Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
Քաղաքացի Ա. Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի
04.02.2009
2008թ.-ի նոյեմբերի 10-ին ՀՀ քաղաքացիներ Արտակ Զեյնալյանը եւ Արայիկ Ղազարյանը ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանին վարչական բողոք են ներկայացրել` ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի 02.09.2008թ.-ի ԴԴ9-46091 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Բողոքի էությունը հետեւյալն է. ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվել է ՎԴ/5445/05/08 գործը, որով կողմեր են հանդիսացել "Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը" և ՀՀ Երեւան քաղաքի քաղաքապետը կամ նրա ներկայացուցիչը: Գործով վեճի առարկան "Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության" 02.09.2008թ.-ի նախատեսած զանգվածային հրապարակային միջոցառումը ՀՀ Երեւան քաղաքի քաղաքապետի կամ նրա ներկայացուցչի կողմից մերժելն է: Այդ գործով դատական նիստը, որպես խաղաղ հավաքների ազատության իրավունքի վեճը քննող նիստ, նշանակվել եւ տեղի է ունեցել հայցը դատարան մուտքագրվելուց հետո` 24 ժամվա ընթացքում: ՀՀ վարչական դատարանը ՎԴ/5445/05/08 գործով դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ որոշում չի կայացրել, դատական նիստի օրվա, ժամի եւ դահլիճի վերաբերյալ տեղեկատվություն փակցված չի եղել վարչական դատարանի շենքի` դրա համար նախատեսված վահանակի վրա և տեղադրված չի եղել վարչական դատարանի ոստկայքում:
29.08.2008թ.-ի Արտակ Զեյնալյանը դիմում է ներկայացրել ՎԴ/5445/05/08 գործով դատավոր Արգիշտի Ղազարյանին, որով խնդրել է` "թույլատրել` հնարավորություն ընձեռել, ծանոթանալու գործի նյութերին": 02.09.2008թ ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարը ԴԴ-9 46091 գրությամբ մերժել է բավարարել դիմողի խնդրանքը` հետևյալ պատճառաբանությամբ` "ՎԴ/5445/05/08 գործով Դուք կողմ չեք հանդիսանում, ուստի չեք կարող ծանոթանալ տվյալ գործի նյութերին":
Սույն վարչական բողոքով, ի թիվս այլ իրավունքների, հայցվոր կողմը ձգտում է պաշտպանելու տեղեկատվություն փնտրելու ազատությունը: Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ չկա որեւէ նորմ, որը կարգելեր ծանոթանալու դռնբաց դատական նիստում հրապարակայնորեն քննված ՎԴ/5445/05/08 գործի նյութերին: ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը, որին հղում է կատարել ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարը, իրավունք է տալիս կողմերին` ծանոթանալ գործի նյութերին եւ որեւէ արգելք չի դնում գործով կողմ չհանդիսացող անձանց գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտելուց հետո գործի նյութերին ծանոթանալու համար: Միեւնույն ժամանակ, դատական նիստի օրվա, ժամի եւ դահլիճի վերաբերյալ տեղեկատվությունը տարածված չի եղել, ուստի` հայցվոր կողմը հնարավորություն չի ունեցել մասնակցելու նշյալ գործի դատաքննությանը: Հետեւաբար, խնդրո առարկա գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն Ա. Զեյնալյանին չընձեռնելը` ոչ իրավաչափ է:
ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշյալ բողոքի վերաբերյալ կայացրել է N02 ԲՎ որոշում, որով ամբողջությամբ բավարարել է Արտակ Զեյնալյանի վարչական բողոքը: ՀՀ վարչական դատարանի նախագահի այդ որոշմամբ անվավեր է ճանաչվել ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի 02.09.2008թ.-ի ԴԴ9-46091 գրությունը` հանձնարարելով ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարին` թույլատրել Արտակ Զեյնալյանին իրացնելու իր` 29.08.2008թ. դիմումով խնդրարկվող իրավունքը:
Սույն որոշմամբ հերթական անգամ դատարանը պաշտպանեց քաղաքացու` տեղեկություն ստանալու իրավունքը: Ինչպես նաեւ կարեւորվեց հրապարակային դատավարության իրավունքը, որը մարդու հիմնարար իրավուքններից է, առանց որոնց անհնար է ժողովրդավարական հասարակարգի կառուցումն ու գոյությունը, որտեղ համընկնում են անկախ եւ անկողմնակալ դատարանի եւ տեղեկացված լինելու իրավունքները: