեղեկությունները։

Դատաքննության ընթացքում պատասխանող կողմն ամբողջությամբ առարկեց հայցապահանջի դեմ` համարելով այն անհիմն, քանի որ ՀՀ ԿԱ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետի 27.09.2008թ.-ի թիվ 9/2-1044 գրությամբ, այսինքն` ճիշտ է 19 օր ուշացմամբ, բայց պատասխան, այնուամենայնիվ, տրվել է:

Դատաքննության ընթացքում դատարանը եկավ այն եզրահանգման, որ չնայած այն բանին, որ ՀՀ ոստիկանությունը 27.08.2008թ.-ին պատասխանել է Արտակ Զեյնալյանի հարցմանը, այդուհանդերձ դա արել է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ` դրանով իսկ խախտելով Արտակ Զեյնալյանի տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքը:

ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Արգիշտի Ղազարյան) 2009թ.-ի հունվարի 8-ին հրապարակեց վճիռը, որով բավարարեց Ա. Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Դատարանը վճռեց ճանաչել Արտակ Զեյնալյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը:

← Վերադառնալ ցուցակին