Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

10. ԻԱԿ-ն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի

04.12.2008

2008թ. հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Արաբկիր թաղային համայնքին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի բնակարան է պատկանում, որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները:
  2. Խնդրում ենք հայտնել այդ բնակարանների հասցեները:
  3. Արաբկիրի թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել սեփականության իրավունքով համայնքին պատկանող վերը նշված բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով:
  4. Խնդրում ենք, ներկայացնել այդ դատական գործերի ելքի մասին տեղեկատվություն (քանի՞սն է բավարարվել, քանիսը` մերժվել):

06.08.2008թ. գրությամբ Արաբկիրի թաղապետարանը մերժել է 1-ին եւ 2-րդ կետով հարցերը` պատճառաբանելով, որ այդ տեղեկատվությանը տնօրինում է համատիրությունը: ԻԱԿ-ը 2008թ. սեպտեմբերին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` Արաբկիր համայնքի ղեկավարի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու պահանջով:

2008թ. դեկտեմբերի 19-ի դատաքննության ժամանակ պատասխանող կողմը հայցն ամբողջությամբ առարկեց` պատճառաբանելով, որ դեռեւս իրենց համայնքում չկա հստակ հաշվառում, այդ իսկ պատճառով էլ իրենք "ոչ թե մերժել են, այլ ընդամենը չեն ունեցել պահանջվող տեղեկությունը": Դատավոր Հովսեփ Բեդեւյանն էլ հստակեցրեց, որ եթե չունեին, պետք է գրավոր պատասխանեին` 0 բնակարան, ՙքանի որ դա եւս տեղեկատվություն է՚:

Արաբկիրի թաղապետի ներկայացուցիչ Գեղամ Կարապետյանը տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարը հանձնարարել է հաշվառել համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանները, եւ շուտով հստակ տեղեկատվություն կունենան եւ պատրաստ լինելուն պես այն կտրամադրվի ԻԱԿ-ին: Դատավոր Հ. Բեդեւյանն էլ նկատեց, որ “դատաքննությունը ունեցավ դրական քայլ. համայնքը սկսեց հաշվառում իրականացնել”: Նաեւ զարմանք արտահայտեց, որ համայնքն այդ գործը սկսում է 10 տարի ուշացումով:

Դեկտեմբերի 30-ին կայացած նիստում ՀՀ Վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի` պարտավորեցնելով թաղապետարանին 5-օրյա ժամկետում տրամադրել մերժված տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել 4000 դրամ վճարված պետական տուրքը:

Արաբկիրի թաղապետարանը ԻԱԿ-ի հարցմանը լիարժեք պատասխան տվեց: Սակայն 4000 դրամ պետական տուրքի գումարը թաղապետարանն այնքան ուշացրեց, որ ԻԱԿ-ը ստիպված այն ստացավ հարկադիր կատարման ծառայության օգնությամբ` վճռի հրապարակումից 6 ամիս անց:

 


 

← Վերադառնալ ցուցակին